Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիան կարող է պանթուրքիստական ծրագրեր բարձրացնել»

Օգոստոս 14,2009 00:00

Քաղաքական ուժերը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Ավելի լավ է՝ մեր սահմանները փակ մնան»,- երեկ «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալ եւ ապագա» խորհրդաժողովի ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի ուժը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալը չէ, այլ Հայաստան-Սփյուռք միասնական փոխգործակցությունը: Ուստի «համազգային մարմին» ստեղծելու անհարժեշտություն է տեսնում. «Իշխանությունը պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկի արտասահմանյան գործարարների՝ Հայաստանում ապահով գործելու համար։ Այս երեւույթը, դժբախտաբար, մի քիչ պակասում է»։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ ասում է, որ այսօր թեորեապես պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ. «Թուրքիան փակել է սահմանը, մերժողական քաղաքականություն է վարում եւ շարունակում է ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ»: Վերջինիս համոզմամբ, այսօր Հայաստանի դիվանագիտությունը շատ թույլ է: Հետեւաբար, արեւմտյան ճակատում հաջողության չհասնելով, Թուրքիան կարող է հայացքը շրջել դեպի արեւելք՝ բարձրացնելով պանթուրքիստական ծրագրերը, ինչին դիմակայելը Հայաստանի համար չափազանց բարդ կլինի: Փորձագետը նաեւ գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ ձեռնտու է Ռուսաստանին: Ըստ նրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը ղեկավարում է Ռուսաստանը, ուստի այս հարցն ավելի շատ ռուս-թուրքական հարաբերություններին է առնչվում: ՌԱՀՀ կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով էլ նախ հարկավոր է պարզել հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը: Այն, որ այժմ երկու երկրների իշխանություններն են ցանկանում ինչ-որ բան փոխել՝ փորձագետը հայ-թուրքական հարաբերություններ չի անվանում. «Թուրքիան Հայաստանի հետ բանակցելու ցանկություն չի ունեցել եւ չունի: Գերտերությունները Հայաստանի խնդիրներն օգտագործում են Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար»,- գտնում է Մանվել Սարգսյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «ԱրմԻնֆոյի» թղթակցին ասել է. «Թուրքիան անընդհատ պատճառներ է գտնում Հայաստանի հետ սահմանը չբացելու համար, եւ քիչ հավանական է, որ այն մոտ ժամանակներս բացվի», քանի որ հարցը դիտարկվում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Այդուհանդերձ, Աշոտ Մելքոնյանը համաձայնել է, որ Անկարան կգնա սահմանի խորհրդանշական բացման այն դեպքում, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի հոկտեմբերին պատասխան այցով Թուրքիա մեկնելու հրավերը, քանի որ նաեւ Արեւմուտքն է ճնշում գործադրում Թուրքիայի նկատմամբ սահմանի բացման հարցում: «Թուրքիան հնարավոր է, որ բացի սահմանը, սակայն՝ ժամանակավորապես»,- նշել է Ա.Մելքոնյանը՝ հավելելով, որ դա կլինի հարաբերությունների կարգավորման իմիտացիա:

Նույն թեմայի շրջանակներում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի գծով ղեկավար Կիրո Մանոյանը «ԱրմԻնֆոյին» ասել է, որ «միջկառավարական մակարդակի ձեւաչափով պատմաբանների համատեղ հանձնաժողովի ենթադրյալ ստեղծումն արդեն խոչընդոտ է Ցեղասպանության ճանաչման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել