«Մարտի 1»-ի հանձնաժողովում ընդամ ենը «գալոչկա» են դնում
Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում մինի խորհրդակցություն է եղել, ինչպես հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, քննարկելու համար հանձնաժողովի կողմից սեպտեմբերին ԱԺ-ին ներկայացվելիք զեկույցի եզրակացության կառուցվածքի հարցը: Այն, ի դեպ, քննարկվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցությամբ, այլ՝ շատ նեղ շրջանակում՝ Սամվել Նիկոյան, Արծվիկ Մինասյան ու Արտյուշա Շահբազյան:
Հայտնի է, որ արդեն քանի ամիս խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, այսպես ասած, լիագումար նիստեր չի արել: Այս ընթացքում Փաստահավաք խումբը հասցրել է լուծարվել՝ իր ութամսյա գործունեության արդյունքում ձեռք բերած նյութերը, տեսանյութերը, նաեւ մեկ պատրաստի զեկույցը փոխանցելով ժամանակավոր հանձնաժողովին, եւս երկու զեկույց հրապարակել են Խմբի արդեն նախկին եւ ընդդիմադիր անդամները: «Առավոտը» պարոն Մինասյանից հետաքրքրվեց՝ հանձնաժողովի անդամներն ու մասնավորապես ինքը՝ անձամբ, ծանո՞թ են, ուսումնասիրե՞լ են իրենց փոխանցված նյութերն ու հրապարակված զեկույցները եւ ինչպե՞ս են դրանք գնահատում: Ա. Մինասյանը միայն իր անունից ասաց, թե ծանոթ է զեկույցներից միայն մեկին, որը վերաբերում էր հատուկ միջոցների կիրառմանը, այն էլ ոչ թե հանձնաժողովին փոխանցվածն է կարդացել, այլ՝ մամուլում հրապարակվածը: Նրա գնահատմամբ, «այդտեղ կրկնակի սխալ է թույլ տրված: Նախ՝ ոստիկանությունը իրավունք չուներ հատուկ միջոցներ կիրառելիս առաջնորդվելու ուժը կորցրած իրավական ակտով, երկրորդ՝ Փաստահավաք խումբն էլ իրավունք չուներ ուժը կորցրած իրավական ակտի դրույթները հիմք ընդունելով՝ փորձել այդ մասով ներկայացնել ոստիկանության վարքագիծը: Իրականում այդ միջոցները որպես հատուկ միջոցներ կիրառելու իրավունք չկար: Այլ բան, որ դա դիտարկվեր որպես հարմարանք կամ ինչ-որ գործիք, տվյալ պահին որպես անհրաժեշտ պաշտպանության կամ այլ նպատակով գործադրելու համար»:
Պարոն Մինասյանի հետ զրույցից մենք ավելի կարեւոր հետեւության հանգեցինք, այն է՝ հանձնաժողովի անդամները տեղեկատվության լիակատար մեկուսացման մեջ են: Նրանք չեն տիրապետում Փաստահավաք խմբի կողմից իրենց հանձնաժողովին փոխանցված մեծածավալ նյութերին, տեսանյութերին, չգիտեն, թե դրանք ի՞նչ են պարունակում, չեն ծանոթացել եւ, թերեւս, ցանկություն էլ չունեն, մանավանդ որ, ինչպես վերեւում ասել էր պարոն Մինասյանը՝ հանձնաժողովում արդեն քննարկում են իրենց զեկույցի եզրակացության կառուցվածքը: Ասել է թե՝ ամեն ինչ արդեն պատրաստ է, ու մնում է միայն կառուցվածքի հարցը որոշել: Այդուհանդերձ, մենք փորձեցինք ճշտել՝ կհասցնե՞ն հանձնաժողովի անդամները մինչեւ սեպտեմբեր, երբ պիտի հրապարակեն իրենց զեկույցը, ծանոթանալ «փաստահավաքի» փոխանցած 2000 էջանոց փաստաթղթերին ու ընդդիմադիրների զեկույցներին: «Ես չգիտեմ, թե Խումբը քանի էջանոց փաստաթուղթ է ներկայացրել, էջերը չեմ հաշվել, բայց այն, ինչն անհրաժեշտ եմ համարում, դրա առնչությամբ կարծիք կհայտնեմ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գոնե ինքը կհասցնի ծանոթանալ դրանց, որովհետեւ «դա բարդ բան չէ, մանավանդ որ արդեն շատ բաների ծանոթ եմ. մեկ տարուց ավելի այդ պրոցեսի մեջ ենք»:
Ձե՞ր մեղքն է, որ դեռ այդ նյութերին ծանոթ չեք, թե՞ հանձնաժողովը չի աշխատել, փաստաթղթերը չի ներկայացրել: Մեր այս հարցին տրված պատասխանից պարզվեց, որ հանձնաժողովը, ըստ Ա. Մինասյանի, լավ էլ աշխատում է եւ «տարբեր ձեւերով»: «Այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից տարբեր գործողություններ են ձեռնարկվել: Այսօր ես իմացա, որ բավականին շատ՝ նաեւ ընթացիկ, գրություններ են ուղարկվել տարբեր գերատեսչություններին, եւ բավականին հարուստ տեղեկատվություն է կուտակվել»,- ասաց հանձնաժողովում դաշնակցության ներկայացուցիչը՝ մատնելով, որ, փաստորեն, հանձնաժողովի գործունեության ողջ ծանրությունը վերջին ամիսներին ընկած է բացառապես Սամվել Նիկոյանի վրա: Նա, պարզվում է, մենակ ուսումնասիրում է կուտակված նյութերն ու զեկույցները, դրանց առնչությամբ այս կամ այն գերատեսչությանը ու պաշտոնյային գրություն ուղարկում, իսկ հանձնաժողովի անդամները դրանք իմանում են դե-ֆակտո: Ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում ե՛ւ Արծվիկ Մինասյանը, ե՛ւ հանձնաժողովի անդամ ՄԱԿ նախագահ Գուգեն Արսենյանը հույս հայտնեցին, որ հանձնաժողովի անդամները կհասցնեն մինչ այդ ծանոթանալ Փաստահավաք խմբի բոլոր զեկույցներին ու ԱԺ հանձնաժողովին փոխանցած 2000-էջանոց նյութերին, ինչը գրեթե անհավանական է դրանք ոչ թե պարզապես աչքի անցկացնելու, այլ լուրջ ուսումնասիրելու եւ վերլուծելու համար: Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովը նախատեսում է իր զեկույցը հրապարակել արդեն սեպտեմբեր ամսին, իսկ դրան մնացել է շուրջ մեկ ամիս:
Հանձնաժողովում առկա այս իրավիճակի մասին երեկ մենք մեկնաբանություն խնդրեցինք Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանից: Վերջինս ասաց, որ եթե հանձնաժողովի անդամները անցած ամիսների ընթացքում իսկապես չեն ծանոթացել Խմբի ղեկավարի կողմից հանձնաժողովին փոխանցված կարեւորագույն փաստերին ու հիմնարար նյութերին, նաեւ հրապարակված զեկույցներին, ապա դա նշանակում է, որ «սկսվել է այդ հիմնարար փաստերը ոչ միայն հանրությունից, այլ նաեւ հանձնաժողովի անդամներից կոծկելու գործընթաց»: «Եթե հանձնաժողովի անդամները, իսկապես, ծանոթ չեն այդ փաստաթղթերին եւ հրապարակված զեկույցներին, նշանակում է՝ Նիկոյանը իրավունք չունի հանձնաժողովի անունից դրանց վերաբերյալ հայտարարություններ ու գնահատականներ հնչեցնելու, բայց դա անում է՝»,- արձանագրեց Ա. Քոչարյանը: Նրա կարծիքով, Նիկոյանը, որը Խմբի ղեկավարից՝ առանց Խմբի մյուս անդամների ներկայության, այդ փաստաթղթերը ստանալու իրավական ու բարոյական իրավունք չուներ, ըստ էության, զրկել է հանձնաժողովի անդամներին դրանց ծանոթանալու հնարավորությունից: Եթե չի զրկել, եւ անդամներն իրենք նման նախաձեռնություն չեն ցուցաբերել, ապա՝ մեղավոր են նաեւ նրանք, որ չեն պնդել եւ չեն ստացել այդ նյութերը: «Իսկ եթե դա այդպես է, նշանակում է, որ նրանք թքած ունեն դրա վրա, եւ իրականում «Մարտի 1»-ը բացահայտելու, վերջնական եւ կարեւորը՝ օբյեկտիվ զեկույց ներկայացնելու նպատակ չունեն: Նշանակում է այն, ինչ անում է այդ հանձնաժողովը, ընդամենը իմիտացիա է, եւ այդ նպատակին է ծառայեցվել նաեւ Փաստահավաք խմբի լուծարումը»: Ա. Քոչարյանը երեկ էլ հայտարարեց, թե Նիկոյանին չի հաջողվի կոծկել որեւէ փաստ: «Մինչ օրս որեւէ մեկը չի կարողացել փաստերով հերքել մեր զեկույցներում եղած փաստերը: Իսկ փաստերը կամ հերքում, կամ՝ հաստատում են, երրորդ տարբերակ գոյություն չունի: Որքան էլ Նիկոյանը դրանք կոծկելու եւ աղավաղելու փորձ անի, միեւնույն է՝ դա ոչ մի լավ բանի չի բերի, դա անհեռանկարային է: Իսկ մենք՝ ես եւ Սեդա Սաֆարյանը, շարունակելու ենք հանդես գալ զեկույցներով մինչեւ վերջին փաստի սպառումը»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Ա. Քոչարյանը: