Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Օգոստոս 14,2009 00:00

\"\"Իսկ Վաղուհաս գյուղի բնակիչները դեմ են դրան

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհասի գյուղապետարանը որոշել է գյուղի 100-ամյա գերեզմանոցը քանդել, եւ մոտ 10 օր է բուլդոզերները գերեզմանոցը տակնուվրա են անում: Գյուղապետարանը պատճառաբանում է՝ իբր գերեզմանոցի տեղում ուզում են դպրոց կառուցել: Սակայն, ինչպես վաղուհասցիներն են ասում. «Գյուղում արդեն կա նորմալ պայմաններով գործող դպրոց: Բացի այդ, Վաղուհասում այնքան ազատ տարածքներ կան, որ գյուղապետարանը կարող էր ազատ տարածքներն օգտագործել ու 4 դպրոց կառուցել, այլ ոչ թե հին գերեզմանոցը քանդել»: Գյուղացիներն իրենց այս դիտարկումը նաեւ գյուղապետին են ներկայացրել, ինչին ի պատասխան՝ գյուղապետ Գարեգին Ղարախանյանն ասել է. «Սա ուրիշ դպրոց է լինելու, ժամանակակից՝ լողավազանով եւ այլ հարմարություններով»:

«Առավոտի» հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ գյուղապետի տունը գտնվում է գերեզմանոցի հարեւանությամբ, եւ գյուղապետը որոշել է տան շրջակայքը «բարեկարգել» ու իր աչքից հեռու տանել գերեզմանոցը. «Մահանա՝ դպրոց են սարքում, բայց պետությունից հսկայական գումար է ստացել շինարարության համար: Գերեզմանոցի տարածքում ջրատար խողովակներ չկան, ոչ մի կոմունիկացիա չկա, գյուղապետի տանն էլ այդ ամենը բացակայում է: Դրա համար էլ գյուղապետը որոշել է դպրոց սարքի, դե պետք է, չէ՞, ջրագծեր քաշել դպրոցի համար, ճանապարհներ սարքել, դե, քանի որ իր տունն էլ մոտ է այդ տարածքին, ձեռքի հետ էլ իր համար ճանապարհ կսարքի ու ջրատար խողովակներ կքաշի»:

Նշենք, որ գյուղում կա եւս մեկ գերեզմանոց, սակայն այդ տարածքում այլեւս ազատ տեղ չկա, ուստի գյուղապետարանը թույլատրել էր նոր հանգուցյալներին թաղել այժմ արդեն քանդվող գերեզմանոցի տարածքում: Գյուղի մի քանի ընտանիքներ քանդվող գերեզմանոցի տարածքում հարազատներ ունեն թաղված եւ չեն համաձայնում գերեզմանները տեղափոխել այլ տեղ:

Գյուղապետը վաղուհասցիներին վստահեցրել է, որ նրանք կարող են իրենց հանգուցյալներին թաղել գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գերեզմանոցում: «Մենք նման հնարավորություն չունենք այդքան հեռու տեղում գերեզման սարքելու»,- դժգոհեցին վաղուհասցիները:

Գյուղացիները մի հետաքրքիր դեպք պատմեցին գերեզմանոցի քանդման վերաբերյալ: Ըստ վաղուհասցիների, գերեզմանոցի ամբողջ տարածքի հին շիրմաքարերն ու խաչքարերը ամբողջովին ջարդուփշուր են արել. «Քանի որ Ղարաբաղում ընդունված էր հանգուցյալին թաղելիս նրան պատկանող թանկարժեք զարդերն էլ միասին թաղել, հատկապես ղարաբաղցի կանայք կրում էին արծաթյա զարդեր ու գոտիներ, գերեզմանը քանդող այդ վանդալները շիրիմները փորփրում են՝ հույս ունենալով թանկարժեք զարդ գտնել: Երբ Նախիջեւանի հին գերեզմանները ադրբեջանցիները քանդում էին, հայերը մեծ աղմուկ բարձրացրին, ինչո՞ւ հիմա ոչ ոք ոչինչ չի ասում»:

Դեռեւս 1990-ականների սկզբին գյուղում նոր դպրոց կառուցելու համար որոշում է եղել եւ տարածք է տրամադրվել, սակայն հետագայում, ինչպես գյուղացիներն են ասում, անհայտ պատճառներով տարածքը տրվել է նախկին կոլխոզի նախագահ Նինա Վարդանյանին, որն էլ վերջերս տուն է կառուցել:

Նշենք, որ «Առավոտի» խմբագրությունում են գտնվում շուրջ 100 վաղուհասցիների ստորագրություններ, որով գյուղացիները դեմ են արտահայտվում հին գերեզմանոցի քանդմանը:

Այս առնչությամբ գյուղացիները դիմել են ՀՀ նախագահին եւ վարչապետին: Մեր հարցին, թե ինչո՞ւ ԼՂ պաշտոնյաներին չեն դիմել, գյուղացիներն ասացին. «Բարձրաստիճան պաշտոնյաները կամ արձակուրդ են, կամ էլ գործուղման են մեկնել արտասահման: Մարդ չկա, ո՞ւմ դիմենք: Բացի այդ, գյուղապետն ասել է՝ ես թույլտվություն ունեմ, ում ուզում եք՝ դիմեք»:

«Առավոտի» հետ զրույցում Վաղուհասի գյուղապետ Գարեգին Ղարախանյանն ասաց, որ այն տարածքում, որտեղ պատրաստվում են դպրոց կառուցել, մեծ գերեզմանոց չէ, այլ ընդամենը 3 գերեզման կա, որին ձեռք չեն տալու:

Գյուղապետը համագյուղացիներին խորհուրդ տվեց թաղումները կատարել կողքի գյուղում: Ինչ վերաբերում է նոր դպրոցին, ապա, գյուղապետի փոխանցմամբ, այն կառուցվելու է Համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մեր հարցին՝ գյուղում այլ խնդիրներ չկայի՞ն լուծելու, որ որոշել են դպրոց կառուցել, պարոն Ղարախանյանն ասաց. «Աճող գյուղ է, 240 տեղանոց դպրոց ենք կառուցելու: Հին դպրոցի դասասենյակները շատ փոքր են, ուսուցիչը երբ նստում է իր տեղը՝ մեջքը կպնում է գրատախտակին: Նորը կառուցելուց հետո, հինը մանկապարտեզ կսարքենք»: Մեր հարցին, թե գյուղացիները պնդում են, որ դպրոցի հաշվին նաեւ սեփական տան համար ջրատարներ եւ ճանապարհներ է կառուցելու, գյուղապետը պատասխանեց. «Ես պրոբլեմ չունեմ, կարող եմ առանց ճանապարհի էլ հասնեմ տուն, այդ ամենը ժողովրդի համար եմ անում: Համ էլ խոսք եմ տալիս, հենց դպրոցը կառուցեմ, ես այդտեղից կտեղափոխվեմ ուրիշ տեղ: Եվ եթե ուրիշ հարմար տարածք գտնեն, ես խոստանում եմ այդ ծախսերը թողնել բյուջեին, իմ ծախսերով նորը կառուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել