Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ի ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՆՈՒՄ

Օգոստոս 15,2009 00:00

\"\"Ըստ սոցիալիստների՝ պատճառը տիրող անարդարությունն է

Սոցիալիստական կոնֆերանսի ներկայացուցիչները գտնում են, որ մեր երկրի ռազմավարական անվտանգության հիմնահարցը պետք է լինի արդարությունը: Քանի որ ինֆորմացիոն պատերազմում մեր երկիրը տանուլ է տվել Ադրբեջանին՝ կրելով ագրեսորի պիտակ, կոնֆերանսի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն իրավիճակն անհապաղ շտկելու համար առաջարկում է համախմբել ազգային մտածողություն եւ ազգային պետություն կառուցելու ցանկություն ունեցող հայությանը, համախմբել Սփյուռքը եւ օգտագործել այդ ներուժը: Ասենք, կազմակերպված ակցիաներ իրականացվեն Մեծ ութնյակի երկրներում, տեղի հայ համայնքը ազդեցություն ունենա նրանց ընտրական գործընթացների վրա՝ այդպիսով տվյալ երկրից ստանալով պատմական եւ իրավական արդարության ընդունումը: Նաեւ՝ «Կտրուկ ակտիվացնել Թուրքիային ցեղասպանության ճանաչումը պարտադրելու աշխատանքները: Դա միակ ճանապարհն է, որով կարելի է զսպել Թուրքիայի նկրտումները: Վերադարձնել ԼՂՀ հարցի բանակցությունները ելակետին՝ ազատագրական պայքար էր, պատերազմ եւ հաղթանակ: Ինչը աշխարհն ընդունել էր եւ համապատասխանում էր իրականությանը»: Նա անհրաժեշտ է համարում վերադարձնել նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լիարժեք վստահության դաշտը. «Բոլոր իրավական փաստաթղթերով մենք ռազմավարական գործընկերներ ենք եւ պայմանագրերով ամրագրվածը երկկողմանի պետք է պահպանվի, որպեսզի վստահության դաշտը չվնասվի: Այժմ մենք ունենք «Պետություն» կորպորացիա, որի բաժնետերերին հետաքրքրում է սեփական շահը: Մինչդեռ, Հայաստանում պետք է գերիշխի արդարությունը եւ ազգային շահը: Մեր հարեւանների պարագայում մենք պարզապես դատապարտված ենք ազգային պետություն լինելու, քանի որ հայրենիք փոխել չենք կարող»: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման ադրբեջանական հոխորտանքներին, պարոն Շիրխանյանը հայտարարում է. «Ադրբեջանի դեմ Հայաստանը կարող է ոչ միայն պատերազմել, այլեւ հաղթել, բայց ես այս պահին պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ եմ համարում»:

Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Երվանդ Մանարյանն էլ վրդովվում է. «1,5 տարի է, որ իշխանությունը չի կարողանում գտնել ոստիկանին՝ պետական կառույցի ներկայացուցչին սպանողին, ով, ինչպես իրենք են ներկայացնում, մարտի 1-ին դուրս էր եկել ծառայության՝ կարգ ու կանոն հաստատելու համար: Կամ իրենք են սպսնել, կամ էլ՝ այդքան անշնորhք են: Եթե կա երրորդ տարբերակ, թող ամեն օր լրատվամիջոցներից ժպտացող Սամվել Նիկոյանը ներկայացնի: Սրանից հետո կարո՞ղ ենք պատմական կնճռոտ հարցերի լուծումը վստահել այս իշխանությանը: Մեր պետությունն ու իշխանությունը կանգնած են դեմ առ դեմ, ոչ թե ձեռք-ձեռքի տված են քայլում»: Մեծ դերասանը վրդովված է նաեւ նրանից, որ շուտով լրանալու է հայերիս ողբերգության 100-ամյակը, իսկ մենք պատշաճ չենք կարողացել աշխարհին հարցը ներկայացնել: Ընդամենը երկու դրվագ ունենք՝ Ֆրանց Վերֆելի գիրքը եւ Ատոմ Էգոյանի ֆիլմը: «Սա մեր ամոթն է, իսկ ամոթահար մարդու բողոքը լսելի չէ»,- գտնում է մեր զրուցակիցը:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն էլ նկատում է. «Հայն առանց հացի դիմանում է, բայց առանց արդարության չի դիմանում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարդիկ ոչինչ չունեին, բայց դիմանում էին, որովհետեւ հույս ունեին, իսկ հիմա՝ հաց կա, բայց հույս չկա, ու մարդիկ գերադասում են ամենաստորացուցիչ պայմաններով ապրել օտար երկրում, քան սեփական: Մարդիկ, զգալով, որ այս հայրենիքն օտար է իրենց համար, եւ իշխում են օտարներ, որոնք մազաչափ անգամ կապ չունեն իրենց տեսակի բարձր հատկանիշների, հավատքի եւ մշակույթի հետ, ովքեր եկել են՝ ներսից բռնազավթել են երկիրը եւ արդարադատության անվան տակ անարդարություն հաստատել, արտագաղթեցին ոչ միայն ազատագրված տարածքներից, այլ նաեւ՝ բուն Հայաստանից: Մինչդեռ հայրենիքը հայրենիք է ժողովրդով, քաղաքացիական կեցվածք ունեցող իր քաղաքացիով: Հայրենիքն այսպես են կորցնում: Հետպատերազմյան տարիներին, հայի արյան գնով ձեռք բերված ազատագրված տարածքներում, բնակեցման պետական ծրագրի շրջանակներում, 24-25 հազար մարդ էր բնակեցվել: Բայց մենք դաժան քննադատության էինք ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդ ժամանակվա իշխանավորներին, որ շատ վատ են կազմակերպում այդ տարածքների բնակեցումը, քանի որ գտնում էինք, որ 100 հազարներով պիտի համալրվի տեղի բնակչությունը: 1999թ-ից հետո այդ տարածքներում մնաց ընդամենը 5 հազար մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել