Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ՏԱԳՆԱՊԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Օգոստոս 15,2009 00:00

«Հայաստանը երբեք քաջություն չունեցավ խոստովանելու, որ հաղթած պետություն է: Եթե այդ զգացողությունն արտահայտված լիներ նաեւ վարքում, ապա բանակցային գործընթացն ամբողջովին ուրիշ ուղիով կընթանար», ըստ լրատվական գործակալությունների, երեկ «Նովոստի-Արմենիա» կենտրոնում, խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին, ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա կարծում է, որ եթե մինչ օրս հայերն այդ քաջությունը չեն ունեցել, ապա հիմա արդեն դժվար կլինի դա անել:

Նա ցավում եւ զարմանում է, որ ադրբեջանահայ փախստականության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք չի եղել:

Այս համատեքստում տիկին Խառատյանին մտահոգում է այն, որ բանակցային գործընթացում վերջին շրջանում խոսվում է փախստականների մասին, բայց չի բարձրաձայնվում, թե իրականում ովքե՞ր պետք է վերադառնան. «Այսքանը նույնիսկ բավական է ասել, որ այս անորոշ եւ տարտամ վիճակում ես շատ վստահ չեմ, որ հնարավոր կլինի նույնիսկ միջին օբյեկտիվության հասնող միջազգային դիտորդական առաքելություն ունենալ այդ վերադարձը կազմակերպելու կամ տեղում ստուգելու համար: Ես սկսում եմ մտածել՝ ինչո՞ւ մեր արտաքին քաղաքականության օրակարգում չեն ներառվում այդպիսի կարեւորագույն խնդիրներ, եւ սրանք իմ մեջ առաջացնում են շատ լուրջ տագնապի զգացողություն, որ, ընդհանրապես, այս ամբողջ գործընթացը մի քիչ անլուրջ է ընթանում»: Հայ-թուրքական սահմանի բացման առիթով էլ տիկին Խառատյանն իրեն թույլ է տվել չհամաձայնել մի շարք մասնագետների այն կարծիքի հետ, որ դրան հայ եւ թուրք հասարակությունները պատրաստ չեն: Նա այս պահին դեմ է սահմանի բացմանը, քանի որ՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողությունների բռնկման դեպքում Թուրքիայի բացած ճանապարհով 50-60 հազար փախստական կարող է ներգաղթել Հայաստան, եւ այդ ժամանակ մեր երկրում «լյումպենացված կոռումպացվածությունը, անբարոյականությունն ու բարոյազրկումն է՛լ ավելի կաճեն»: Ավելին, ազգագրագետը չի բացառում, որ այդ ճանապարհը կարող է օգտագործվել եւ հայերի, եւ քրդերի դեմ. «Ի՞նչ մի դժվար բան է մի քանի քրդական հարձակումներ կազմակերպել հայկական բեռների վրա, եւ «խեղճ» Թուրքիան հարայհրոց դնի աշխարհում, որ տեսե՜ք՝ երկու կողմից էլ ես այսպես տառապում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել