Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու ասուլիս

Օգոստոս 12,2009 00:00

Մեկը՝ «Հայացքում», մյուսը՝ ՀԺԿ-ում Թուրքիայի տեղը «նեղն» է

Չնայած ամառային անդորր է, սակայն վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման ինտենսիվությունը չի նվազել: Ու թեեւ կարգավորման գործընթացի տեմպը չի փոխվել, սակայն դա չի նշանակում, թե առաջիկայում, ավելի կոնկրետ՝ աշնանը, խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի լինի: «Tert.am»-ի մատուցմամբ, երեկ «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։ Նա նշել է, որ արցախյան խնդրի կարգավորումն այժմ տեղապտույտի մեջ է հայտնվել ու դրանից դուրս գալու առաջին քայլը «Մադրիդյան սկզբունքների» հրապարակումն էր այն նպատակով, որպեսզի հետագայում կողմերը չկարողանան հետ կանգնել արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից: Պատգամավորի դիտարկմամբ, կարգավորման գործընթացը տեղապտույտից դուրս բերելու հաջորդ քայլը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների փոփոխությունն է լինելու, իսկ նոր համանախագահները փորձելու են ավարտին հասցնել 2004թ.- ից սկսված «Պրահյան» գործընթացը, որի արդյունքում ձեւավորվել են «Մադրիդյան սկզբունքները»: Իսկ ՀՀ նախագահի Թուրքիա գնալ-չգնալու մասին ԱԺ պատգամավորն ասել է, թե Սերժ Սարգսյանը կընդունի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերն ու կմեկնի Թուրքիա՝ ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու եւ բացատրել, թե ինչու: Ըստ նրա, ԱՄՆ-ի Կոնգրեսում այժմ կրկին առաջ է քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, ինչը ճնշում է Թուրքիայի համար, ուստի՝ Թուրքիան կնախընտրի սահմանները բացել, քան՝ այն, որ ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը: Հենց այդ պատճառով պատգամավորը հայ-թուրքական հարաբերություններում նաեւ տեղաշարժ է կանխատեսել արդեն աշնանը:

Քինախնդրության զոհը

Իսկ ՀԺԿ գրասենյակում երեկ ասուլիս էին հրավիրել «Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: News.am-ի մատուցմամբ, վերջինս կարծիք է հայտնել, թե՝ տեղի ունեցած համաներման տեքստն իշխանություններն այնպես էին ձեւակերպել, որ հնարավորինս ավելի շատ մարդիկ շարունակեն մնալ բանտերում: Վ. Հարությունյանի դիտարկմամբ, այսօր բանտերում կան կոնկրետ քաղբանտարկյալներ, որոնց երկրի ամենաբարձրագույն իշխանությունը հատկապես բանտում պահելու խնդիր է ունեցել: Այդ մարդկանց թվում նա նշել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Սարգիս Հացպանյանի անունները: «Այս պարագայում անձնական քինախնդրությանը գումարվեց նաեւ չարության մղումը, որ կա մեր իշխանությունների մեջ՝ հնարավոինս շատ մարդ պահել բանտում: Այսօր բանտերում են գտնվում դեռեւս 21 քաղբանտրակյալներ»,- ընդգծել է իրավապաշտպանը՝ դրանց թվում, բացի Ս. Միքայելյանից ու Ս. Հացպանյանից առանձնացնելով եւս մեկին, ով նույնպես, նրա ասելով, քինախնդրության ու վրեժխնդրության «զոհի» վառ օրինակ է: Խոսքը 27-ամյա Ռոման Մնացականյանի մասին է, ով ընդդիմադիր ակտիվիստ չէ, այլ 2008թ-ին ընդամենը մասնակցել էր հետընտրական հանրահավաքներին եւ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Նա վաղուց պետք է համաներմամբ ազատ արձակված լիներ, եթե միայն չլիներ «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին պետի անձնական քինախնդրությունն ու ատելությունը երիտասարդի նկատմամբ: Ռ. Մնացականյանի վրա համաներումը չի տարածվել բացառապես այն պատճառով, որ նա իր ակտիվում տույժեր ունի. 5 տույժ՝ իր մոտ բջջային հեռախոս ունենալու համար, թեեւ նա տեղյակ է եղել ընդամենը մեկ տույժի մասին: Վ. Հարությունյանը նկատել է, որ բոլոր արգելված առարկաները ՔԿՀ-ներ են մտնում բացառապես այդ հիմնարկների աշխատակիցների միջոցով, իսկ հետո, երբ պատվեր է լինում, առանձին կալանավորների ենթարկում են տույժի: «Ցանկացած պահի բանտի ադմինիստրացիան կարող է հանել կալանավորի վրա եղած տույժերը»,- արձանագրել է իրավապաշտպանն ու հույս հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը դա տեղի կունենա, եւ Ռ. Մնացականյանն ազատ կարձակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել