Հայաստանը կսկսի ինտեգրվել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին, հենց որ Թուրքիայի հետ սահմանը բացվի: Նման կարծիք է հրապարակել ամերիկյան «Washington Times»-ը:
Թերթի «Հայաստանը կարող է շահել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից» հրապարակման մեջ նշված է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ կարեւոր տարանցիկ երկիր էներգակիրների փոխադրման համար: Ելք ունենալով դեպի ծով՝ Հայաստանն առեւտրի մեծ հնարավորություն կստանա Միջերկրական եւ Սեւ ծովերի նավահանգիստներով: Ինչպես նաեւ, հայ-թուրքական սահմանի բացումով կնվազի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանով տարանցումից, այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:
Հոդվածի հեղինակի կարծիքով, Թուրքիայի հետ «մրրկային» հարաբերություններին զուգընթաց, Հայաստանում գոյություն ունեն նաեւ ներքաղաքական խոչընդոտներ՝ Արեւմուտքի հետ կապերի ամրապնդման համար: Որպես օրինակ «Washington Times»-ը հիշատակում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի հունիսի 10-ի որոշումը՝ գյուղական ճանապարհների հետագա կառուցման եւ վերականգնման համար Հայաստանին ֆինանսական օգնության դադարեցման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այդ որոշման առնչությամբ կազմակերպության գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր, թե «այդ քայլի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի կառավարության վրա, որի գործողություններն անհամատեղելի էին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի չափանիշների հետ»: