Իրանի ընդդիմադիր առաջնորդ Միրհոսսեյն Մուսավիի կողմնակիցներից մեկը՝ Ալիռեզա Հոսեյնի Բեհեշտին, հայտարարել է, որ հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 69 մարդ:
«69 մարդկանց անունները, ովքեր զոհվել են ետընտրական անկարգությունների ժամանակ, ներկայացվել են խորհրդարան՝ հետաքննություն իրականացնելու համար: Հաշվետվությունը պարունակում է նաեւ մոտավորապես 220 ձերբակալվածների անունները»,- «Նոյյան տապանի» մատուցմամբ, հայտարարել է Բեհեշտին:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հաղորդում են անկարգությունների ընթացքում 26 զոհվածների մասին: Ըստ դատական ատյանի ներկայացուցիչ Ալիռեզա Ջամշիդիի, նախագահական ընտրություններից հետո ողջ երկրով մեկ ձերբակալվել են չորս հազարից ավելի բողոքարարներ, սակայն նրանցից 3700-ը ազատ են արձակվել իրենց ձերբակալությանը հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում: