Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ճակատամարտերը դեռ առջեւում են

Օգոստոս 13,2009 00:00

ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի հինգերորդ խաղարկության երրորդ տուրում խաղացված յոթ պարտիաներից արդյունավետ ելք ունեցավ միայն ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեեւ-Էռնեստո Ինարկիեւ դիմակայությունը, որում հաջողությունն ուղեկցեց սպիտակներով խաղացող Ալեքսեեւին: Մյուս պարտիաներում, այդ թվում նաեւ Իվան Չեպարինով-Լեւոն Արոնյան, Գատա Կամսկի-Վլադիմիր Հակոբյան, գրանցվեցին ոչ-ոքիներ:

Այսպիսով, երեք տուրից հետո մրցանակային աղյուսակում կրկին եռիշխանություն է: Լեւոն Արոնյանը, Իվան Չեպարինովը (Բուլղարիա) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա) 2,0-ական միավորով ընթանում են առջեւում: Միանգամից ինը գրոսմայստերներ, որոնց մեջ է նաեւ հինգերորդ հորիզոնականն զբաղեցնող Վլադիմիր Հակոբյանը, 1,5-ական միավորով բաժանում են 4-12-րդ տեղերը:

Երեկ չորրորդ տուրի օրն էր: Ու թեեւ Ջերմուկում հանդես եկող 14 գրոսմայստերների մեջ թույլ շախմատիստներ չկան, այդուհանդերձ, երկու հայաստանցիների մրցակիցներն իրենցից բավականին լուրջ դժվարություն էին ներկայացնում: Արոնյանը սպիտակներով խաղալու էր ամերիկացի Գատա Կամսկու, իսկ Հակոբյանը՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ:
Այս օրերին աշխարհի շախմատասեր հասարակայնության ուշադրությունը բեւեռված է Ջերմուկ քաղաքի վրա: Սակայն աստիճանաբար օրակարգային է դառնում նաեւ սեպտեմբերի 5-ին Բիլբաոյում մեկնարկող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ «Grand Slam Chess Final Masters»-ը, որտեղ միմյանց հարաբերություններն են որոշելու Լեւոն Արոնյանը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել