Կամ ի՞նչ է պետք հայաստանաբնակ երիտասարդի կայանալուն
Երեկ Կամերային երաժշտության տանը Երիտասարդության միջազգային տոնի առիթով Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ փոխնախարար Արսեն Քարամյանը: Նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱԺ-ն կընդունի երիտասարդական քաղաքականության մասին օրենքը: Ա. Գրիգորյանը կարեւոր քայլ համարեց երիտասարդներին հիփոթեքային ծրագրով բնակարանների եւ ավտոմեքենաների ձեռքբերումը:
«Առավոտը» հայ եւ օտարերկրացի երիտասարդների հետ զրուցեց երիտասարդությանն առնչվող հարցերի ու խնդիրների մասին: 21-ամյա Լիլիթ Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանում երիտասարդների համար ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է. «Ստանում ենք գիտելիքներ ու չենք կարողանում կիրառել գործնականում»: Ագարակ քաղաքից 24-ամյա Աննան նշեց. «Մարզերին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, կյանքը Երեւանից դուրս՝ մեռած է: Երբ ավարտեցի համալսարանը, գնացի Ագարակ, սակայն երկար ժամանակ աշխատանք փնտրելով՝ ոչ մի բանի չհասա, հիմա Երեւանում եմ բախտս փորձում, եթե նույնիսկ մասնագիտությամբ աշխատանք չգտնեմ, կմնամ այստեղ, ծննդավայր չեմ ուզում վերադառնալ»: ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ՝ 23-ամյա Մհեր Սահակյանը երիտասարդների առաջնային խնդիրների մասին «Առավոտին» ասաց. «Բուհը նոր ավարտածից պահանջում են մի քանի տարվա աշխատանքային փորձ: Երբ ուսանողը բուհն ավարտում է գերազանց, ի՞նչ աշխատանքային փորձի մասին կարող է խոսք լինել»: Մեր զրուցակիցը նաեւ նկատել է. «Մարզերի երիտասարդությունը շատ ավելի ակտիվ է, նպատակասլաց, քան քաղաքինը: Մարզերում երիտասարդներին պահելու համար պետք է լինի պետական քաղաքականություն, ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում, մեր պետությունը նմանվում է ռախիտ երեխայի, գլուխը՝ մեծ, մարմինը՝ փոքր»:
Երիտասարդական միջոցառումների կազմակերպման տնօրեն Սամվել Մերթարջյանի կարծիքով՝ այսօրվա երիտասարդությանը պակասում է համախմբվածությունը, իսկ այն երիտասարդին, որը ցանկություն ունի իր երկրի զարգացման գործում ներդրում ունենալ, պետությունը բավականաչափ օգնում է: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում մարզերի երիտասարդության զբաղվածության համար, որպեսզի ուսում ստանալուց հետո նրանք չլքեն ծննդավայրը, մեր զրուցակիցն ասաց. «Մարզերի երիտասարդներից շատերը գտնում են, որ Երեւանում աշխատանք գտնելն ավելի հեշտ է, չեն հասկանում, որ մարզերում մասնագետների պակաս ավելի շատ ունենք: Կան երիտասարդական կենտրոններ բոլոր մարզերում, որտեղ աշխատում ենք երիտասարդներին ներգրավել, այդ ճանապարհով փորձում ենք, որ նրանք արմատներից չկտրվեն, մյուս կողմից էլ, բնական է, որ երիտասարդներն ուզում են միանգամից շատ լավ ապրել»: Հանդիպման ընթացքում երիտասարդները հնչեցրին բազմաթիվ հարցեր, որոնց մեծ մասը հիմնականում վերաբերում էր այս կամ այն ծրագրի ֆինանսական աջակցությանը, դրանց մի մասին նախարարը խոստացավ ընթացք տալ: Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էին մեքենա ձեռք բերելու պայմանները: Երբ նախարար Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ ծրագիրը ոչ թե երիտասարդներին, այլ երիտասարդ ընտանիքներին է վերաբերում, ինչի շնորհիվ խթանում են երիտասարդ ընտանիքներ կազմելուն, երիտասարդը զարմացավ: