Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ՍԿՍՈ՞ՒՄ Է

Օգոստոս 12,2009 00:00

Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի մեծ մրցանակի հինգերորդ խաղարկությունը, որը նաեւ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարն է, աստիճանաբար թափ է հավաքում:

Աշխարհի ուժեղագույն 14 գրոսմայստերների մրցավեճի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեեւին եւ 1,5 միավորով Չեպարինովի եւ Լեկոյի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ մասնակիցը՝ նույնպես շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Վլադիմիր Հակոբյանը, խաղաղությամբ հրաժեշտ տվեց բուլղարացի Իվան Չեպարինովին եւ հիսուն տոկոսանոց արդյունքով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Մյուս պարտիաներն այսպիսի ելք ունեցան:

Պետեր Լեկո-Պավել Էլյանով՝ 1/2,
Սերգեյ Կարյակին-Բորիս Գելֆանդ՝ 1/2,
Էտյեն Բակրո-Ռուստամ Կասիմջանով՝ 1/2,
Դմիտրի Յակովենկո-Գատա Կամսկի՝ 1:0,
Էռնեստո Ինարկիեւ-Վասիլի Իվանչուկ՝ 1/2:

Երեկ մրցաշարում երրորդ տուրի օրն էր: Արոնյանը սեւերով խաղում էր Չեպարինովի, իսկ Հակոբյանը՝ Կամսկու հետ:

Ջերմուկից «Grand Prix»-ի հետ առնչվող տեղեկատվությունն առայժմ բազմազանությամբ աչքի չի ընկնում: Ճիշտ է, կազմակերպիչները ապահովել են ընթացող պարտիաներին համակարգչով անմիջապես հետեւելու հնարավորությունը, սակայն, կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ, եթե, նկատի ունենալով հայաստանյան լրատվամիջոցների նյութական սուղ հնարավորությունները, հատկապես մարզական լրագրողներին էլ տեղում օպերատիվ աշխատելու պայմաններ տրամադրվեր, որի արդյունքը լիարժեք տեղեկատվության տարածման առումով հաստատ անհամեմատ արգասաբեր կլիներ:

Օրինակ, երեկ «ChessPro.ru»-ի հատուկ թղթակից, գրոսմայստեր Յուրի Ալեքսեեւի ռեպորտաժից տեղեկացանք, որ նախորդ օրը մրցաշարի մամուլի քարտուղար, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի ծննդյան օրն է եղել («Առավոտը» շնորհավորում է նրան), որ նա նվերներ է ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից: Եվ որ, գուցե, պակաս կարեւոր չէ, Լիլիթն այդ օրն է տեղեկացել, որ ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի փուլերից մեկը կայանալու է Ջերմուկում, բացի դա, նրա անունը որպես մասնակցի, ներկայացվել է նույն մրցաշարի՝ Չինաստանում կայանալիք փուլի կազմակերպիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել