Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մետրո մտեք անձրեւանոցով

Օգոստոս 14,2009 00:00

\"\"Անձրեւոտ օրերին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան պետք է անձրեւանոցով մտնել, քանի որ դրամարկղի մոտ առաստաղից անձրեւաջրեր են կաթում: Սակայն ժետոնը գնելուց հետո էլ պետք չէ անձրեւանոցը փակել. շարժասանդուղքով բարձրանալիս անձրեւակաթիլների հետ առաստաղի ծեփն ու գաջն էլ են թափվում ուղեւորների գլխին: Այստեղ անձրեւանոցը կարելի է փակել միայն գնացք նստելուց հետո: Այս կայարանից դեպի Սասունցի Դավթի արձանի ուղղությամբ ձգվող ստորգետնյա միջանցիկ մասով անցնելն էլ գրեթե անհնար է, քանի որ այդ հատվածում արձրեւային օրերին հսկայական ջրակույտեր են առաջանում:

Փորձեցինք լուսանկարել մետրոյի այդ հատվածը, բայց կայարանապետը թույլ չտվեց, պատճառաբանելով, որ մետրոն ստրատեգիական նշանակության հաստատություն է եւ այնտեղ նկարահանում կամ լուսանկարում չի թույլատրվում: Տեղումների ժամանակ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Սախարովի հրապարակ տանող հատվածում էլ են անձրեւաջրերը թափվում ուղեւորների գլխին: Այդ հատվածով անցնելիս թվում է, թե առաստաղը ուր-որ է կփլվի:

Այս առնչությամբ մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Առավոտին» պազաբանեց, որ մետրոյի բոլոր կայարանների կտուրներն անցած տարի վերանորոգվել են. «Ինչ վերաբերում է ներքին հարդարանքներին, ապա նշեմ, որ Եվրոբանկի, Ասիական բանկի եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք բերված համաձայնությամբ, ամենայն հավանականությամբ, այս աշնանը մեզ կտրամադրվի վարկ, որով էլ կվերանորոգեն այդ կայարանները»: Ն. Վարդանյանը վստահեցրեց, որ մեր նշած կայարանների վերանորոգման համար անգամ պատրաստ են նախագծահաշվարկային փաստաթղթերը, գումարը ստանալուց հետո կսկսեն ներքին հարդարման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել