Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Օգոստոս 14,2009 00:00

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի կարծիքով՝ դրանք մարդկանց օգնում են հավատալու եւ չհիասթափվելու

– Պարոն Սահակյան, ՀԱԿ-ը մարզային հանդիպումների ակտիվ փուլում է, իշխանական ճամբարում գերիշխում են արձակուրդային տրամադրությունները. դրանք ադեկվա՞տ են միմյանց:

– Չէի ասի, որ ՀԱԿ-ի կողմից ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Գոնե ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ունի մարզային, տարածքային ամբողջական կառույցներ, եւ մենք նման ինֆորմացիա չունենք: Իսկ հանդիպումները ես ողջունում եմ, շատ լավ կլինի, որ ոչ միայն ընդդիմությունն, այլ ցանկացած քաղաքական ուժ երբեմն հանդիպումներ ունենա: Ակտիվ հանդիպումները ժողովրդին անհրաժեշտ են: Բայց իշխանությունը՝ ի դեմս կառավարության եւ նրա օղակների, ակտիվ աշխատում է: Նկատելի են նոր ծրագրերը, մոտեցումները, ասելիքները տնտեսության նկատմամբ: Կարծում եմ, որ անօգուտ եւ անարդյունավետ գործոն կլինի, եթե իշխանությունները փորձեն միտինգային տարբերակով ժողովրդին հանդիպել: Իսկ քաղաքական առումով՝ ՀՀԿ-ի կառույցները մշտապես արթուն են, եւ մենք հաղորդակից ենք առկա խնդիրներին:

– Մարզային հանդիպումներում ընդդիմադիրները խոսում են Հայաստանում աշնանը սպասվելիք լուրջ փոփոխությունների մասին: Տեղյա՞կ եք, թե խոսքն ինչի մասին է:

– Դա անընդհատ կրկնվող սցենար է՝ եղանակի փոփոխության հետ միշտ խոսք է գնում այդ մասին: Այլ բան է ցանկությունը, այլ բան է իրական վիճակը: Քաղաքական որեւէ փոփոխություն չի կարող լինել, քանի որ քաղաքական որեւէ այլ թիմ, որն այսօր բավականին հեռանկարային ծրագիր ունենա՝ դաշտում չկա: Իսկ ակտիվացնել հասարակությանը միշտ էլ անհրաժեշտ է, որովհետեւ ժողովրդավարական չափորոշիչների մի բնագավառն էլ դա է, որ թե քաղաքական ուժերը, թե հասարակական կառույցները պետք է կարողանան հաղորդակցվել ժողովրդի հետ եւ գնահատականներ տալ իրավիճակներին: Մանավանդ մեր վիճակում գտնվող պետությունում, որը շրջափակման մեջ է, մարդիկ չպետք է հուսահատվեն. դա կարող է բերել նաեւ հավատի կորստի, ինչի արդյունքում կտուժի պետությունը: Այս համատեքստում ողջունում եմ ընդդիմության՝ ժողովրդի հետ հանդիպելու քայլերը: Մարդիկ թող իրենց տեսակետներին էլ տեղեկանան:

– Որ աշխարհում զարգացումներ են տեղի ունենում եւ կովկասյան տարածաշրջանը կիզակետերից մեկն է՝ ակնհայտ է. որ այդ ամենից Հայաստանը չի կարող անմասն մնալ՝ նույպես ակնհայտ է: Ո՞րն է Ձեր լավատեսության գրավականը:

– Իհարկե, աշխարհի քաղաքական, տնտեսական զարգացումները ազդեցություններ են ունենում յուրաքանչյուր պետության վրա, բայց մենք մի փոքր ավելի նեղ էկրանով ենք նայում այդ ամենին ու երբեմն-երբեմն ֆետիշացնում ենք ընդհանուր գործընթացները՝ կապված եւ ղարաբաղյան խնդրի, եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ: Արագացված պրոցեսներ չկան, ամեն ինչ համընթաց է գնում: Հայաստանյան գլխավոր օրակարգի՝ ԼՂՀ, ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերի առումով, կարծում եմ, լուրջ դիվանագիտական աշխատանք է կատարվում: Կրիտիկական որեւէ պահ չկա, որ այս կամ այն քաղաքական ուժը սրտնեղի կամ մտածի, որ այդ ամենը կվերածվի իշխանությունների հարվածի, եւ աշնանը իշխանությունների փոփոխություններ կլինեն: Իմիջիայլոց, իշխանության փոփոխությունը գաղափարախոսություն չի կարող լինել, դա ընդամենը միջոց է: Մենք ավելի շատ գնահատականները տալիս ենք ծրագրային դրսեւորումներին, քան կոնկրետ գործողություններին, որի տակ գաղափարներ կամ ծրագրեր չկան: Իշխանության գալը կարող է երազանք, միջոց, աշխատատեղ լինել, բայց գլոբալ առումով, այսօրվա իշխանությունները տիրապետում են եւ գաղափարախոսությանը, եւ նպատակներին, եւ այս ճգնաժամային պահերին առավելապես օգտագործում ենք մեզ համար տեսանելի զարգացումների ապահովումը:

– Դուք ակնարկում եք, որ ընդդիմությունը գաղափարազո՞ւրկ է:

– Եթե խոսքը ՀԱԿ-ին է վերաբերվում՝ միացման հիմնական կենտրոնն իշխանափոխությունն է: Դա է պատճառը, որ ԼՂՀ հարցում միասնական տեսակետ մինչ օրս չեն հայտնել. այնտեղ կան ազգայնականներ, լիբերալներ, սոցիալիստներ եւ այլն: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փուլային գործընթացների կողմնակից է՝ նախ Ղարաբաղը որեւէ կարգավիճակում Ադրբեջանի կազմում, հետո՝ կտեսնենք:

– Փորձագետները նշում են, որ մադրիդյան սկզբունքները նույն փուլային տարբերակն են՝ ավելի վատ դրսեւորումներով:

– Մադրիդյան սկզբունքները ՀԱԿ-ի համար ետընթաց են, քանի որ, ինչպես համանախագահներն էլ հայտարարեցին, փուլայինի համեմատությամբ այս տարբերակը ենթադրում է բոլոր խնդիրների միանգամից լուծում: Ավելին, առաջին անգամ խոսքը գնում է ոչ թե Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի կարգավիճակի, այլ հանրաքվեի մասին, որը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Առաջնայինը մեզ համար Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, մնացած հարցերը՝ բանակցելու խնդիր են:

– Բացահայտ խոսվում է 5-6 շրջանների վերադարձի մասին. Դուք դա համարում եք առաջընթա՞ց, այն էլ հաղթող երկրին հարի՞ր:

– ՀՀԿ-ն այդ դիրքորոշումն ունի, բայց ընդդիմության կողմից այն օգտագործվում է հիմնական հարցից ուշադրություն շեղելու համար: Հիմնական հարցը՝ ԼՂՀ կարգավիճակն է, իսկ մարդիկ դա թողած մտածում են՝ ի՞նչ են տալու: Երբ պարզ կլինի Ղարաբաղի կարգավիճակը, դրանից էլ կսերվեն մյուս լուծումները, այդ թվում նաեւ փախստականների վերադարձի, եւ տարածքների հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել