Թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս նրա մարմինը հողին հանձնել ծննդավայր Դիարբեքիրում
Հայ-թուրքական հարաբերությունները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու եւ ինչպես մեր կոալիցիոն նախկին գործընկերներից մեկը կասեր. «Իրեն զարմացնում է հայ-թուրքական սահմանների բացման համար հորթի հրճվանք ապրողների քանակը»: Նայեք, թե ինչ է կատարվում հարեւան երկրի ներսում եւ փոքր-ինչ հետաձգեք հրճվանքը, որովհետեւ վաղ է թռչկոտելը:
Անցյալ շաբաթ օրը Աթենքում իր մահկանացուն էր կնքել Թուրքիայի արվեստասեր հասարակությանը հայտնի երգիչ, երգահան Արամ Տիգրանը: Նա համարվում էր քրդական ժողովրդական երգերի կատարողներից ամենահայտնին եւ մեծ հեղինակություն էր վայելում նախկին Տիգրանակերտում, ներկայիս Դիարբեքիրում:
Իր մահից առաջ Արամ Տիգրանը կտակել էր, որ իրեն հուղարկավորեն պապենական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում: Ընտանիքն արդեն իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ համապատասխան հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` դիակը տեղափոխելու եւ հուղարկավորության համար համապատասխան թույլտվություն ստանալու համար: Դիարբեքիրի մարզպետարանը եւ քաղաքապետարանը նախապես կարգավորել էին հուղարկավորության համար անհրաժեշտ քայլերը: Նախատեսված էր, որ հոգեհանգստի արարողություն կկատարվի Տիգրանակերտի Սբ. Կիրակոս եկեղեցում, իսկ աճյունը հողին կհանձնվեր Ուրֆակափը թաղամասի հայկական գերեզմանոցում: Դիարբեքիրի քաղաքապետարանը նախապես բարեկարգման աշխատանքներ էր իրականացրել հայկական գերեզմանոցում:
Եվ ահա Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիր տեղափոխելու եւ հայկական գերեզմանոցում հուղարկավորելու համար:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության ոչ պաշտոնական պարզաբանումների, մերժման պատճառն այն է, որ կարող են որոշակի լարվածություններ առաջանալ հուղարկավորության ընթացքում:
Թուրքական մամուլն ամենօրյա ուշադրության տակ է պահում այս հարցը: Ընտանիքին աջակցելու նպատակով քայլեր են կատարում նաեւ Թուրքիայի Ազգային ժողովի անդամները, որոնք ներկայացնում են Դիարբեքիրը: Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ մարզի ղեկավար Ֆըրաթ Անլը համապատասխան հանձնաժողով են ձեւավորել հուղարկավորությունը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով:
Արամ Տիգրանի մահը եւ կտակը կարծես թե փորձաքար են դարձել Թուրքիայի իշխանությունների համար: Ի վերջո, տարագիր հայն իրավունք ունի՞ իր վերջին հանգիստը գտնել հայրենի քաղաքում, թե՞ ոչ: Առավել եւս, որ նա սեփական տուն ունի Դիարբեքիրում: Գուցե իշխանությունները հարկ չեն համարում թույլ տալ հայկական եկեղեցում քահանայի կողմից հոգեհանգստի արարողություն կատարվի: Կամ էլ հայկական գերեզմանոցում նման հայտնի անձի հուղարկավորությունից հետո հարկ կլինի մշտապես բարեկարգել գերեզմանոցը: Դժվար է ենթադրել, թե ինչն է այդպես անհանգստացրել թուրքական իշխանություններին: Միամիտ մեկը կարող էր կարծել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում նմանատիպ խնդիրներ պետք է չառաջանային:
Արամ Տիգրանի աճյունը հինգերորդ օրն է՝ գտնվում է Աթենքի հիվանդանոցում, թեեւ որոշ լուրեր կան, որ նրա դին արդեն բերվել է Դիարբեքիր: