«Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունն ինտերնետային արշավ է սկսել Google-ի դեմ՝ փորձելով ճնշումների միջոցով ստիպել ինտերնետ ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերությանը՝ համագործակցել իրենց հետ Հայոց ցեղասպանության մերժման գործում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Google-ը, հավատարիմ մնալով իր՝ «Մի եղիր չար» կարգախոսին, արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» տեղադրած գովազդները, որոնք ինտերնետում «Հայաստան», «հայ», «Հայոց ցեղասպանություն» բառերը կամ բառակապակցություները որոնելիս հղում էին կատարում Ցեղասպանությունը մերժող կայքերի վրա՝ բազմապատկելով դրանց այցելուների թիվը:
Թուրքական լոբբիստական այս կազմակերպությունը հանդես է եկել նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունման դեմ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գնահատմամբ՝ «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» կողմից Google-ին Հայոց ցեղասպանության մերժման արշավի մեջ ներքաշելու ջանքերը նույնքան սխալ են, որքան մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը արդարացնելուն ուղղված նրանց ողջ գործունեությունը»: