Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶՏՎՈՒՄ ԵՆ

Օգոստոս 14,2009 00:00

\"\"Ջերմուկում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկության հինգերորդ մրցաշարը

Չորրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով մեր ժամանակների ուժեղագույն վարպետներից մեկի՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ:

Տիգրան Պետրոսյանի այս հուշամրցաշարում առայժմ հաղթանակ տանել չի հաջողվում մեր մյուս շախմատիստին՝ Վլադիմիր Հակոբյանին, որը նաեւ չի պարտվում: Նա իր խաղացած բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:

Մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց հունգարացի Պետեր Լեկոն, որին հայ մարզասերները նույնպես յուրային են համարում, քանի որ նա, ինչպես հայտնի է, հայկական ընտանիք է կազմել (Պետերի տիկինը գեղեցկուհի Սոֆին է) ու բացի դա, նրան մարզում է Սոֆիի հայրը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ՝ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Աստիճանաբար «քնից արթնանում է» Ուկրաինայի լավագույն շախմատիստ, հանրահռչակ Վասիլի Իվանչուկը, որը պարտության մատնեց ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւին: Մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջատարների թիվը մեկով պակասեց: 3,0-ական միավորով առջեւում են Լեւոն Արոնյանն ու Պետեր Լեկոն: Նրանց հաջորդում են Վասիլի Իվանչուկն ու Իվան Չեպարինովը՝ 2,5-ական միավոր, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը, Էտյեն Բակրոն, Դմիտրի Յակովենկոն, Ռուստամ Կասիմջանովը, Վլադիմիր Հակոբյանը՝ 2,0-ական, իսկ մրցաշարային աղյուսակը 1,0-ական միավորով եզրափակում են Էռնեստո Ինարկիեւը եւ Գատա Կամսկին:

Երեկ հինգերորդ տուրում զույգեր կազմել էին Ալեքսեեւն ու Լեկոն, Չեպարինովն ու Իվանչուկը, Կամսկին ու Ինարկիեւը, Կասիմջանովն ու Արոնյանը, Գելֆանդն ու Հակոբյանը, Էլյանովն ու Յակովենկոն, Կարյակինն ու Բակրոն:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2010 թվականին Ջերմուկում է կայանալու նաեւ ՖԻԴԵ-ի կանանց «Drand Prix»-ի մրցաշարերից մեկը, որին որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ մասնակցելու է գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Երեկ «Armchess .am» կայքը տեղեկացրել է, որ այդ համաձայնությունը ձեռք են բերել ՖԻԴԵ-ն եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ կանանց «Մեծ մրցանակի» խաղարկությանը, որպես ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի առաջադրած շախմատիստուհի, մասնակցում է նաեւ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Շարունակելով շախմատային թեման, ասենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հավաստմամբ, հարեւան երկիրը պատրաստվում է պետական մակարդակով ամենայն լրջությամբ բանակցել շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ՝ 2010 թվականի երկրորդ կեսին նշանակված հավակնորդների մրցաշարի կազմակերպումը Բաքվին վստահելու շուրջ: Այդ նպատակով Ադրբեջանի սպորտի նախարարությունը եւ շախմատի ֆեդերացիան օգոստոսի վերջերին կամ սեպտեմբերի սկզբին սպասում են ՖԻԴԵ-ի ղեկավարության այցին:

Ադրբեջանը կստանա՞ ՖԻԴԵ-ի համաձայնությունը, հավանականությունը շատ մեծ, բայց նաեւ փոքր էլ չէ: Նրանք դա գնահատում են 60/40 հարաբերակցությամբ: Սակայն այդ դեպքում մտահոգող է այն, որ դրական պատասխանը խիստ կասկածի տակ կդնի գործնականում հավակնորդների մրցաշարի ուղեգիրն ապահոված Լեւոն Արոնյանի մասնակցությունը: Իսկ Լեւոնը դրա համար շատ է չարչարվել: Ճիշտ է, ադրբեջանական մամուլը վստահեցնում է, որ Արոնյանի անվտանգության ապահովումը խնդիր չէ՝ վկայակոչելով Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշների մասնակցությունը նույն Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն, կարծում ենք, որ մեր շախմատի ֆեդերացիան այս խնդիրն աչքաթող չպետք է անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել