«Մինչեւ տարեվերջ կենսաթոշակների ուշացման դեպքեր չեն արձանագրվի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
Նրա խոսքով, թեեւ տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողել երկրի տնտեսության եւ բյուջետային մուտքերի վրա, բայց դրա հետեւանքով մինչ օրս կենսաթոշակների ուշացման դեպքեր չեն արձանագրվել: «Մեր թոշակառուները, ինչպես ստացել, անպես էլ կշարունակեն ժամանակին ստանալ իրենց թոշակները»,- ասաց Վ. Խաչիկյանը: Ըստ նրա, հաջորդ տարվա ընթացքում կենսաթոշակների նվազում կամ ուշացումներ չեն լինի: Իսկ 2010 թվականին Հայաստանում կենսաթոշակների բարձրացում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, Վ. Խաչիկյանը դժվարացավ պատասխանել:
Պարոն Խաչիկյանի ներկայացմամբ, հաջորդ տարի նախատեսվող կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի հնարավոր հետաձգումը միայն տնտեսական ճգնաժամով պայմանավորված չէ. ծրագրի մեկ տարով հետաձգման պատճառը նաեւ առաջիկայում արտասահմանցի ու հայ փորձագետների համատեղ քննարկումներն ու հաշվարկներն են, որից հետո նոր միայն ծրագիրը կներկայացվի կառավարությանը:
Տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազուրկների թիվն այս տարի 5 հազարով աճել է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր հաշվառված է 100 հազար գործազուրկ: Ճգնաժամի հետեւանքով անկում է արձանագրվել նաեւ սոցիալական ապահովության վճարների հետ կապված։ Անդրադառնալով թոշակառուների՝ սպառողական ապրանքների գնաճի բողոքներին, Խաչիկյանն ասաց, որ այս տարի գների աճը նախատեսվածից պակաս է արձանագրվել: «Եթե համեմատենք թոշակների աճը գնաճի հետ, ապա մեծ տարբերություն կտեսնենք. այս տարի թոշակների աճը գնաճից բարձր է եղել, իսկ վերջին երկու տարիների ընթացքում թոշակները աճել են շուրջ երկու անգամ, իսկ այդ ընթացքում գնաճ երկու անգամ տեղի չի ունեցել»,-ասաց Վազգեն Խաչիկյանը:
Վ. Խաչիկյանի հավաստմամբ, համաշխարհային մասշտաբով ճգնաժամի ազդեցությունից ամենաշատը հենց կենսաթոշակային համակարգն է վնասներ կրել. արտերկրում այդ համակարգի կորուստները հասնում են տրիլիոնների. «Միայն ԱՄՆ-ում կորուստը կազմել է 1,5 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ի կորուստների պատճառը կուտակային հիմնադրամների առկայությունն է: Հայաստանը, բարեբախտաբար, այդ ոլորտում կորուստներ չունի, քանի որ մեզ մոտ մուտքերն ու ծախսերը հավասարակշռված են եւ մենք չունենք կուտակային բաժնետոմսեր»,- ասաց Վ. Խաչիկյանը: