Հռոմի Բենեդիկտոս XVI պապը մտադիր է միչեւ Սբ. Ծննդյան տոնը երաժշտական դիսկ թողարկել: Այդ մասին հուլիսի 31-ին հայտնել է «Guardian» թերթը՝ հղում անելով «Geffen Records» ձայնագրային ընկերությանը:
Ալբոմը կկոչվի «Alma Mater»: Սբ. Մարիամին նվիրված եւ հովվապետի իտալերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն կատարմամբ կրոնական երգերից բացի, ձայնասկավառակում կընդգրկվեն բրիտանական, իտալական եւ հարավաֆրիկյան արդի ստեղծագործություններ:
«Այդ երաժշտության գեղեցկությունը պետք է ապշեցնի ունկնդիրներին: Զարմացնում է թե երաժշտության որակը եւ թե բազմակողմանիությունը», – մեջբերում է թերթը ստուդիայի մենեջեր Ռիկարդո Ֆերնանդեսի խոսքերը:
Ստեղծագործությունների անուններն առայժմ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ դրանք մասամբ ձայնագրվել են Արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ «Բիթլսների» ժամանակվանից հայտնի «Abey Road» ստուդիայի կողմից:
Ձայնասկավառակը վաճառքի դուրս կգա նոյեմբերի 30-ին, իսկ դրանից վաստակած գումարները «Geffen Records» ընկերությունը նախատեսում է մասամբ օգտագործել աղքատ երեխաներին երաժշտություն սովորեցնելու նպատակով: Նախկինում այդ ձայնագրային ընկերությունը թողարկել է Էլթոն Ջոնի, Դոննա Սամմերի եւ Guns N’ Roses-ի ձայնասկավառակները: