Ասել է թե՝ հանցակազմ չկա
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարել է, թե մեկ տարի առաջ իր եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քր. գործի նախաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մայիս ամսին Ուրիխանյանը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում հարձակվել էր իրավապաշտպանի վրա եւ կրակել էր իր մոտ եղած 9 մմ տրամաչափի «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակից: Փաստի առիթով խուլիգանության մեղադրանքով քր. գործ էր հարուցվել: Նախաքննությունը, ըստ Մ. Դանիելյանի, ավարտվել եւ քր. գործն էլ կարճվել է, որովհետեւ նախաքննական մարմինը եկել է այն եզրակացության, որ երկու կողմերն էլ անմեղ են. նրանք ընդամենը ինքնապաշտպանվել են, ուստի նրանց արարքներում հանցակազմ չկա: Նախաքննական մարմնի այս որոշումը իրավապաշտպանը որակել է որպես աբսուրդի թատրոն. «Պարզվում է, որ ես ինքնապաշտպանվում էի, բայց Ուրիխանյանը վատ էր տեսնում եւ նա էլ ինքնապաշտպանվում էր իմ ինքնապաշտպանությունից: Եվ քանի որ չկա հանրապետության օրենսգրքում այդպիսի հոդված՝ ինքնապաշտպանվել ինքնապաշտպանությունից, գործը կարճվել է»: Ի դեպ, իրավապաշտպանը այս գործի առնչությամբ պատկան մարմիններին արդեն 2 բողոք է ներկայացրել:
Երեկվա ասուլիսում Մ. Դանիելյանը, ով ի պաշտոնե զբաղվում է նաեւ հայկական բանակում տեղի ունեցած հանցագործություններով, անդրադարձել է մասնավորապես բանակի ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի սպանության գործին: Իհարկե, պաշտոնական կողմը պնդում է, որ Օհանջանյանը ոչ թե սպանվել, այլ՝ հոսանքահարվել է: Այս պնդման հետ համաձայն չեն ո՛չ Տիգրանի հարազատները, ո՛չ իրավապաշտպանը: Վերջիններս վստահ են, որ Տիգրանին ծեծելով են սպանել: Այս գործով Գավառում ընթացող դատական պրոցեսը, իրավապաշտպանի ասելով, ընթանում է լուրջ խախտումներով: «Այնքան լուրջ, որ պատկերացրեք՝ Տիգրանի ծնողները պահանջել են արտաշիրմում կատարել: Հավատացեք, հեշտ չի ծնողների համար նման որոշում կայացնելը, բայց նրանք ուզում են գտնել իրենց որդու սպանողներին»,- ասել է Մ. Դանիելյանը: Դատարանը այդ միջնորդության հիման վրա դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանին: Վերջինս դատավորին պատասխանել էր, թե «դատաբժշկական փորձագիտական կենտրոնը չի կարող հանդես գալ արտաշիրմամբ՝ որպես առաջատար հիմնարկ, քանի որ լրատվամիջոցները, հայտնի է, բազմիցս անվստահություն են հայտնել մեր կենտրոնին»: Սա այն դեպքում, երբ Շոթայի գլխավորած այս հիմնարկը միակն է, որ կարող է պաշտոնապես փորձագիտական եզրակացություն տալ: Այսուհանդերձ, սպանված զինծառայողի ծնողների պահանջով արտաշիրմում իրականացնելը հետաձգվել է մի քանի օրով՝ հենց նրանց խնդրանքով, Տիգրանի հոր վատառողջության պատճառով: Մ. Դանիելյանը, սակայն, լրագրողներին է փոխանցել սրան հաջորդած մի արտառոց փաստ. մինչ արտաշիրմումը հետաձգվել է, սպանվածի մայրն այցելել է որդու գերեզմանին եւ հայտնաբերել, որ այնտեղ են նաեւ դատախազներ ու քննիչներ, որոնք պատրաստվում էին, առանց տուժող կողմի, թաքուն դիակը հանել: «Մենք պատկերացնում ենք, որ նրանք ցանկանում էին դիակը գողանալ՝ գուցե վախենալով, թե կպարզվի, որ դիակի ատամները չկան, իսկ էլեկտրահարումից ատամները չեն թափվում»,- պարզաբանել է իրավապաշտպանը:
Նա նաեւ հայտարարել է, թե մարդիկ չեն վստահում բանակին, որովհետեւ, իրավապաշտպանի ձեւակերպմամբ՝ այնտեղ իսկական «բարդակ» է տիրում, քրեական «օրենքներ» են գործում: «Տպավորություն կա, որ բանակը ստեղծվել է քաղաքական հարցեր լուծելու համար»,- ասել է Մ. Դանիելյանը: Նա միաժամանակ նկատել է, որ ՀՀ բանակում տիրող ապօրինությունները սկսվում են այն պահից, երբ հայ զինվորին տանում են ծառայելու իր երկրից դուրս, օրինակ՝ Քելբաջար. «Հետո նրան այնտեղ սպանում են, եւ քանի որ Քելբաջարում դատարան չկա, բերում են Հայաստան, ինչը օրինական չէ: Այստեղից սկսվում եւ շարունակվում է ապօրինությունների շղթան»: