ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին: Նախարարը նշել է, որ ամերիկյան կազմակերպությունները եւ Ամերիկայի դեսպանատունը՝ մասնավորապես, ակտիվ ներգրավվածություն ունեն կրթական բաղադրիչ պարունակող մի շարք ծրագրերում: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Բարձրագույն կրթության ոլորտում նախարարը կարեւորել է լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացների շնորհիվ պետության կողմից կրթության որակի ապահովման խնդիրը: «Կրթության որակի նկատմամբ խիստ եւ պահանջատեր լինելը նախարարության գերակա ուղղություններից է: Այդ համատեքստում խիստ կարեւորված է համապատասխան տեղեկատվական բազայի առկայությունը, որի ձեւավորման գործում մենք ակնկալում ենք նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությունը»,- նշել է նախարարը:
Սանգիտա Փաթելին նշել է, որ գործակալությունը իրականացրել է ոլորտի կարիքների գնահատում` երկարաժամկետ եւ լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող ծրագրեր իրականացնելու համար: 2004 թվականից գրասենյակը ներառական կրթության ծրագիր է իրականացնում ՀՀ մարզերում եւ ակնկալվում է, որ մինչեւ 2011 թվականը շուրջ 50 դպրոց կներգրավվի այդ գործընթացում: