Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱ՛Մ ՏՈՒԺԵԼ է, ՀԱ՛Մ ԷԼ ԱՄԲԱՍՏԱՆՎՈՒՄ Է

Օգոստոս 13,2009 00:00

Մեր երկրում նման անհեթեթություններ հաճախ են պատահում

Անցյալ տարի հունիսի 21-ին ՀՀ ոստիկանությունը մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «հունիսի 20-ին, ժ. 11:30-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը՝ Համբարձում Մ.-ն, իրեն ամրակցված «Ֆոլքսվագեն Տուրան» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ եղել են նաեւ նույն ընկերության անվտանգության աշխատակիցներ Արթուր Կ.-ն, Արթուր Շ.-ն եւ Արմեն Ս.-ն, ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենաները լվանալու նպատակով գնացել են «Շանթ» ռեստորանի դիմաց գտնվող՝ ընկերությանը պատկանող ավտոհավաքակայան, որտեղ Կարեն Պ.-ն եւ Արշակ Մ.-ն արգելել են նրանց մուտքն այդտեղ, որի ժամանակ նրանց միջեւ առաջացած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Պ.-ն իրեն ամրակցված «Վոլտրակոմբատ» տիպի գազային ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, իսկ Արթուր Շ.-ն աջ սրունքի զույգ ոսկրերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 1 հատ 9 մմ տ/չ գազային փամփուշտ՝ կրակած վիճակում»: Միջադեպի մասնակիցները այն ժամանակ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին, իսկ գազային ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել էր փորձաքննության: Այդ գործով նախաքննություն էր իրականացվել, ու արդյունքում մեղադրանք էր առաջադրվել միջադեպի մասնակիցներից միայն մեկին՝ Կարեն Պողոսյանին: Նա հիմա մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, ընդ որում՝ դա կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Այս միջադեպը, ըստ էության, «դեժա վյու» էր, որովհետեւ համանման մի միջադեպ տեղի էր ունեցել նաեւ դրանից մեկ տարի առաջ՝ 2007թ. օգոստոսի 2-ին: Վիճաբանող կողմերն էլ, ինչպես 2007թ.-ին, այնպես էլ մեկ տարի անց, գործարարներ «Շանթ պլյուս» ՍՊԸ նախագահ Մանվել Ղարիբյանի ու նրա կրտսեր եղբոր՝ ընկերության փայատեր Վարշամ Ղարիբյանի աշխատող-տղերքն էին: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, գործարար եղբայրները արդեն վաղուց տնտեսական վիճելի հարցեր ունեն, որոնք ժամանակ առ ժամանակ դառնում են «ռազբորկաների» պատճառ: Առաջին միջադեպի պարագայում գործը դատարան չէր հասել: Այլ է անցյալ տարի տեղի ունեցածի դեպքում: Երեկ «Առավոտը» միայն պատահաբար տեղեկացավ, որ 2008թ. հունիսի 20-ին տեղի ունեցածի առնչությամբ հարուցված քր. գործը արդեն վաղուց մտել է դատարան եւ ըստ էության քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ:

Այս գործով ամբաստանվող Կ. Պողոսյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի մատուցմամբ, ավտոհավաքակայանը, որի տարածքում տեղի էր ունեցել վերջին միջադեպը, սեփականության իրավունքով պատկանում է Մ. Ղարիբյանին: Այդ նույն տարածքում գործում են նաեւ նրան պատկանող կազմակերպություններ, որոնցից մեկի տնօրենն է ամբաստանվող Կ. Պողոսյանը: Մ. Ղարիբյանի ցուցումով այդ ավտոհավաքակայանի ելումուտը այլ՝ կողմնակի անձանց համար արգելվել էր: Սեփականատերը՝ նկատի ունենալով իր եւ եղբոր միջեւ առկա տնտեսական վեճերի պատճառով հարաբերությունների լարվածությունը, նպատակահարմար էր գտել եղբորն ու նրա աշխատակիցներին իր սեփական տարածքից հեռու պահել, որպեզի չկրկնվի 2007-ի միջադեպը: Սա դուր չէր եկել գործարարի կրտսեր եղբորը՝ Վ. Ղարիբյանին (Յուրա), եւ նա իր թիկնազորի 4 աշխատակիցներին՝ Արթուր Շաբոյանին, Արմեն Սեթոյանին, Արթուր Կարապետյանին եւ Համբարձում Մանուկյանին, ուղարկել էր ավտոհավաքակայան, որ ուժով տարածքի դարպասները բացեն եւ ապահովեն իրենց մեքենաների ելումուտը այդ տարածք: Այն, ի դեպ, վիճելիների թվին չի պատկանում, պարզապես Վ. Ղարիբյանը համարել է, որ իր մեքենաները նախկինի պես պետք է կայանվեն այդ տարածքում ու վերջ: Վ. Ղարիբյանի կողմից ավտոհավաքակայան «գործուղված» 4 աշխատակիցները արդեն տեղում որոշել էին ամեն գնով ներս մտնել տարածք եւ պահակից՝ Գեւորգ Գեւորգյանից, պահանջել էին դարպասները բացել, որ իրենց մեքենաները կարողանան ներս մտնել: Նախ՝ պահակը, ավելի ուշ՝ նաեւ տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Մնացական Հարությունյանը  բացատրել էին, թե սեփականատիրոջից կոնկրետ ցուցում ունեն՝ այլոց տարածք մտնել թույլ չտալ: Այսուհանդերձ, Վ. Ղարիբյանի թիկնապահները փորձել էին դարպասը ուժով բացել: Վիճող կողմերին էր մոտեցել նաեւ Կարեն Պողոսյանը եւ իր հերթին բացատրել, որ կա սեփականատիրոջ հրահանգ: Ի պատասխան, արդեն որեւէ մեկին չենթարկվելով, 4 անձինք ուժով քաշել ու բացել էին դարպասները, իսկ Կ. Պողոսյանը փորձել էր դա թույլ չտալ եւ դարպասները հետ փակել: Մինչեւ այս պահը տեղի ունեցածի նկարագրության առնչությամբ վեճի կողմերը տարակարծություններ չունեն: Տարբեր են մեկնաբանությունները սրան հաջորդած զարգացումների մասով: Ըստ պաշտպան Ալումյանի, Վ. Ղարիբյանի թիկնազորի անդամները ծագած վիճաբանության ընթացքում նախ՝ խլել էին Կ. Պողոսյանին պատկանող գազային ատրճանակը, նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցնելուց զատ նաեւ իրենց մոտ եղած գազային ատրճանակից մոտ տարածությունից կրակել են Գ. Պողոսյանի դեմքին, որի արդյունքում վերջինս այրվածքներ է ստացել ականջի եւ այտի հատվածում: Կ. Պողոսյանի ստացած մարմնական վնասվածքները, ըստ դատաբժշկական տեղեկանքի, դասվել էր միջին ծանրության վնասվածքի շարքին: Հարձակվողները «պրծել» էին միայն թեթեւ վնասվածքներով՝ քերծվածքներով, իսկ մեկն էլ կռվի ժամանակ ետ-ետ գնալիս մի ոտքով ընկել էր դիտահորի մեջ եւ կոտրել էր սրունքը: Որ դա Կ. Պողոսյանի «օգնությամբ» չէր եղել, դատարանում էլ ոչ ոք չի վիճարկել: Ընդ որում, գործով անցնողների բոլոր ցուցմունքներից երեւում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մ. Ղարիբյանի սեփականությունը հանդիսացող տարածքի ներսում: «Այսինքն, էս մարդիկ (իբր, տուժողները) եկել, մտել են ուրիշի սեփական տարածք, կռիվը սարքել են, իսկ մեղադրվում է դրա համար ուրիշը»,- ներկայացրեց պաշտպանը: Վերջինիս ասելով, իր պաշտպանյալը իր մոտ եղած գազային ատրճանակը միջադեպի ժամանակ չի էլ հասցրել գործածել: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, դեպքի վայրից միայն գազային ատրճանակի մեկ կրակած փամփուշտ էր հայտնաբերվել: Եթե դա նույնիսկ Կ. Պողոսյանի արձակած գնդակի փամփուշտն էր, ապա ո՞ւր է անհետացել Կ. Պողոսյանի դեմքին կրակված փամփուշտը: Ի դեպ, վերջինս «զոռով-շառով» այս գործի շրջանակներում նաեւ տուժող է ճանաչվել, բայց այդ մասով գործը անջատվել է այն հիմքով, թե նրա վրա գազային ատրճանակից կրակած անձը, իբր, դեռ հայտնաբերված չէ:

Դատարանը առայժմ լսել է միայն Վ. Ղարիբյանի կողմնակիցների՝ «տուժող» կողմի վկաներին, որոնց մի մասը, իբր, անցորդներ են, որոնք պատահաբար ականատես են եղել վիճաբանությանը եւ տեսել են, թե ինչպես է Կ. Պողոսյանը 4 հոգու ծեծի ենթարկել այնպես, որ ինքը միջին ծանրության, իսկ «ծեծվողները» թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Սա այն դեպքում, երբ գործով անցնողները ընդունում են, որ Մ. Ղարիբյանի աշխատողներից երեքը՝ պահակը, ոստիկանը եւ տարածքի աշխատակից Արշակ Մարտիրոսյանը, կռվին չեն մասնակցել: «Անհեթեթության գագաթնակետն այն էր, որ դատարանը դատակոչեց բացառապես «տուժող» կողմի վկաներին: Բոլոր նրանց, ովքեր հօգուտ Կ. Պողոսյանի են ցուցմունքներ տվել, այդ թվում՝ միջադեպի ականատես ավտոհավաքակայանի երեք աշխատակիցներին, դատարանը հրաժարվել է դատակոչել: Այս հիմքով անգամ իմ բացարկը դատարանը մերժեց»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Հ. Ալումյանը: Ի դեպ, երեկ այս գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց. թեեւ ամբաստանվողն ու նրա պաշտպանը պատշաճորեն ներկայացել էին դատարան, բայց տեղում պարզվեց, որ մեղադրողները արձակուրդում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել