Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Օգոստոս 12,2009 00:00

Կամ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության շուրջ

Ժամանակակից Հայաստանում պետությունը ի վիճակի չէ լիակատար ապահովել բարձրագույն կրթության հասարակության պահանջները: Եվ ոչ պետական բուհերը պետականների հետ մեկտեղ ապահովում են քաղաքացիների բարձրագույն կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, թեկուզ եւ վճարովի հիմունքներով: Սակայն վճարովի կրթությունը նույնացնել միայն ոչ պետական բուհերի հետ, կլիներ անարդար, որովհետեւ պետական բուհերը վճարովի կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ստացան եւ մատուցում են այն մեծ ծավալներով: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները. վճարովի հիմունքներով սովորող ուսանողների 78%-ը պետական բուհերի ուսանողներ են, իսկ ոչ պետական բուհերի բաժինն ավելի ցածր է:
Բարձրագույն կրթության ոլորտում շուկայական հարաբերությունների արմատավորումը հանգեցրեց կրթական ծառայությունների բնագավառում մրցակցության զարգացմանը՝ ինչպես առանձին բուհերի, այնպես էլ պետական եւ ոչ պետական բարձրագույն կրթության երկու հատվածների միջեւ: Այդ մրցակցությունը երկակի բնույթ ունի: Մի կողմից նա դրդում է բուհերին նորամուծության, ստիպում է նրանց բարձրացնել կրթական ծառայությունների որակը, մյուս կողմից հաճախ մրցակցությունը անբարեխիղճ բնույթ է ստանում: Արդյունքում դա հանգեցնում է նրան, որ տուժում են կրթության համակարգը եւ ողջ հասարակության մի մասը:

Կրթության շուկայում կոշտ (դաժան) մրցակցության պայմաններում ոչ պետական բուհերի համար գլխավորը զարգացման ռազմավարության գրագետ կազմակերպումն է: Բուհի ապագան կախված է նրանից, թե ինչպես ոչ պետական բուհերը կօգտագործեն իրենց հիմնական մրցակցային առավելությունները (ճկունությունը, կրթական գործընթացի կազմակերպման եւ բովանդակության ինքնուրույնությունը, շուկայի փոփոխվող պահանջներին հարմարվելու արագությունը), ինչպես կլուծեն կրթության որակի բարձրացման խնդիրները, ինչպես կհաղթահարեն կրթության ոչ պետական հատվածի նկատմամբ հասարակության առանձին շերտերի բացասական վերաբերմունքը, ինչպես կիրականացնեն իրենց շուկայական գործունեությունը (մարկետինգը):
Բոլոր այդ հարցերը պետք է լուծվեն ոչ միայն առանձին բուհի մակարդակով, այլ նաեւ կրթության ոչ պետական հատվածի եւ պետական մակարդակներով: Ոչ պետական կրթության ընդհանուր ռազմավարության որոշումը անհնարին է առանց փորձի փոխանակման, խնդիրների համատեղ լուծման, փոխադարձ սատարման նպատակով ոչ պետական բուհերի խոշորացման: Իսկ պետությանը անհրաժեշտ է ոչ պետական բուհերի նկատմամբ մշակել գրագետ քաղաքականություն, համապատասխան Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում այն դերին ու տեղին, որոնք նրանք ներկայումս զբաղեցնում են:

Ոչ պետական բուհերի համակարգը գոյություն ունի արդեն 16 տարուց ավելի եւ նա ապացուցել է իր գոյատեւման իրավունքը: Եթե կրթական ծառայությունների շուկայում մրցակցությունը անցկացվի ոչ թե Հայաստանի բարձրագույն կրթության միասնական համակարգի պետական եւ ոչ պետական երկու հատվածների միջեւ, այլ անկախ նրանց կազմակերպչական իրավական ձեւից՝ առանձին բուհերի միջեւ, ապա անբարեխիղճ բուհերը կդադարեն գոյություն ունենալ: Կմնան առավել որակյալ (բարձրորակ) կրթական ծառայություններ մատուցող բուհերը: Կշահի նաեւ որակյալ կրթություն տվող բուհ ընտրած սպառողը: Ընդունված է, որ ուսուցման համար վարձի մտցնելը բարձրացնում է կրթության արդյունքների նկատմամբ պատասխանատվությունը ինչպես վճարողի՝ ուսանողի, այնպես էլ անվճար սովորողի համար: Վճարովի կրթությունը լայնորեն տարածված է Կանադայում, ԱՄՆ-ում: Այն իրական դարձավ նաեւ Ավստրալիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում: ԱՊՀ երկրներում իր կրթության համար վճարում է բուհի սովորողների 50-80%-ը: Չինաստանում գների աճման պայմաններում այդ ցուցանիշը գործնականում կազմում է 100%: Ռուսաստանում արդեն ուսանողների ավելի քան 30%-ը լիովին վճարում է իր կրթության համար:
Անհրաժեշտություն է առաջացել մշակել նորմատիվ-իրավական բազա, որը կապահովեր վճարովի ուսուցման օրինականացումը եւ կարգավորումը, նրա բոլոր տեսակների լիակատար թափանցիկությունը: Հայաստանի համար այդ նոր գործընթացում, հաշվի առնելով եվրոպական երկրների առաջադեմ մշակումները եւ նվաճումները, անհրաժեշտ է օրենսդրական եւ այլ նորմատիվ ակտերում հասնել սոցիալական ուղղվածության մոտեցման համապատասխան արտացոլմանը:
Անհրաժեշտ է մշակել բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային չափանիշներին համապատասխանող հայեցակարգ, որը պետք է ներառի ժողովրդավարական գործընթացներ եւ անկախ գնահատում, հասարակությանը հաշվետու լինելը, ակադեմիական ազատություններ, բուհերի ինքնավարություն, ինքնակարգավորում եւ ինքնագնահատում:

Օրենսդիրը կրթության ոլորտում ուսումնաարտադրական եւ դաստիարակչական բնույթի ծառայությունները ազատել է ԱԱՀ-ից (արտոնությունում նշված հիմնական եւ լրացուցիչ կրթության ուղղություններով): Կրթության ոլորտում ԱԱՀ-ից ազատված ծառայությունների ցուցակը սահմանափակվում է հենց կրթական գործընթացի շրջանակներով (որոշակի կրթական ծրագրերին համապատասխանող ծառայություններով): Նշված արտոնության կիրառումը գործնականում հանգեցնում է նրան, որպեսզի «չհարկվող» հայտարարված ծառայությունները լրիվ համապատասխանեն իրականացվող կրթական ծրագրերին:

Ոչ պետական կրթական հիմնարկները իրավունք ունեն կրթական ծառայությունների համար սովորողներից վարձ վերցնել, այդ թվում՝ պետական ուսուցման համար նախատեսված տիպօրինակների սահմաններում:

Այդպիսի կրթական պետական հիմնարկի վճարովի կրթական գործունեությունը չի դիտվում որպես ձեռնարկատիրական, եթե դրանից ստացվող եկամուտը լիովին գնում է կրթական գործընթացի ապահովման ծախսերի փոխհատուցմանը (այդ թվում՝ աշխատավարձի վրա), նրա զարգացմանը եւ կատարելագործմանը տվյալ կրթական հիմնարկում: Ներկայումս դրանք շահույթից հարկվող են, եթե տնտեսական գործունեության ժամանակ ստանում են շահույթ: Քանզի ոչ բոլոր կատարված ծախսերն են հնարավոր միանշանակ վերագրել կորուստներին, եկամուտների որոշ մասը հանդիսանում է որպես շահույթ: Մեր տեսակետից ճիշտ կլիներ, որ պետականորեն հավատարմագրված բուհերին եւս ազատել շահութահարկից:

Ավանդաբար հաշվետու ժամանակաշրջանը չափվում է օրացուցային տարով: Կրթական հիմնարկներում այն այլ կերպ է չափվում՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը: Բնականորեն առկա է որոշ անհամապատասխանություն: Կրթական հիմնարկները կարող են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները ամփոփել միայն օգոստոսի 31-ին:

Պետք է գոյություն ունենա կրթական հիմնարկների վերաբերյալ որոշակի օրենսդրական նորմատիվային գործուն բազա, որը ֆինանսական արդյունքների հաշվառման համար կտրամադրի ընդունված ընդհանուր կարգից տարբերվող հաշվետու ժամանակաշրջան: ՀՀ հարկային օրենսդրությունում ներկայումս պետք է փոփոխություն կատարել եւ հավատարմագրված բուհերին այդ գործունեության ընթացքում ազատել գույքահարկից եւ հողի հարկից: Եթե տվյալ բուհը ունի ուսումնական սեփական բազաներ, այն էլ միայն բուհի անվամբ:
Ակնկալում եմ շահագրգիռ մասնագետների արձագանքները վերոհիշյալ հիմնահարցերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել