Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայուհիների բարոյականության սահմանները

Օգոստոս 12,2009 00:00

Հայաստանից դուրս հայուհիները կույս մնալու խնդի՞ր ունեն

«Դրսում հայ աղջիկները մաքուր մնալու խնդիր ունեն»,- ասում է Բրազիլիայում ծնված 22-ամյա հայազգի Վազգենը:

Ամեն տարի տասնյակ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ բնակություն հաստատելով օտար երկրում: Թե ինչպե՞ս են այնտեղ ապրում, ի՞նչ բարքերով՝  թերեւս, հայաստանաբնակ հային ամենաշատն է հետաքրքրում:

Կարողանո՞ւմ են օտար հոսանքների ներքո երիտասարդները պահպանել հայեցիությունն ու հայկական ավանդույթները, սովորույթները: Պահպանվո՞ւմ է կարմիր խնձորի ավանդույթը եւ ի՞նչ դեր ունի օտար երկրում աղջկա «անմեղությունը»: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց մի միջոցառման շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայազգի երիտասարդների հետ:

Ըստ իսրայելաբնակ 19-ամյա Աբոյի, օտար երկրում ծնվել՝ չի նշանակում օտարի կյանքով ապրել. «Դրսում հայ լինելու հարցը ավելի խիստ է դրված, քան Հայաստանում: Այնտեղ ամեն րոպե դու պետք է հիշես, որ հայ ես, որ քո արմատները Հայաստանից են, որ դու ունես սովորույթներ, ավանդույթներ: Դրսում հայ ընտանիքներում խիստ օրենքներ կան եւ այդ ընտանիքների զավակները պարտաճանաչ աշակերտի պես հետեւում են դրանց»:

Խոսելով դրսում ապրող հայ երիտասարդների անձնական կյանքի մանրամասների, զույգերի հարաբերությունների մասին, Աբոն նշեց. «Դրսում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է կամ ինչպես խոսում են… Իսրայելում բնակվող հայ կանանց եւ աղջիկների մասին վատ բաներ են խոսում: Ուզում եմ շտկել այդ սխալը: Հայկական ամեն ինչ այնտեղ պահպանվում է: Ճիշտ է՝ այնտեղի երիտասարդությունը մեզ քննադատում է, բայց հայերս չենք ճնշվում այդ ալեկոծություններից: Մի խնդիր կա. եթե հայ աղջիկը ընկերություն է անում հայ տղայի հետ, ապա հարսանիքի հաջորդ օրն իսկ կարմիր խնձորը սպասվում է: Բայց քանի որ հիմա շատացել են խառը ամուսնությունները, ապա կարմիր խնձոր հասկացությունը վերանում է, քանի որ նախքան ամուսնանալը զույգերն արդեն սեռական հարաբերություններ են ունեցած լինում: Եթե տղան այլազգի է, սեռական հարաբերություններից զերծ մնալն անհնար է: Նույն այդ երիտասարդ տղաները հայ աղջիկներին շատ անգամ սպառնում են բաժանումով՝ սեռական հարաբերություններ չունենալու դեպքում: Սակայն կան այնպիսիները, որոնք հասկանում եւ ընդունում են հայկական ավանդույթները, զարմանում եւ նույնիսկ սիրում են դրանք: Սակայն աղջիկներն էլ պակաս երկերեսանի չեն. եթե տղան այլազգի է, ապա աղջիկները շատ հեշտությամբ անցնում են բոլոր սահմանները՝ հանգիստ խղճով եւ ծնողներից գաղտնի: Երուսաղեմում, որտեղ ես ապրում եմ, հայ աղջիկներ այդքան չկան: Եթե կան էլ, ապա մեծամասամբ ավանդապաշտ, հայեցի դաստիարակությամբ աղջիկներ են: Ես ինքս սիրում եմ մեր ավանդույթները, բայց մի տեսակ այդ կարմիր խնձորից, նախքան ամուսնանալը հարաբերություններ չունենալուց ամաչում եմ, դա մի տեսակ այս դարի բան չէ: Ես տղա եմ, ինձ համար խնդիր չկա, բայց երեւի կհետեւեմ, որ իմ ապագա կինը կույս լինի եւ նրա հետ հարաբերությունների մեջ մտնեմ ամուսնությունից հետո: Չեմ թաքցնում, դա պատճառ չի կարող հանդիսանալ ընկերուհուցս հրաժարվելու: Գիտե՞ք ինչ եմ հասկացել, դրսում բնակվող հայուհիներն ավելի մաքուր են եւ բարոյական, քան հայաստանաբնակները. այստեղ ավելի ազատ են, ավելի անկաշկանդ: Այստեղ աղջկա հետ ծանոթանալիս ինձ միանգամից այդ հարցն է տանջում, տեսնես նա սեքս ունեցե՞լ է… մի քանի րոպե շփվելուց հետո կասկածներս փարատվում են: Այնպես որ, հայերը շատ այլ ազգերից էլ առաջ են ընկել, եւ շատ քչերին է հետաքրքրում կարմիր խնձորը»:

Բրազիլաբնակ 22-ամյա Վազգենը դրսի հայուհիների մասին այլ կարծիք ունի. «Դրսում ծնված հայուհին Հայաստանում ծնված մեծացածից շատ է տարբերվում: Այսօր 17-18 տարեկան հայ աղջիկները գիտե՞ք ինչեր են անում այնտեղ՝ ազատ, ցոփ կյանք են վարում: Դրսում ծնողին լսել չկա, հայ լինելու մասին հիշել չկա, շատ անգամ չեն էլ բացահայտում, որ իրենց ազգանունը վերջանում է «յան»-ով: Ես շատ ընկերներ ունեմ Բրազիլիայում: Իմ տարեկիցները տարօրինակ կերպով ավանդապաշտ են: Իսկ մեզանից հետո եկող սերունդը աննկարագրելի անդաստիարակ է: Մասնավորապես, երբ այստեղ ծնվում եւ գնում են դրսում ապրելու: Իսկ երբ մարդ փականքներից ազատվում է, որտեղ ոչ ոք իրեն չի դատապարտի, չի ասի` ման եկող ես, էս ես, էն ես, ազատությունը դառնում է գերող մի բան, որից հայերը զուրկ են՝ ըստ իրենց մտածելակերպի: Ազատ կյանքն իր բոլոր դրսեւորումներով դառնում է ապրելաձեւ, որն իր ճանկերի մեջ է առնում հայ երիտասարդներին՝ հեռացնելով հայկական արմատներից: Այս պարագայում հայուհին տղայի հետ համբուրվելիս էլ ինչպես կմտածի կուսությունը պահպանելու մասին: Բայց եթե անգամ ամուսնանալիս պահպանած են լինում կուսությունը, դա դեռ չի նշանակում, որ բարոյական են, այնպիսի բաներ են անում, որ մտածում ես՝  ավելի լավ կլինի ընկերուհիդ ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ունեցած լինի, քան…»:

22-ամյա բեյրութաբնակ Սերուժը մեզ հետ զրույցում պատմեց իր երազանքի մասին: Նա երազում է հարսանիքը անել Հայաստանում, պսակվել հայկական եկեղեցում՝  պահպանելով բոլոր ավանդույթները. «Բեյրութահայերի համար ամեն ինչ այլ է՝  բարոյականության առումով: Այնտեղ շատ խիստ է դրված հայ աղջկա մաքուր լինելու հարցը: Ամեն երկրորդ տղա նախքան աղջկա հետ շփվելը, մանրամասն հետաքրքրվում է նրա անցյալով, թե նա թեկուզ սովորական ընկերական հարաբերությունների մեջ չի՞ եղել պարսիկների հետ: Եթե մյուս երկրներում հայուհիներն իրենց կամքով են ազատ կյանքով ապրում, ապա Բեյրութում իրենց  կամքից անկախ կարող են դառնալ պարսիկների զոհը: Բեյրութում հայ աղջիկները համարվում են ամենասեքսուալ կանայք, այդ պատճառով ամեն հայ ընտանիքում շատ մեծ են սահմանափակումները, խիստ է դաստիարակությունը եւ մասնավորապես աղջկա կույս լինելու հարցը»:

Ֆրանսաբնակ 20-ամյա Միքայելի խոսքերով էլ. «Աղջկա անցյալին երբեք չեմ անդրադառնա: Եթե սիրեմ, չեմ նայի, թե նա ում հետ է հարաբերություններ ունեցել: Հայկական ավանդույթները դրսում կիրառելն ամենաանմիտ քայլն է յուրաքանչյուր հայի կողմից, որովհետեւ օտարը հաստատ չի կարող  պարել հայկական զուռնա-դհոլի տակ: Եվ  ոչ մի հայ կին իրեն թույլ չի տա հարսանիքի հաջորդ օրը ուսումնասիրել զույգերի անկողնու սպիտակեղենը, եւ հետո դրսում ոչ մի հարեւանի դա չի հետաքրքրի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել