Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՀՈՍՔ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ

Օգոստոս 12,2009 00:00

Ճգնաժամի հետեւանքով աշխատատեղերը կորցրած հայ միգրանտները չեն շտապում վերադառնալ հայրենիք

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց» հին հայկական ասացվածքի տրամաբանությամբ՝ տարեսկզբին շատերը կանխատեսում էին, որ ճգնաժամի հետեւանքով արտերկրի մեր հայրենակիցների զգալի մասի «հացը կկտրվի» եւ նրանք ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք: Ընդ որում, արտերկրում ապրող մեր հայրենակիցների վերադարձով գործազուրկների թիվն ավելանալուց բացի, նաեւ կանխատեսվում էր, որ կդադարեցվեն արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության՝ ապրիլին հրապարակած վերլուծություններով սպասվում էր, որ տարվա ընթացքում Հայաստանի գործազուրկների 75 հազարանոց բանակը կհամալրվի շուրջ 200 հազարով, որոնցից 150 հազարը կկազմեն արտերկրում իրենց աշխատանքը կորցրած երկարաժամկետ միգրանտները, իսկ 50 հազարն էլ՝ այս տարի Ռուսաստան չմեկնած «խոպանչիները»: Այս տարվա առաջին վեց ամիսներին միգրացիոն ներհոսքի աճի վերաբերյալ կանխատեսումները չիրականացան, իսկ սեզոնային աշխատանքի մեկնողների մասով էլ՝ դրանք իրականացան միայն կիսով չափ: ՀՀ սահմանային անցման կետերում տարվող ուղեւորների հաշվառման տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունից մեկնածների թիվը 29 հազարով գերազանցել է ժամանածների թվին, ինչը 25 հազարով կամ 45,5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով՝ «Եթե անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը 60 հազարով ավելի էր, քան ժամանողներինը, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է մինչեւ 35 հազարի: Դրանց հիմնական մասը կազմում են սեզոնային աշխատանքի մեկնողները, քանի որ մեկնողների թվաքանակի առավելագույն նվազումը գրանցվել է հենց փետրվար-մարտ ամիսներին՝ սեզոնային աշխատանքի համար «պիկ» շրջանում: Բացի այդ, հունիսին գրանցված միգրացիայի դրական սալդոն, որը կազմել է 5,3 հազար մարդ, եւս պակասել է նախորդ տարվա հունիսին գրանցված դրական սալդոյից 9,5 հազար մարդով»:
Միգրացիոն գործակալության պետն այսպես է բնութագրում առկա պատկերը. «ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը, կորցնելով համեմատաբար լավ աշխատանքը, այժմ փորձում են առավել ցածր վարձատրվող աշխատանք գտնել կամ էլ անել իրենց որակավորմանն անհամապատասխան գործ, միայն թե չհեռանան իրենց ներկա բնակության վայրից, քանի որ համարում են, որ այս ճգնաժամն անցողիկ երեւույթ է եւ մի որոշ ժամանակ անց իրենք կկարողանան վերադառնալ նախկին աշխատանքին, նախկին կենսամակարդակին»:

Այնուամենայնիվ, շատ փորձագետների կարծիքով, ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ եւ չի բացառվում դրա երկրորդ ալիքը՝ հատկապես Ռուսաստանում: «Առավոտի» այն հարցին, թե միգրանտների համար կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում եւ ի՞նչ նախապատրաստական ծրագրեր են մշակում, պարոն Եգանյանն ասաց, որ իրենք անընդհատ փորձում են ձեռքները զարկերակին պահել, սակայն նախապատրաստական ծրագրերի մասով անելիքները դեռեւս նախնական փուլում են: Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ Շիրակի եւ Արարատի մարզպետարաններում ստեղծվել են խորհրդատվական ծառայություններ, որոնք կարող են աջակցել Հայաստան վերադարձողներին՝ սկզբնական շրջանում աշխատաշուկայի կամ մանր գործարարության հետ կապված խնդիրներում: ՀՀ միգրացիոն գործակալության ղեկավարը նշեց նաեւ, որ իրենք ակտիվորեն համագործակցում են Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության հետ՝ փորձելով որոշակի ծրագրեր մշակել հիմնականում բարձր որակավորում ունեցող հայ երկարաժամկետ միգրանտների հետ, որոնք ներգրավվածություն ունեն ՌԴ հասարակական կյանքում:

Նշենք, որ տարեսկզբին պարոն Եգանյանն իր կանխատեսումներն անելիս նշեց, թե ճգնաժամի հետեւանքով արտերկրի մեր հայրենակիցները ստիպված կլինեն ընտրություն կատարել վատթարի՝ արտերկրում գործազուրկ եւ անօթեւան լինելու, եւ վատի՝ հայրենիքում գործազուրկ, բայց գոնե տանիք ունենալու միջեւ, ուստիեւ՝ կվերադառնան: Հաշվի առնելով ՀՀ միգրացիոն գործակալության հրապարակած տվյալները, կարելի է ենթադրել, որ մեր հայրենակիցների գերակշիռ մասը գերադասում է արտերկրում գործազուրկ ու անօթեւան լինել, քան վերադառնալ հայրենիք, որտեղ թեեւ կացարան ունեն, սակայն աշխատանք գտնելու հույս չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել