Այսուհետեւ բելառուսական տրակտորներ կհավաքվեն Հայաստանում. բելառուսական մեքենաշինական ընկերություններից մեկը սարքավորումներ կտրամադրի Վանաձորում գործող «Չինվան» ընկերությանը: Երեկ էկոնոմիկայի նախարարությունում այս առիթով պայմանագիր ստորագրվեց բելառուսական պատվիրակության հետ:
Ըստ «panorama.am»-ի, նախարարության առեւտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը վստահեցրել է, որ պայմանագրով նախատեսված է գյուղատնտեսական եւ կենցաղային նշանակության այս տրակտորներից տարեկան կհավաքվի 50 միավոր, հետագայում հնարավոր է այն արտահանվի նաեւ տարածաշրջանի այլ երկրներ: Գ. Քոչարյանի փոխանցմամբ՝ «Չինվան» ընկերությունը մինչ այժմ տրակտորների պահեստամասեր էր բերում Չինաստանից եւ տեղում հավաքում: Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ բելառուսական տրակտորները բավականին մեծ պահանջարկ ունեն, քանի որ հայերը դրան սովոր են: Վարչության պետի խոսքերով՝ Հայաստանում հավաքված տրակտորի գները մրցունակ կլինեն, իսկ հետագայում էլ շուկան կորոշի, թե հիմնականում որտեղից բերել տրակտորների պահեստամասեր:
Նախարարությունում հաշվարկել են, որ պայմանագրի շնորհիվ Վանաձորի «Չինվան» ընկերությունում կստեղծվի 20-30 աշխատատեղ:
Հայ-բելառուսական գործարքը ֆինանսավորվելու է ՎՏԲ բանկի կողմից: Թե որքան է կազմում վարկի ծավալը, վարչության պետը չի մանրամասնել:
Ըստ Գ. Քոչարյանի, սեպտեմբերի 4-6-ը «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսում կներկայացվի տարբեր մոդելի 4 տրակտոր. ժամանակի սղության պատճառով հնարավոր է հենց հավաքված բերվեն Բելոռուսից: