Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆՄԽԻԹԱՐ Է

Օգոստոս 15,2009 00:00

Վրաստանի հայաբնակ շրջաններում մամուլը ինքնաքննադատվում է եւ ձեռնպահ մնում քննադատական նյութեր հրապարակելուց:

Ջավախքում աշխատում է երեք հեռուստաընկերություն, մեկ ռադիոկայան փակվել է, մյուսը՝ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Կան մի քանի թերթեր. մեկը՝ լրատվական-տեղեկատվական, մյուսները՝ գրական կամ կիսագրական: Առաջին լրատվամիջոցներից մեկը, որ առայսօր գործում է Ախալքալաքում՝ «Ջավախք» հեռուստաընկերությունն է: «Գոյություն ունենք 1979 թվականից, բայց առայսօր արտոնագիր չունենք: Մեր գոյության առաջին օրվանից ֆինանսավորում չի եղել: Աշխատում ենք էնտուզիազմով: Առաջ եթերային շատ ժամանակ ունեինք: Հիմա հիմնականում՝ գովազդ է»,- ասաց «Ջավախք» հեռուստաընկերության տնօրեն Ռուդիկ Ավետիսյանը: Նրա խոսքով, հեռուստաընկերության եթերում եղել են եւ երիտասարդական, եւ տեղեկատվական ծրագրեր, լուսաբանել են համայնքապետարանի գործունեությունը: Այսօր հեռուստաընկերությունում աշխատում է հինգ մարդ: Տնօրենի խոսքով, «Ջավախքի» վարկն ու հեղինակությունն այսօր բարձր մակարդակի վրա չէ, այն պատճառով, որ պրոֆեսիոնալներ չկան: Մյուս կողմից 80-100 լարի՝ 60-70 ԱՄՆ դոլար աշխատավարձը ընդունելի չէ պրոֆեսիոնալ լրագրողի համար: Ռուդիկ Ավետիսյանը կարծում է, որ հեռուստաընկերության աշխատանքի վրա բացասական ազդեցություն է ունենում քաղաքն ինքը՝ փոքր Ախալքալաքում «տարածվելու» տեղ չկա: «Տեղական իշխանությունների կողմից ճնշումներ չեն նկատվել: Կարող ենք ցանկացած թեմայով սյուժե անել: Բայց մի շարք «բայցեր» կան եւ մենք չենք կարող շրջանցել դրանք: «Բայցերից» մեկն էլ քաղաքի փոքրությունն է՝ բոլորը իրար ճանաչում են»,- ասաց Ռուդիկ Ավետիսյանը:

Մյուս հեռուստաընկերությունը՝ ATB12, ստեղծվել է 2001 թվականին: ATB12-ը արտոնագիր ունի, բայց չունի հարմար շենքային պայմաններ: Շենքը, ուր այս պահին գտնվում է հեռուստաընկերությունը, կիսաքանդ-կիսավեր վիճակում է: ATB12-ը շուտով հեռանալու է այս շենքից: «Տարածքի համար վարձ չենք տալիս, արդեն 3-4 տարի այստեղ ենք: Սա Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռաիսյանի մասնավոր սեփականությունն է: Նա մեզ անվարձահատույց այս տարածքը հատկացրեց, բայց ստիպված հեռանալու ենք, քանի որ այս շենքում է տեղակայվելու «Ցոդնա» համալսարանը»,- պատմում է ATB12 հեռուստաընկերության տնօրեն Վալիկ Կթոյանը: Նրա խոսքով, հեռուստաընկերության խնդիրները մեկ պատճառ ունեն՝ ֆինանսական միջոցների սղություն: «Առաջին խնդիրը՝ փողը քիչ է: Գովազդները քիչ են, իսկ ֆինանսավորումը կախված է գովազդներից: Մեր հեռուստաընկերությունը ինքնաֆինանսավորմամբ է աշխատում: Տեղական իշխանությունը մեզ 15 հազար լարի է տալիս, որ թարգմանենք «Մոամբե» լրատվական ծրագիրը»,- ասում է Վալիկ Կթոյանը: Իսկ ժամանակին, երբ ATB12 հեռուստաընկերությունը ֆինանսավորվում էր «Ինտերնյուզի» կողմից, բացի «Օբյեկտիվ» լրատվական ծրագրից, ուներ նաեւ զվարճալի, ժամանցային ծրագրեր: Իսկ այսօր ATB12-ը միայն նորություններ է ցուցադրում:

Ախալքալաքի բնակչուհի Կարինե Հակոբյանի կարծիքով, ավելի լավ է դիտել ոչ տեղական հեռուստաընկերությունները: «Ոչ հաճախ եմ դիտում մեր հեռուստաընկերությունները: Դրանք հիմնականում գովազդում են տեղական իշխանություններին: Երբեմն, բայց շատ հազվադեպ լինում են ոչ շատ գովազդային սյուժեներ: Բայց երկրորդ օրը վերականգնվում են՝ գովազդ ցույց տալիս»,- պատմում է Կարինե Հակոբյանը: ATB12 հեռուստաընկերության տնօրեն Վալիկ Կթոյանը հեռուստադիտողի կարծիքը այսպես է մեկնաբանում. «Ժամանակին ինչ-որ բացասական բան ցույց տվեցինք, ինչին հետեւեց տեղական իշխանությունների անհապաղ ռեակցիան: Դրա համար էլ մենք միայն դրականն ենք ցույց տալիս»:

Նինոծմինդայում 1990 թվականից աշխատում է «Փարվանա» հեռուստաընկերությունը: Սկզբում կազմակերպությունը այլ անուն ուներ՝ DKN ընկերություն, հետո վերանվանվեց «Փարվանա» հասարակական կազմակերպություն: «Փարվանան» օրական վեց ժամ է եթերում, լրատվական ծրագիրը՝ օրական երեք թողարկում: Գրանտային ծրագրով շաբաթական 5 ծրագիր է եթեր հեռարձակվում՝ բժշկական, իրավական, հարցազրույց ուղիղ եթերում, շաբաթական վերլուծություն եւ «Հաջողություն Ջավախքին» զվարճալի ծրագիրը: Կա նաեւ շաբաթը հինգ անգամ եթերում հայտնվող SMS-շոու զվարճալի ծրագիրը: «Քաղաքականությամբ հաճախ չենք զբաղվում: Մենք հստակ սոցիալ-տնտեսական ուղղվածություն ունենք՝ սոցիալական հարցերն ենք լուսաբանում: Մենք նաեւ ապահովում ենք «Մոամբե» ծրագրի համաժամանակյա թարգմանությունը: Առաջ դա գրանտային ծրագիր էր, հիմա տեղական իշխանությունը ֆինանսավորում է այդ հաղորդումը շաբաթական վեց օր: Թարգմանության համար ամսական 2000 լարի ենք ստանում: Թարգմանության վրա աշխատում է հինգ մարդ՝ երեք թարգմանիչ, երկու տեխնիկական սպասարկող»,- ասում է «Փարվանա» հեռուստաընկերության տնօրեն Կոնստանտին Վարդանյանը: «Փարվանան» հեռարձակվում է ողջ Նինոծմինդայում եւ Ախալքալաքի մոտ 40 տոկոսում: «Փարվանան» ունի արտոնագիր, չունի ֆինանսական խնդիրներ, «Փարվանայում» աշխատում է 21 մարդ: «Պետությունը իմ հեռուստաընկերությանը ոչ մի գրոշ չի տալիս, քանի որ մենք հասարակական կազմակերպություն ենք: Նրանք մեզ ֆինանսավորելու իրավունք չունեն: Բացի մեր հեռուստաընկերությունից, մենք վերահեռարձակում ենք եւս երեք հեռուստաընկերություն՝ «Հ1», «Միր» եւ Վրաստանի առաջին ալիք: Սրա ծախսած էլեկտրաէներգիայի եւ նորոգման համար վճարում է կառավարությունը»,- ասաց Կոնստանտին Վարդանյանը եւ հավելեց, որ տեղական իշխանություններից ճնշումներ չի զգացել, բայց պարզաբանումներ երբեմն լինում են: «Եթե հեռուստաընկերությունը նորություններում ներկայացնում է ամբողջական, երկկողմանի սյուժե, ապա ճնշում չի կարող լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե լրագրողը ինչպես կմատուցի սյուժեն: Եթե ռեպորտաժը միակողմանի է, ապա անպայման ճնշումներ կլինեն եւ ոչ միայն տեղական իշխանություններից, այլ նաեւ ցանկացած քաղաքացուց»,- կարծում է «Փարվանայի» տնօրենը:

Նինոծմինդայի բնակչությունը ուրախ է, որ տեղական հեռուստաընկերություն կա: Կարինե Հովհաննիսյանը հաճույքով է նայում տեղական հեռուստաընկերություն: «Ես շատ գոհ եմ, նորություններ եմ իմանում: Մեր հեռուստաընկերությունը «թեժ գիծ» ունի, որը պատասխանում է շատուշատ հարցերի»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը: Ոմանք կարծում են, որ հեռուստաընկերությունը միակողմանի է: Նինոծմինդայում շատերն են համամիտ Ալեքսան Անանիկյանի հետ: «Տեղական իշխանությունների անունից են խոսում: Միշտ միայն դրականն են ցույց տալիս՝ անկախ նրանից, դա ճի՞շտ է, թե՞ ոչ»,- ասում է Ալեքսան Անանիկյանը:

2006 թվականից BBC-ի ծրագրով եւ Եվրահանձնաժողովի ու «Այրեքսի» ֆինանսավորմամբ Նինոծմինդայում գործում էր հանրային ռադիո: Այսօր հանրային ռադիոն լռում է: «Այս պահին մենք խնդիր ունենք, ֆինանսավորումը դադարեցված է, մենք չենք կարող տեղեկություններ հավաքել եւ տարածել: Ծրագիրը, որով Եվրահանձնաժողովը մեզ ֆինանսավորում էր՝ ավարտվել է մարտի 1-ին»,- պատմում է հանրային ռադիոյի ղեկավար Արարատ Թթղյանը: Սակայն ֆինանսավորման բացակայությունն ու ֆինանսական ճգնաժամը Նինոծմինդայի հանրային ռադիոյի միակ խնդիրը չեն: «Մենք Թբիլիսիում գործող Ռե ստուդիայի հաշվեկշռում ենք: Մեր խնդիրն այն է, որ առայսօր չենք կարողանում արտոնագիր ստանալ: Մեզ ասում են, թե բոլոր փաստաթղթերը կարգին են, սպասեք արտոնագիրը կլինի: Բայց սպասում ենք արդեն երրորդ տարին: Այսօր մենք ունենք 5 աշխատող, ժամանակին տասն էին»,- ասում է Թթղյանը:

Միայն մեկ՝ տեղեկատվական թերթից, Ջավախքի մնացած թերթերը անկանոն են լույս տեսնում եւ խառը բովանդակություն ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել