Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԶՎԱԾՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԱԿ-ԻՆ

Օգոստոս 14,2009 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսում փորձում են լուծել նրանց խնդիրները

Հայ ազգային կոնգրեսում ընդամենը այս տարվա հուլիսին ձեւավորված իրավական պաշտպանության հանձնախումբը, որի նպատակն է՝ զբաղվել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիների ապաքաղաքական գործերով, փորձել նրանց իրավական աջակցություն ցուցաբերել, նաեւ ստեղծել ներկայացված բողոքների շտեմարան՝ հետագայում դրանց ընթացք տալու համար եւ այլն, արդեն ամբողջ թափով գործում է: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում շաբաթը երկու օր ֆիքսված ժամերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հանձնախմբի համակարգող, նախկին քաղբանտարկյալ եւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե արդեն քաղաքացիների զգալի հոսք կա: Նրանց մեծ մասը դժգոհում է իր գույքային, աշխատանքային, սեփականության իրավունքի ոտնահարումներից, իրենց նկատմամբ իրականացված անարդարություններից, դատարաններից, դատախազությունից, քաղաքապետարանից, իրավապահ համակարգից: «Ինչպես եւ խոստացել էինք, ամենաարտառոց դեպքերում մենք փորձելու ենք մեր սուղ հնարավորությունների շրջանակում այդ քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերել: Բայց պարզ է, որ Կոնգրեսը նյութական այնքան մեծ հնարավորություններ չունի, որ կարողանա բոլոր այդ քաղաքացիների ոտնահարված իրավունքների լուծմանը դատական եւ այլ ատյաններում հասնել այսօր: Ուստի՝ այդ տեղեկատվությունը մեծ մասամբ, եւ արդեն, կուտակվում է հանձնախմբում՝ հետագայում բոլոր այդ խնդիրներն ու ապօրինությունները օրենսդրական, իրավական դաշտում լուծելու համար»,- ասաց նախկին դատախազը:

Ստացվում է, որ Կոնգրեսը տվյալ դե պքում ստանձնել է պետության գործը, որի պարտքն է պատկան մարմինների միջոցով վերահսկողություն իրականացնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու նկատմամբ: Գ. Ջհանգիրյանը համաձայնեց այս դիտարկմանը՝ վերապահումով. «Հարցն էլ հենց այն է, որ այդ պետական՝ դատական ու իրավապահ մարմինները չեն կատարում իրենց առջեւ դրված խնդիրները: Այդ մարմիններն այսօր, ըստ էության, կաթվածահար վիճակում են ու ճգնաժամ են ապրում, որովհետեւ դարձել են ընդամենը քաղաքական պատվերների իրականացման գործիքներ: Օրենքը եւ օրինականությունը նրանց համար այսօր ստորադասված է «վերեւից» եկող հրահանգներին, ուստի՝ այս դժգոհություններն ու բողոքները, անարդարությունները նրանք չեն կարող լուծել, թեեւ ֆորմալ առումով կոչված են հենց դրան: Իհարկե, եթե պետական այդ մարմիններն իրենց բոլոր լիազորությունները լիարժեք իրականացնեին, եթե մեր իրավապահ ու դատական համակարգը գործեր արդարության եւ օրինականության սկզբունքով, մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցեր չէինք տանի կամ քիչ կտանեինք»: Գ. Ջհանգիրյանը այս համատեքստում փաստեց, որ ՀՀ-ում վերաքննիչ դատական ատյանները, օրինակ, 100-ից ավելի քաղբանտարկյալների գործերով, 1-2 բացառությունները չհաշված, որեւէ փոփոխություն չեն կատարել ստորադաս դատական ատյանների կայացրած ակտերում, իսկ վճռաբեկն էլ, դարձյալ 1-2 բացառությամբ, քաղբանտարկյալների ոչ մի գործ վարույթ չի ընդունել: Ըստ նրա, հայաստանյան դատական համակարգը ունակ չէ լուծելու իրավական խնդիրները, մարդկանց իրավունքների էական խախտումները. «Եթե լուծելու ունակ լիներ, ապա մեր քաղաքացիները հաստատ չէին գա ու չէին դիմի մի հասարակական կառույցի (իսկ ՀԱԿ-ը փաստացի այդպիսի կառույց է)՝ շատ լավ իմանալով, որ այն որեւէ պետական կամ իրավական լծակ չունի իրենց իրավական խնդիրը անմիջապես լուծելու համար: Բայց մարդն այնքան հուսահատված, զզված է պետական ատյանների դռները ծեծելուց, որ փրկության հույս է տեսնում մեր մեջ, դիմում է մեզ, որ կարողանա իր խնդիրը գոնե լսելի դարձնել՝ եթե ոչ այսօր, ապա՝ հետագայում»:

Գ. Ջհանգիրյանը վստահեցրեց, որ խնդիրը ոչ թե կոնկրետ դատական կամ իրավապահ համակարգում աշխատողների ցածր կրթական մակարդակն է, թեեւ դա էլ կա, այլ այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը ճգնաժամի մեջ է, իսկ ելքը բացառապես համակարգային փոփոխությունն է: «Սրանից 2-3 տարի առաջ այս համակարգում մարդիկ շատ թե քիչ ինքնուրույն էին: Չեմ ասում խախտումներ, բացթողումներ, օրինազանցություններ չէին անում, բայց դրանք թույլատրելիի սահմաններում էին, որովհետեւ անարդար դատական ակտերից մեկը բեկանվում էր, մյուսի որոշումն էր փոխվում, ու կեղծիքներն էլ զանգվածային չէին: Ցավում եմ, որ մեր դատական եւ իրավապահ ոլորտում այսօր այսքան ոչ ինքնուրույն, անողնաշար մարդիկ կան, բայց կրկնում եմ՝ խնդիրը համակարգի մեջ է»,- ասաց նախկին դատախազը՝ հավաստիացնելով, թե այդ համակարգում նույնիսկ այդպիսի կամազուրկ եւ «վերեւից» իջեցված պատվերի շրջանակում աշխատող մարդկանց համար եւս այդպես աշխատելը ոչ միայն ավելի դժվար է, այլեւ՝ անպատվաբեր: «Ցավում եմ, որ այդ համակարգում այդքան աշխատակիցներից որեւէ մեկը ոչ մի գործով չհամարձակվեց ընդվզել անարդարության դեմ, աշխատանքից ազատվելու դիմում չգրեց, դատարանում չվերկացավ ու չհրաժարվեց մեղադրանքից՝ առանց դա «վերեւի» հետ նախապես համաձայնեցնելու»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել