Քննիչը պատասխանել է մահացածի հարազատներին
Հուլիսի 11-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Խորենացի խաչմերուկից 10 մետր դեպի թունելի հատված՝ տեղի է ունենում վրաերթ: 6 օր հետո «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այդպես էլ գիտակցության չգալով՝ մահանում է 30 տարին չբոլորած Անդրանիկ Արթենյանը: Ի՞նչ է տեղի ունեցել: Մահացածի հայրը պատմում է, որ հուլիսի 11-ին Անդրանիկ Արթենյանը մտադիր էր վերանորոգել ժամացույցի ճաքած ապակին: Նրան ասել էին, որ ճաքած ապակիով ժամացույց կրելը լավ նշան չէ: Հաջորդ օրը Անդրանիկը պետք է մեկներ Մոսկվա: Նա իր մեքենան կայանում է կրկեսի մոտ եւ ոտքով գնում մոտակայքում գտնվող ժամագործի մոտ: Հենց փողոցն անցնելիս էլ մեքենան հարվածում է նրան: Դեպքին ականատես են լինում Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի հանրահայտ դերասաններ, ամուսիններ Տիգրան Ներսիսյանը եւ Նելլի Խերանյանը: Վերջինս երկար ժամանակ եղել է շոկային վիճակում: Տիգրանը Անդրանիկի հորը հետագայում պատմում է, որ հարվածող մեքենան արտասահմանյան մակնիշի էր՝ արծաթագույն, բայց մակնիշը դժվարանում է մտաբերել: Տիգրանը պատմում է, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայից կտորներ են պոկվել: Այս փաստի հանդեպ ընթերցողը պետք է ուշադիր լինի: Քննչական մարմինը դեպքի վայրում այդպես էլ չի հայտնաբերում այդ կտորները: Անդրանիկը «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվում տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում, որտեղ էլ, ինչպես նշեցինք, մահանում է՝ այդպես էլ գիտակցության չգալով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային քննությունների բաժնի քննիչ, ոստիկանության կապիտան Արգիշտի Տոնոյանը: Քննությունն արդեն մի շարք մտահոգություններ է հարուցել Անդրանիկ Արթենյանի հարազատների շրջանում: Բանն այն է, որ քննիչը պարտավոր էր օպերատիվորեն իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել վթարված ավտոմեքենայի՝ դեպքի վայրում թափված կտորները, ճշտել, թե ճանապարհային ոստիկանության ո՞ր տեսուչն է առաջին պահին եղել դեպքի վայրում, ապա ռադիոկապով տեղեկացրել, որ վրաերթի ենթարկելուց հետո մեքենան փախուստի է դիմել Խանջյան փողոցի ուղղությամբ: Անդրանիկի հայրը պատմում է, որ Տիգրան Ներսիսյանը վրաերթից անմիջապես հետո փորձել է արգելել վթարի վայրում այլ ավտոմեքենաների տեղաշարժը՝ մինչեւ ոստիկանության ժամանումը: Իսկ ոստիկանության ժամանումից հետո օրենքի սպասարկուները պարտավոր էին տեղազննում իրականացնել՝ հավաքելով բոլոր հանցանշանները, մինչդեռ քննիչը մահացածի հարազատներին ասում է, որ վրաերթի ենթարկած մեքենայի կտորներ տարածքում չկան, «չգիտենք, թե ով է տարել եւ ինչ է եղել»: Քննիչը, ըստ հարազատների, ենթադրել է, որ վրաերթի ենթարկած վարորդն է վերադարձել եւ հավաքել իր մեքենայի մասերը՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով: Մինչդեռ դեպքին ականատես այլ մարդիկ, որոնք կանգնած են եղել հայտնի Ֆայլաբազարում, հարազատներին պատմել են, որ հարվածելուց հետո մեքենան ոչ միայն չի արգելակել ընթացքը, այլեւ ավելի է արագացրել: Հարազատները քննիչին ասել են, որ նման դեպքերում ոստիկանությունը հանցագործության բացահայտման համար իր պաշտոնաթերթում կամ «02» հաղորդաշարով հայտարարություն է տալիս, ինչին քննիչը պատասխանում է, որ ինքը չգիտի, թե դա ինչպես է արվում՝ «մի հատ կոլեգաներիս հարցնեմ, թե էդիկ ինչխ է արվում»: Եվ ամենակարեւորը՝ մինչեւ հիմա քննիչը Անդրանիկ Արթենյանի հարազատներից որեւէ մեկին այս գործով տուժողի իրավահաջորդ չի ճանաչել: Երբ հայրը փորձել է քննիչ Արգիշտի Տոնոյանից ճշտել, թե ինչո՞ւ այս մեկ ամսվա ընթացքում իրենք չեն ճանաչվել իբրեւ տուժողի իրավահաջորդ, քննիչը պատասխանել է. «Մտածում էի, որ սգի մեջ եք, դրա ժամանակը չի»: Ի դեպ, հարազատները քննիչին տեղեկացրել են, որ տեղեկություն ունեն, որ վրաերթը կատարվել է «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, այդ մասին հարազատներին նույն Ֆայլաբազարում կանգնող մարդիկ են հայտնել: Իսկ թե քանի «Ֆոլցվագեն-Գոլֆ» կա հանրապետությունում, քննիչ Տոնոյանը Արթենյանի հարազատների հարցին ի պատասխան ասել է՝ «հազարից ավելի, կամաց-կամաց կստուգենք»: Վերջում ավելացնենք, որ Անդրանիկ Արթենյանի հարազատները մտադիր են դիմել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս գործն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար:
Հ. Գ. «Առավոտի» հարցումից հետո քննիչ Ա. Տոնոյանը իրավահաջորդ ճանաչեց Անդրանիկի հորը՝ Մկրտիչ Արթենյանին: