Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գազի արդյունաբերության բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական փաստաթղթերի ստորագրումը ոչ մի կերպ չի ոտնահարի Ադրբեջանի շահերը: Ըստ «Արմինֆոյի», «Թուրան» գործակալությանը նման կարծիք են հայտնել Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի փորձագետները: Ավելին, ըստ փորձագետների, դա ինչ-որ չափով կարող է անգամ լրացուցիչ խթան հանդիսանալ կամ նպաստել ադրբեջանական գազի արտահանմանն ու իրացմանն առնչվող պաշտոնական Բաքվի ծրագրերի իրագործմանը: Ըստ փորձագետների, դեպի մերձավորարեւելյան երկրներ գազի մատակարարումների ռուս-թուրքական նախագծի հաջող իրագործման դեպքում՝ իրոք լրացուցիչ հնարավորություններ կբացվեն Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը (SOCAR) եւ «Գազպրոմը» արդեն մտադիր են համագործակցել երրորդ երկրների շուկաներում:
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի ասելով, հնարավոր է Թուրքիայի հետ համատեղ գազի մարկետինգ, որը կմատակարարվի «Երկնագույն վտակ-2» խողովակաշարով եւ նախատեսված կլինի մերձավորարեւելյան երկրների եւ Կիպրոսի շուկաների համար: Այսինքն, Թուրքիան կարող է հանդես գալ արդեն ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլեւ այդ գազի մի մասն ինքնուրույն կամ «Գազպրոմի» հետ համատեղ վաճառելու հնարավորություն ստանալ:
Հակառակ արեւմտյան վերլուծաբանների այն կարծիքին, որ Թուրքիան «Նաբուկո» նախագծի միջկառավարական համաձայնագրերի ստորագրումով եւ օրերս էլ Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում համաձայնության գալով՝ եվրոպական սպառողների աչքին ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ հեղինակություն, Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի փորձագետներն ասում են. «Այդ համաձայնագրերը SOCAR-ի համար նույնպես լավ հնարավորություն է՝ Թուրքիայի շուկայում գազի մարկետինգի առումով, քանի որ Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը կարող է ինքնուրույն գազ վաճառել որոշ ջերմաէլեկտրակայանների, ինչպես նաեւ՝ Իզմիրի Petkim նավթաքիմիական համալիրին»:
«Յուրաքանչյուր երկիր ունի սեփական ազգային շահերը, եւ հանուն Թուրքիայի օգտին Հին աշխարհի ո՞ր իրական քայլերի՝ պաշտոնական Անկարան պետք է հրաժարվեր Ռուսաստանի հետ համագործակցությունից, որն իր նախագծերով, փաստորեն, առաջիկա տասնամյակներին Թուրքիան վերածում է տարածաշրջանի հիմնական խաղացողի, ընդ որում` ոչ միայն Հարավային Եվրոպայում եւ Բալկաններում, այլեւ Մերձավոր Արեւելքում» – ասել են ադրբեջանցի մասնագետները: