Սամարայի մարզի արբիտրաժային դատարանը «Հիսուս՝ ժողովրդին» գթասրտության բողոքական առաքելությանը պարտավորեցրել է ազատել որպես եկեղեցի հարմարեցված Սամարայի «Վիմպել» կինոթատրոնի շենքը:
Ըստ պայմանագրի՝ կնքված գույքի տնօրինման գծով քաղաքային վարչության եւ գթասրտության առաքելության ղեկավարի միջեւ, շենքն անցել էր հատուցման ենթակա ժամանակավոր օգտագործման մինչեւ 1996 թ. դեկտեմբերի 31-ը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ռելիգիա» պորտալը՝ հղում անելով Սամարայի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:
«Մինչդեռ վարձակալողները, առանց սեփականատիրոջ համաձայնության, իրականացրել են շենքի վերակառուցում՝ հարմարեցնելով այն եկեղեցու: Սամարայի գույքի տնօրինման դեպարտամենտը բացահայտել է հողատարածքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի բացակայությունը, երկրորդ հարկի ինքնակամ կցակառուցումը:
Նաեւ պարզվել է, որ ոչ բնակելի այդ շենքում մարդիկ են ապրում, իսկ շենքն օգտագործելիս խախտվում են հրդեհային անվտանգության կանոնները:
Վարձակալողները բաց են թողել վճարման ժամկետը, ինչը, ըստ կարգի՝ հանգեցրել է պայմանագրի ինքնաբերաբար դադարեցմանը: 2002թ. վերջին վարձակալման պարտքը կազմել է ավելի քան 82 հազար ռուբլի, գումարած ավելի քան 200 հազար ռուբլի տուգանք՝ ժամանակին չարված վճարի համար: Սակայն համայնքը հրաժարվել է հոժարակամ ազատել շենքը»,- նշել է մամուլի ծառայությունը:
Սամարայի վարչակազմը դիմել է շրջանի արբիտրաժային դատարան՝ պահանջելով բռնագանձել պարտքի գումարը եւ վտարել անբարեխիղճ վարձակալողներին: Արբիտրաժային դատարանը վճռել է լուծարել գույքի տնօրինման դեպարտամենտի եւ համայնքի պայմագիրը եւ ազատել շենքը: