Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալ առաջնության գավաթը՝ հայերին

Օգոստոս 15,2009 00:00

Իսկ ադրբեջանցիներին զայրացրել են արցախյան ծագումով թիմերը

Հուլիսի 24-26-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացած ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունում Ադրբեջանի հավաքականն իր թիմն անվանակոչել է «Զանգեզուր»: Երեկ այս մասին ՀՀ ԿԳ նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը:

Հարավային Կովկասի 11-րդ առաջնությունում, որին մասնակցել է 47 թիմ, Հայաստանի հավաքականը նվաճել է առաջնության գավաթը:

Տ. Քոչարյանի խոսքերով, մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ է եղել. «Մասնակցում էր 3 պետություն՝ Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք ներկայացել էինք 5 թիմով՝ «Հայեր-Քաշաթաղ», «Վարանդա», «Հայաստան», «Սենատորներ» եւ «Պերեզագրուզկա», Վրաստանը՝ 28 թիմով, Ադրբեջանն էլ՝ 14: Ցավոք, այս տարի Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը չկարողացավ մասնակցել, ինչը, իհարկե, ունեցավ իր ազդեցությունն ընդհանուր արդյունքի վրա»:

Տ. Քոչարյանի փոխանցմամբ, առաջնությունը կազմակերպվել է 4 հիմնական մրցաշարերով. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Սեփական խաղ» եւ «Էրուդիտ-սեկստետ». «Երեք հանրապետությունների հավաքականների պայքարում «Էրուդիտ-սեկստետ» մրցաշարում մեր հավաքականը հաղթող ճանաչվեց: Իսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում էլ երեւանյան «Պերեզագրուզկա» թիմը Ադրբեջանի «Զանգեզուր» թիմի հետ կիսեց երկրորդ տեղը: Իրականում սա այնքան էլ լավ արդյունք չէ, համեմատած անցյալ տարվա հետ, երբ մենք նվաճեցինք 3 ոսկի՝ 4 մրցաշարից»:

Ինտելեկտուալ խաղերի մասնակից Արա Ավետիսյանի ձեւակերպմամբ, անհաջող «ելույթը» պայմանավորված էր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով. «Ադրբեջանի կողմից կար մեծ ճնշում, թշնամական վերաբերմունք: Դա խիստ կապ ուներ հայկական 5 թիմերից երկուսի՝ Արցախից լինելու հետ, Ստեփանակերտի «Վարանդա» եւ Բերձորի «Հայեր-Քաշաթաղ» թիմերը հանդես էին գալիս հայկական դրոշի ներքո: Վերջինիս անվանման շուրջ որոշակի խնդիր եղավ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Խնդիրները գալիս են դեռ անցյալ տարվանից, երբ «Հայեր-Քաշաթաղ» թիմը մասնակցեց առաջնությանը: Այդ ժամանակ ադրբեջանցիք երեւի չնկատեցին «Քաշաթաղ» անվանումը: Այս տարի՝ առաջնությունից երեք ամիս առաջ, երբ արդեն ուղարկել էինք մասնակցության հայտերը, խաղի կազմակերպիչները նամակ ուղարկեցին «Հայեր-Քաշաթաղ» թիմին, խնդրելով հանել «Քաշաթաղ» անվանումը, քանի որ դա կարող էր բողոքներ առաջացնել հակառակ կողմում: Խորհրդակցելուց հետո մերժողական պատասխան ուղարկեցինք, քանի որ դա աբսուրդ էր. եթե մենք սկսեինք անվանումների ետեւից ընկնել, բողոքների տարափ կուղարկեին հակառակ կողմին: Ցավոք, պատմությունը շարունակություն ունեցավ. առաջնության հենց սկզբից ինձ մոտեցավ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը եւ եւս մեկ անգամ պահանջեց «Քաշաթաղ» անունը հանել: Մերժում ստանալուց հետո ասաց՝ եթե մենք մեր թիմն անվանենք «Զանգեզուր», չե՞ք նեղանա, ասացինք՝ ոչ, քանի որ դա նույնպես Հայաստանին է պատկանում»:

Թե ինչով էր պայմանավորված հարեւան պետությունների մասնակիցների մեծ քանակը, Ա. Ավետիսյանը մեկնաբանեց այսպես. «Թե Վրաստանում, թե Ադրբեջանում, բացի պետական աջակցությունից, նաեւ մասնավոր սեկտորն է մեծ ուշադրություն դարձնում այդ շարժմանը: Մենք, փաստորեն, ներկայումս ունենք միայն պետական աջակցություն: Կցանկանայինք մասնավոր սեկտորի ուշադրությունը հրավիրել ինտելեկտուալ խաղերին, ինչպես նրանք վարվում են սպորտի եւ մյուս բնագավառների պարագայում»:

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ըստ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ինտելեկտուալ խաղերին աջակցություն ցուցաբերվում է դեռեւս 2004 թվականից. «Իսկ արդեն անցյալ տարվանից Հայաստանում ինտելեկտուալ շարժումը աջակցություն ստանում է կառավարական մակարդակով: Այս տարվա ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Երեւանի բաց առաջնությունը, Գյումրիում առաջին անգամ կայացած Հայաստանի առաջնությունը եւ այլն»: Ըստ Ա. Աշոտյանի, ինտելեկտուալ խաղերը նշանակալի դեր ունեն ոչ միայն երկրի ներքին կյանքում, այլեւ որպես երկրի PR, երկրի կերպի արտաքին աշխարհին ներկայանալու միջոց. «Այն հասարակությունը, որը հռչակել է իր գերակա ուղղությունը՝ ինտելեկտը եւ ինտելեկտահեն տնտեսությունն ու հասարակությունը, պետք է էլ ավելի ուշադիր լինի գիտակ, կիրթ, համապատասխան ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող մարդկանց միջոցով հասարակության ներսում գիտելիքի արժեքը վերադարձնելու խնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել