Լրահոս
Օրվա լրահոսը

Անդեմ երգեր ու թայֆաբազություն

Օգոստոս 12,2009 00:00

Կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու երգչուհի Զարուհի Բաբայանը՝ մերօրյա երգարվեստի մասին

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու երգչուհի Զարուհի Բաբայանը: Նրանք բանավիճեցին ժամանակակից երգարվեստի թեմայով:

Զ. Բաբայանն ասաց, որ ինքն ընդամենը 3 անգամ է երգի տեքստ գրել, մեկը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին, երկուսը՝ մանկական թեմայով: Նրա խոսքով, դա ուղղակի հոգու պահանջ է եղել: «Ինչ վերաբերում է այն երգերին, որոնք կատարում եմ, միշտ աշխատում եմ դրանց ստեղծագործողի հետ, որպեսզի երգերը համապատասխանեն իմ ներքինին, ցանկություններին ու մտածելակերպին: Եթե ինչ-որ բան էլ դուր չի գալիս, ստեղծագործողի հետ գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- նշեց նա: Նաեւ խոստովանեց, որ, իր կարծիքով, այսօրվա էստրադայում առօրյան է իշխում, ինչում իրենց՝ կատարողների մեղքն էլ կա . «Բեմը պետք է բարձր լինի փողոցից եւ առօրյայից»:

Երգչուհին նշեց, որ զուր են իրեն մեղադրում «վեց-ութով» ստեղծված երգեր կատարելու մեջ. «Դա չափ է, որ կա ե՛ւ ջազային երաժշտության մեջ, ե՛ւ հայկական պարայինի: Ինձ մեղադրում են նաեւ ռաբիս երգելու մեջ… Հիմա ո՞վ է ռաբիս՝ ե՞ս, Սպիտակցի Հայկո՞ն, Թաթա՞ն: Դե թող տան այսօրվա ռաբիսի բնորոշումը»:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չի համագործակցում պրոֆեսիոնալների հետ, Զ. Բաբայանը պատասխանեց, որ նման փորձեր արել է. «Պրոֆեսիոնալների դեմ ոչինչ չունեմ, դա նույնն է, որ ես ասեմ, թե չեմ երգելու Սաթյան, Ամիրխանյան, Գրիգորյան: Ես դաստիարակվել եմ նրանց երաժշտությամբ, իսկ այն, ինչ երգում եմ հիմա՝ այսօրվա խոսքն է: Աշխատում եմ մարդկանց հետ, որոնք նոր են սկսում իրենց ստեղծագործական կյանքը, եւ ով է ասել, որ նրանք անլուրջ են»:

Արամ Սաթյանը հավելեց, որ հաճախ այս թեմայով խոսակցությունները մնում են խոսակցության մակարդակի վրա եւ միեւնույն է՝ «սայլը տեղից չի շարժվում»: Նա շեշտեց, որ ամեն դեպքում ինքը միայն պրոֆեսիոնալիզմի կողմնակիցն է. «Եթե պահանջարկը սիրողական է, արվեստն էլ է լինում սիրողական: Նախկինում, երբ պրոֆեսիոնալների հետ էին երգիչներն աշխատում, պրոֆեսիոնալը նրանց թելադրում էր նաեւ ոճական որոշակի առանձնահատկություն: Արդյունքում՝ մեր այն ժամանակվա շատ երգիչներ հայտնի անուններ են: Այսօր ամեն ինչ այլ է: Ես էլ եմ գտնում, որ երգը պիտի գրի նաեւ երիտասարդ մարդը, բայց այդ երգում պիտի երեւա նրա դեմքը, այն չպիտի դառնա կիսատ-պռատ պլագիատ: Գլուխ չգովեմ, բայց ժամանակին, երբ երգերս հնչում էին տարբեր բեմահարթակներում, պատկանելությունը իսկույն զգացվում էր: Թե չէ՝ այսօր երգեր են ստեղծվում, որոնց լեզուն եթե փոխես, կարող ես երգել ե՛ւ պարսկերեն, ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն… Երգիչներն էլ կատարողական մակարդակ չունեն: Այսօր լայնաշունչ երգեր չեն գրվում, որովհետեւ այդպիսի երգեր չեն կարող կատարել… Առաջին անգամ, երբ ռադիոյում Զառա Բաբայանին լսեցի, զարմացա, Երվանդ Երզնկյանից հետաքրքրվեցի՝ ո՞վ է երգչուհին… Ցավոք, այսօր Զառա Բաբայանը կատարում է ոչ այն, ինչ թույլ են տալիս իր ձայնային հնարավորությունները»:
Կոմպոզիտորը փաստեց, որ երգարվեստում իշխում է, իր խոսքով, թայֆաբազությունը, մի քանի հոգի անուն են հանել ու անորակ երգեր են վաճառում:

Զ. Բաբայանն ասաց, որ ինքը երբեք հատուկ երգ չի պատվիրում, իսկ իր վերջին ձայնասկավառակում տեղ գտած երգերի հեղինակները նոր անուններ են, երիտասարդներ. «Ես մի բան եմ հասկացել՝ այն մարդը, որը «ստանոկի» մոտ չի աշխատում, կարող է ինձ ավելի հետաքրքիր բան առաջարկել: Դա հաստատ դուր կգա դիմացինին եւ ոչ թե կլինի հերթականը»:

Ա. Սաթյանն էլ նկատեց, որ նման երիտասարդներից շատերը կոնսերվատորիայի իր ուսանողներն են, հաճախ է ինքը շտկումներ մտցնում նրանց գործերում, եւ երիտասարդները գնում-փող են աշխատում: Չբացառեց, սակայն, որ նրանց թվում կան նաեւ շնորհալիներ: «Ինչ վերաբերում է ինձ, ես այստեղ երգ չեմ վաճառում, ապրում եմ արտասահմանյան պատվերներով»,- հավելեց կոմպոզիտորը: Նրա կարծիքով, Հայաստանում, այսպես կոչված, նոր շնչով ստեղծված երգերը չես կարող դնել ամերիկյան, ֆրանսիական եւ այլ նորերի կողքին, դրանք մրցունակ չեն՝ հասկանալի պատճառներով: Նաեւ ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ, օրինակ, իմ «Կապույտ երազը», որ 72 թվին եմ գրել, մինչեւ հիմա կա: Ժամանակը ցույց կտա, թե այսօրվա շատ երգերի հետ ինչ կպատահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել