Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏՆԵՐ՝ ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն

Օգոստոս 13,2009 00:00

Չնայած բնապահպանները վստահեցնում են, որ մարզերում խաղատների կառուցումն ուղեկցվելու է կանաչ տարածքների հատմամբ, մարզային ղեկավարները միայն ողջունում են կառավարության այդ օրինագիծը:

Լուսանկարում պատկերված տեսարանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից է: Խիտ անտառից մի լայն հատված «խուզել» են՝ նոր ճոպանուղի կառուցելու համար, որը նախատեսված է Ջերմուկում տուրիզմի զարգացման ծրագրով: Ծառահատումը հարուցել է մի շարք բնապահպանների դժգոհությունը: Նրանց խոսքերով՝ կառավարությունը Երեւանում այլեւս կանաչ տարածք չթողնելով, հիմա էլ մարզերում է ծառաջարդ անում՝ մի քանի հոգու գրպանի համար ապականելով Ջերմուկի հրաշք բնությունը:

Բնապահպանության նախարարությունը կատարվածի մասին իր տեսակետն ունի. ըստ նախարարության, Ջերմուկում ոչ մի ծառաջարդ չի եղել, պարզապես կառավարությունը որոշ ծառեր հանել է՝ հետագայում այն Ջերմուկի մի այլ հատվածում տնկելու պայմանով: Ինչպես «Առավոտին» պարզաբանեց նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը, «նշված տարածքի ծառահատումները կատարվել են մեր համաձայնությամբ, այնտեղ փորձաքննություն ենք անցկացրել ու ճոպանուղու կառուցման պատվիրատուի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ ծառերը տնկվեն մեկ այլ տեղ, այսինքն, հետագայում ամբողջը վերականգնվելու է»: Պարոն Գրիգորյանի խոսքերով՝ «մենք էլ ենք հասկանում, որ ծառերն արժեք ունեն, դրանք քուչից չենք գտել, որ կտրեն, անտառը ոչնչացնեն, ամեն ինչ վերականգնվելու է»:

Բացի ճոպանուղու կառուցումից, բնապահպաններն անհանգստացած են, որ Ջերմուկի կանաչ տարածքներից շատերը «զոհվելու» են նաեւ շուտով այնտեղ կառուցվելիք խաղատների համար: Հայտնի է, որ կառավարության մշակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի նախագծով, 2013-ի հունվարի 1-ից թույլատրվում է խաղատներ կառուցել Ջերմուկ, Ծաղկաձոր եւ Սեւան քաղաքներում: Դա, ըստ բնապահպանների, անպայման ուղեկցվելու է ծառերի ու կանաչ տարածքների հատմամբ, որովհետեւ, ինչպես որ Երեւանի Իսակովի պողոտայում սնկի պես աճեցին այդ օբյեկտները՝ բազմաթիվ բնակիչների բռնի տեղահանելով ու բազմաթիվ ծառեր կտրելով, հիմա էլ նույնը փորձելու են անել արդեն Ծաղկաձորում, Ջերմուկում ու Սեւանում:

Սակայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն «Առավոտի» հետ զրույցում բացառեց Ծաղկաձորում որեւէ ծառահատում՝ խաղատների կառուցման նպատակով. «Միեւնույն է, Ծաղկաձորի անտառային մասը պետական սեփականություն է, այն չենք կարող հողհատկացում անել կամ աճուրդով վաճառել խաղատների սեփականատերերին, այնպես որ, Ծաղկաձորի կանաչ տարածքները դրանից բացարձակ չեն տուժի: Ծաղկաձորի գլխավոր հատակագծում կան լիքը ազատ տարածքներ, որոնք նախատեսված են քաղաքաշինական նպատակների համար, կարող են այնտեղ կառուցել: Բայց, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ օրենքից հետո այստեղ նոր կազինոներ կսարքեն, ինձ թվում է՝ պարզապես նախկին հյուրանոցներն ու սպասարկման օբյեկտները կվերապրոֆիլավորվեն ու կդառնան խաղատներ»: Ներկայումս Ծաղկաձորում ոչ մի խաղատուն չկա, որովհետեւ օրենքով միայն գյուղական համայնքներում էր թույլատրվում խաղատուն կառուցել: Պարոն Շահգալդյանը շատ ուրախ է, որ օրենքում նման փոփոխություն է լինելու. «Կարծում եմ, որ խաղատները գյուղական վայրեր տանելն էր սխալ, որովհետեւ խեղճուկրակ մարդիկ տնից 1000-2000 դրամ էին գողանում, որ գնային նման տեղեր, իսկ հիմա դա նրանցից հեռու կլինի, գյուղացին չի գնա-հասնի քաղաք՝ խաղալու»: Հարցին՝ չե՞ք մտահոգվում, որ հիմա էլ ծաղկաձորցիները կգայթակղվեն ու կդառնան խաղամոլներ, մարզպետը պատասխանեց. «Ծաղկաձորում 90 %-ը մայրաքաղաքի բնակիչներն են, բուն ծաղկաձորցիները վճարունակ էլ չեն, այնպես որ, դա նրանց չի սպառնում: Մյուս կողմից էլ, կարծում եմ՝ խաղացողը կխաղա, ուզում են խաղատունը սարքեն Գյումրիում, թե Մարտունիում»:

Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն էլ մեզ պարզաբանեց, որ բնապահպանները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ Սեւանում պետական հողատարածքներ, առավել եւս՝ կանաչապատ, արդեն չեն մնացել, որպեսզի դրանք «զոհեն» խաղատներին, բոլորն արդեն մասնավորեցվել է: «Խաղատների համար հարմար տարածքներ կան Սեւանի ազգային պարկում, բայց բոլորն արդեն զբաղված են, կարող է հողատերերն իրար մեջ առքուվաճառք անեն ու այնտեղ խաղատուն կառուցեն, բայց նոր հողհատկացում չի լինի»: Պարոն Մալխասյանն էլ է գտնում, որ կառավարությունը շատ ճիշտ օրինագիծ է մշակել, որովհետեւ Սեւան այցելած զբոսաշրջիկները շատ են հետաքրքրվում խաղատներով, ատրակցիոններով ու նման ժամանցի կենտրոններով. «Մենք ինչո՞վ ենք պակաս Ծաղկաձորից կամ Ջերմուկից, թող Սեւանում էլ խաղատուն լինի: Ես չեմ վախենում, որ այստեղի բնակչությունը կտարվի խաղամոլությամբ: Կարող է մի քանի հիվանդ մարդիկ լինեն, որ կկործանվեն-կպրծնեն, բայց դրա համար արժե՞ մեզ մոտ խաղատուն չկառուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել