Երեկ Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Հայրենասիրական երգերի նոր ժողովածուի» շնորհանդեսը: Գրքում ընդգրկված է 16 հայրենասիրական երգ, որոնց թվում գրքի նախաձեռնող՝ բանաստեղծ, երաժիշտ Ամալյա Խաչատրյանը (գրական անունով՝ Արտեմիս) ներկայացրել է Հայաստանի ու բանակի նոր հիմների իր տարբերակները: Ամալյա Խաչատրյանը Հայաստանի հիմնի իր տարբերակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա է կառուցել ու առաջիկայում կներկայացնի համապատասխան մրցույթին: Խոսքի հեղինակը նաեւ ասաց, որ ինքը պատահական չի ընտրել Ա. Խաչատրյանի հենց այդ երաժշտությունը. նրա համոզմամբ, դրա մեջ թաքնված կոդ կա՝ Աստված մեր մեջ հայտնվեց: Ամալյա Խաչատրյանը հիմնի իր տարբերակը գրելուց առաջ երկար ուսումնասիրել է Նարեկացու, Կոմիտասի ու Խաչատրյանի գործերը ու հետո մեծ զգուշությամբ համադրել իր գրած խոսքն ու անվանի կոմպոզիտորի երաժշտությունը: Նա համոզված է՝ ճիշտ շեշտադրմամբ գեղեցիկ ու հետաքրքիր հիմնի օրինակ է ստացվել: «Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը հիանալի գործ է, բայց այն Հայաստանի հիմն համարելը մեծ սխալ է. ինչպե՞ս կարելի է մեր երկիրը ներկայացնել անտեր ու թշվառ կամ խոսել արյան ու մահվան մասին……»,- զարմանում է բանաստեղծուհին: Նա հիմնը աղոթք է համարում եւ համոզված է, երբ այն ճիշտ է ուղղվում Տիեզերք՝ Աստված լսում է:
Անդրադառնալով հայոց բանակի ներկայիս հիմնին՝ Ամալյա Խաչատրյանն ասաց, որ թեեւ բանակին նվիրված հետաքրքիր երգ է, բայց լավագույն տարբերակ չէ. «Նույնիսկ երաժշտության հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանն է զարմացած՝ ինչպե՞ս են այն բանակի հիմն առաջադրել, որովհետեւ բավականին բարդ ստեղծագործություն է»: Տիկին Խաչատրյանը համոզված է՝ իր ներկայացրած օրինակը, որի եւ խոսքը, եւ երաժշտությունը իր գաղափարով է ծնունդ առել, զինվորները հեշտությամբ կկատարեն. «Ես այն փորձարկել եմ մեր հարեւանների երեխաների հետ ու համոզվել, եթե երեխաները կարողացան կատարել, զինվորների համար ավելի հեշտ կլինի»: