Արաքսյա Հովսեփյանը ավանդը ստանալուց 10 օր առաջ մահացել է, ինչի պատճառով հարազատներն էլ չեն կարող այն ստանալ:
Ավանդների փոխհատուցման ծրագրի գործընթացն ինչ սկսել է՝ բազմաթիվ ավանդատուների կողմից դժգոհություններ են լինում: Մեկ՝ «Փարոսի» նպաստառուների ցուցակում չընդգրկված 70-ն անց ծերերն են դժգոհում, որ չեն ապրի այնքան, մինչեւ իրենց էլ հերթ հասնի, մեկ էլ՝ ցուցակում ընդգրկված, բայց արդեն մահացածների ժառանգներն են բողոքում, որ չեն ստանում իրենց ծնողների՝ տարիներով կուտակած գումարը:
Օրերս «Առավոտին» էր դիմել Արաքսյա Հովսեփյանի որդին՝ Ռուբենը: Նրա ներկայացմամբ, թեեւ մայրն ընդգրկված է եղել ավանդների փոխհատուցման ցուցակում, սակայն այդպես էլ չի հասցրել փոխհատուցումը ստանալ: Ա. Հովսեփյանի որդու պատմելով՝ «Երբ նպաստը բաժանող կինը եկավ մեր տուն, իր հետ բերել էր նաեւ 260 հազար դրամ: Դա մորս ավանդն էր, որին անհամբեր սպասում էր: Երբ սոցապի աշխատակիցն իմացավ, որ մայրս մի քանի օր առաջ մահացել է, չտվեց այդ գումարը: Նա պատճառաբանեց, որ եթե մահացել է, այլեւս ավանդը չեն կարող տրամադրել: Դա մեզ, իհարկե, շատ զարմացրեց, քանի որ հստակ գիտեինք, որ մայրս փոխհատուցման ցուցակներում եղել է»: Բանն այն է, որ Ա. Հովսեփյանն ընդգրկված է եղել ավանդների փոխհատուցման 2009 թվականի հուլիս ամսվա ցուցակներում, սակայն մահացել է հունիսի 28-ին:
Տիկին Արաքսյայի հարազատները փորձել են պարզել, ի վերջո, կարո՞ղ են ստանալ այդ փոխհատուցումը, թե՞ ոչ. «Դի-մել ենք տարբեր տեղեր: Սոցապի մի աշխատող ասում է՝ կարող ենք ստանալ այդ փոխհատուցումը, մի քանի օր հետո մեկ այլ աշխատակից վստահեցնում է, որ չենք կարող: Իսկ իրավաբանն էլ ասում է, թե ժառանգությունը ձեւակերպելուց հետո կարող ենք դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ու ստանալ ավանդը»:
Ա. Հովսեփյանի հարազատները զարմացած են. «Եթե «Փարոսի» աշխատակիցը գումարը ձեռքը եկել էր, որ հանձներ, այսինքն՝ այդ գումարն արդեն դուրս գրված է եղել, ուրեմն կարո՞ղ էին, չէ՞, վերջապես տալ: Բայց ինչ-որ պատճառաբանություններ են բերում, միայն թե ժողովրդին ավելի գումար չտան: Ախր մայրս իր արդար քրտինքով էր վաստակել գումարը, տարիների ընթացքում նեղ օրվա համար հավաքել, ու հիմա էլ անիմաստ պատճառաբանություններ են ասում, ինչ է թե՝ խեղճ կինը 10 օր ավելի չապրեց»:
«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է «Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցմանը: Մասնավորապես՝ «70-ն անց ոչ նպաստառուներն անտեսվել են» հրապարակման մեջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցրել էր, որ եթե ավանդատուն ներառված է փոխհատուցման վճարման ցուցակում, այսինքն, եթե ամսի 20-ի վճարման ցուցակում կա, բայց մահացել է, ասենք, ամսի 21-ին, ապա այս դեպքում ավանդատուի ժառանգները կարող են ստանալ փոխհատուցումը: Մեր այս հրապարակումից հետո Արաքսյա Հովսեփյանի հարազատները կրկին փորձել են դիմել նախարարություն, ճշտելու՝ կարո՞ղ են ստանալ փոխհատուցումը, սակայն նրանց վստահեցրել են, որ իրենց դեպքում ավանդը չի փոխհատուցվելու: Թե ի՞նչն է դրա պատճառը, «Առավոտին» նախարարությունից այսպես պարզաբանեցին. «Խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման մասին կառավարության թիվ 352-Ն որոշման 31 կետն ասում է. «Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով»: Այսինքն, եթե ավանդատուն մահացել է, ապա ավանդն այլեւս չի վճարվելու: Մեր այն հարցին, որ Ա. Հովսեփյանի ավանդը՝ 260 հազար դրամ գումարն արդեն տուն էին բերել վճարելու համար, ի՞նչն է պատճառը, որ այսօր հրաժարվում են վճարել, նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Արաքսյա Հովսեփյանը ավանդատուների ցուցակում ներգրավված է եղել հուլիս ամսին, սակայն մահացել է հունիսին, իսկ վճարման ցուցակը կազմվել է հուլիսին, որպեսզի նույն ամսում էլ վճարում կատարվեր, այ, եթե տիկին Արաքսյան մահանար հենց հուլիսին, ապա փոխհատուցումը հարազատները կստանային: Սակայն, քանի որ մահացածի հարազատները տեղյակ չեն պահել մահվան մասին, ցուցակ կազմողները նրան էլ են ընդգրկել փոխհատուցման համար»: Իսկ ե՞րբ կարող են մահացածների հարազատները ստանալ ավանդների փոխհատուցումը հարցին՝ նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Երբ վերջանա փոխհատուցման ծրագիրը, եւ գուցե պետբյուջեի հնարավորությունները ներեն, եւ սկսվի ոչ թե փոխհատուցման, այլ ավանդների վերադարձման ծրագիր, ապա այդ դեպքում ավանդները կվերադարձվեն ժառանգներին»:
Նշենք, որ 2006-ից սկսած, ավանդի փոխհատուցման ցուցակում ընդգրկված է շուրջ 62 հազար քաղաքացի, ընդ որում՝ այս տարիների ընթացքում, մինչեւ 2009 թվականի օգոստոսի 1-ը, փոխհատուցում է ստացել 23,583 մարդ: Ավանդների այս տարվա փոխհատուցումը վճարելու համար պետբյուջեից նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 600 մլն դրամ: