Այս գերատեսչությունը վստահ է, որ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են
«Օգոստոսի 28-ից Սեւանա լիճը ողողված կլինի երաժշտությամբ»,- երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց երգիչ, «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերության հիմնադիր Վահան Գեւորգյանը, նույն ինքը՝ Ֆորշը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ եւ «Ֆորշ ընդ Ֆրենդսի» նախաձեռնությամբ Սեւանում մեկնարկում է «Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական առաջին փառատոնը:
Ֆորշի փոխանցմամբ, փառատոնին մասնակցում են ռոք եւ բլյուզ ժանրերի 75 խմբեր եւ երգիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Անգլիայից («Ռե Մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլե», «Վովա Մագիլաձե», «Ամրիտա» եւ այլն):
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, նախագիծը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Ֆորշի խոսքերով, փառատոնի նպատակն է ակտիվացնել համագործակցությունը միջազգային երաժշտական կազմակերպությունների եւ խմբերի հետ. «Պետք է Հայաստանը միջազգային հանրությանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ներկայացնենք ժամանակակից ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակութային ավանդույթներով»:
Մ. Ապրեսյանի կարծիքով, որ փառատոնի շնորհիվ Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կտրուկ կաճի. «Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջային ոլորտում արդեն գրանցվել է 0,1 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»: Մ. Ապրեսյանը հայտնեց. «Աշխարհի շատ երկրներում այս ոլորտում անկում է գրանցվել մինչեւ մինուս 3 տոկոս: Չեմ ժխտում, որ ավելի վաղ հայտարարել էի՝ այս տարի Հայաստանը կապահովի 10 տոկոս աճ: Կարծում եմ, որ այս փառատոնի նման միջոցառումներն են, որ նաեւ նպաստելու են զբոսաշրջային այցելությունների ավելացմանը»:
Վարչության պետը հույս հայտնեց, որ զբոսաշրջիկների մեծ հոսք սպասվում է երկրորդ կիսամյակի ընթացքում: Տարեվերջին, ըստ Ապրեսյանի, խոստացած 10 տոկոս աճն ապահովելու համար աշխատանքներ իրականացվում են. «Ակնկալում եմ, որ տարեվերջին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կկազմի 600 հազար»:
Իսկ թե հիմնականում ո՞ր երկրներից են Հայաստան ժամանում հանգստանալու, Մ. Ապրեսյանը նշեց. «ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, հարեւան Իրանից, Վրաստանից: Հայերն էլ մեծ մասամբ հանգստանում են Վրաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում ու եվրոպական երկրներում, իսկ ահա էկզոտիկ երկրներ մեկնող հայերը քիչ են»: