Լրահոս
Օրվա լրահոսը

Աշունը՝ «ReadingFest»-ով

Օգոստոս 14,2009 00:00

Կամ ինչպես ձերբազատվել կեղծ նորարարության եւ սեքսապաթոլոգիկ թեմաների ծանրությունից

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ) աշնանը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կանցկացնեն «ReadingFest» դրամատուրգիական ընթերցումների առաջին փառատոնը: «Առավոտը» հանդիպեց թատերագետ, ԱԹՍՄ-ի նախագահ Արա Խզմալյանի հետ, խնդրելով նախ ներկայացնել իրենց նախաձեռնության նպատակը:

«Չարչրկված մի ճշմարտություն կա՝ դրամատուրգիական երկի կառուցվածքը պայմանավորված է բեմական իրականության առանձնահատկություններով, եւ փաստենք, որ բոլոր տաղանդավոր դրամատուրգները ներսից են ճանաչել թատրոնը, մասնավորաբար՝ դերասանի արվեստը: Օրինակ, Շեքսպիրը, Կորնեյլը, Ռասինը, Չեխովը եւ մյուս երեւելիները ստեղծագործել են՝ նկատի ունենալով իրենց ժամանակի առաջատար արտիստներին ու թատրոնները: Հայերիս դեպքում էլ Սունդուկյանը գրել է՝ աչքի առջեւ ունենալով Գեւորգ Չմշկյանի խաղը, Շիրվանզադեն՝ Հովհաննես Աբելյանինը եւ այլն: Վերադառնալով առաջին մտքիս՝ ասեմ, որ մեզանում բեմական իրականություն կոչվածը հաճախ ընկալվում է տեխնիկական իմաստով՝ գործող անձանց ելումուտ, փոխադարձ ռեպլիկներ եւ այլն: Իրականում խնդիրն ավելի բարդ է: Չխորանալով մասնագիտական խնդիրների մեջ՝ ասեմ միայն, որ փառատոնի գերխնդիրն է քննարկման առարկա դարձնել երկի տեխնիկական մասը, այսինքն՝ դրամատուրգիայի այբուբենը, այնուհետեւ անցնել նյութի բեմականության ու իմաստային խնդիրներին»,- հայտնեց Ա. Խզմալյանը:

Հետաքրքրությանը՝ մեզանում հաճախ «բեմադրվող» դրամատուրգները (Կ. Խոդիկյան, Պ. Զեյթունցյան, Գ. Խանջյան եւ այլք) արդյո՞ք գրելիս նկատի են ունեցել այս կամ այն դերասանին կամ որեւէ թատրոն, մեր զրուցակիցն ասաց, որ հարցի պատասխանը կարող են տալ իրենք՝ դրամատուրգները՝ հավելելով, որ փառատոնը հնարավորություն կընձեռի թատերասեր հանրությանը եւ իրենց՝ մասնագետներին, ճանաչելու այլ դրամատուրգների եւս. «Պարզապես պետք է գրել այնպես, որ, օրինակ՝ հայրենասիրական գաղափարների բեռի տակ չկորչի մարդու խնդիրը կամ կեղծ նորարարության եւ սեքսապաթոլոգիկ թեմաների ծանրությունից չնվազի արվեստի առողջացնող ու ներդաշնակող հատկությունը (հավանաբար նկատի ունի Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», «Արշակ թագավոր», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից» գործերը- Ս.Դ.)»:

Ա. Խզմալյանը հավաստիացրեց, որ ԱԹՍՄ-ն կանի ամեն ինչ, որպեսզի քննարկված եւ հավանության արժանացած պիեսները բեմադրվեն: Հարցին՝ ի վերջո ովքե՞ր են հավանություն տալու այս կամ այն ստեղծագործությանը, թատերագետը պատասխանեց. «Գնահատական ենք ակնկալում նրանցից, ովքեր հետագայում բեմական կյանք են տալու հավանության արժանացած պիեսներին՝ բեմադրիչներ, բեմանկարիչներ, դերասաններ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել