Թուրք հասարակությունը եւ մամուլը շարունակում են հետեւել երգիչ, երգահան Արամ Տիգրանի հետմահու դեգերումներին: Քանի որ Անկարայից համապատասխան թույլտվությունը դեռեւս չկա, ընտանիքը որոշել է աճյունը տեղափոխել Բրյուսել, ուր բնակվում են Արամ Տիգրանի երկու արու զավակները: Ըստ հավաստի տվյալների, աճյունը Աթենքի «Օլիմպիկ» օդանավակայանից օգոստոսի 13-ին, օրվա երկրորդ կեսին ինքնաթիռով տեղափոխվել է Բրյուսել: Սակայն ընտանիքի անդամները պատրաստ էին անգամ Բրյուսելից աճյունը տեղափոխել Դիարբեքիր, եթե Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դրական արձագանքեր ընտանիքի խնդրանքին: Օգոստոսի 14-ին Արամ Տիգրանի աճյունը հողին հանձնվեց Բրյուսելում: Այդ արարողությանը մասնակցելու եւ Բրյուսելից Արամ Տիգրանի շիրիմից մի բուռ հող բերելու նպատակով Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը նույնպես Բելգիա է մեկնել: Մյուս կողմից, օգոստոսի 12-ին Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում, ուր արդեն պատրաստ էր Արամ Տիգրանի գերեզմանը, կատարվել է սգո արարողություն: Գերեզմանին կատարված արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետը, որը քրդական երգեր երգելուց հետո հայտարարել է, որ ինքը դեռեւս հավատում է քաղաքական գործիչների իմաստնությանն ու անկեղծությանը՝ Արամ Տիգրանի աճյունը Դիարաբեքիր տեղափոխելու առումով: Այս առիթով իր ցավակցական ուղերձն է հղել նաեւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը:
Ամեն դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում` այս ջուրը դեռ երկար կհոսի: Տիգրանակերտ -Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում առկա է Արամ Տիգրանի գերեզմանը եւ շիրիմաքարը: Վստահ եմ, որ նրա երկրպագուները մշտապես կայցելեն այդ գերեզմանին եւ այն միշտ խնամված կլինի: