Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«27»-Ն ԷԼ, «ՄԱՐՏԻ 1»-Ն ԷԼ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ

Օգոստոս 12,2009 00:00

Բայց միայն իշխանափոխությունից հետո

Նորանկախ Հայաստանի պատմության 19 տարիների ընթացքում երկու ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք մեր երկրի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, նաեւ շարքային քաղաքացիները որակել են որպես պետության հեղինակությանն ու միջազգային վարկին հասցված ծանրագույն վնաս: Խոսքը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության մասին է, որի արդյունքում սպանվեցին պետական գործիչներ, եւ 2008թ. մարտի 1-ին Երեւանում ծավալված դրամատիկ ու ողբերգական իրադարձություններն են, որի արդյունքում սպանվեց 10 մարդ, եղան նաեւ վիրավորներ:

Այս երկու իրադարձությունների ընդհանրությունը ոչ միայն մեր երիտասարդ պետության վարկին հասցված վնասն է, այլեւ այդ գործերի բացահայտված չլինելու փաստը: Իհարկե, իշխանություններն ու պատկան մարմինները կարող են պնդել, թե երկու դեպքում էլ՝ ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի, ե՛ւ «Մարտի 1»-ի, ամեն ինչ պարզ ու բացահայտված է. առաջին դեպքում կան ցմահ դատապարտված 5 ահաբեկիչներ, երկրորդ դեպքում դատապարտվել են առնվազն «զանգվածային անկարգություններ կազմակերպած» եւ դրանց մասնակցած, ոստիկաններին դիմադրած, խանութներ թալանած անձինք: Իրականում, սակայն, այս գործերը տակավին բացահայտված չեն, որովհետեւ բացահայտված չէ գլխավորը՝ ո՞վ կամ ովքե՞ր են կազմակերպել «27»-ն ու «Մարտի 1»-ը: Քաղաքական շրջանակներում եւ հասարակության ներսում այս առնչությամբ ճշմարտությանը մոտ դատողություններ արվում են, բայց դրանք դատավճռի չեն վերածվում: Հայաստանյան ընդդիմության դիտարկմամբ, ինչպես «27»-ը, այնպես էլ «Մարտի 1»-ը լիարժեքորեն կբացահայտվեն եւ սպանությունների կազմակերպիչներն ի հայտ կբերվեն ու կպատժվեն միայն մեկ դեպքում՝ երբ երկրում տեղի ունենա համակարգային փոփոխություն, երբ գործող իշխանությունները փոխվեն: Այս տեսակետի կրողն է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա հիշեցրեց բոլոր այն մեղադրանքները, որոնք մինչեւ «Մարտի 1»-ն ու դրանից հետո առաջադրվել էին ընդդիմադիր գործիչներին եւ համակիրներին՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելուց մինչեւ զանգվածային անկարգություն կազմակերպելն ու իշխանությունը բռնությամբ զավթելը, ու արձանագրեց, որ այդպիսի մեղադրանքներով մարդկանց դատապարտելու պարագայում էլ «Մարտի 1»-ի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլ նման հեռանկար էլ չկա, որովհետեւ, նրա ասելով, այդ օրը տեղի ունեցած որեւէ արարք մինչեւ հիմա էլ ճշգրիտ իրավաբանական որակման, իրավական գնահատականի չի արժանացել: «Ակնհայտ է, իսկ այսօր, կարծում եմ՝ որեւէ իշխանավոր չի կասկածում, որ «Մարտի 1»-ի առավոտյան ոստիկանությունը որեւէ իրավական լծակ չի օգտագործել, որեւէ իրավական լիազորություն չի ունեցել ինչպես «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ցրելու, քաղաքացիներին ծեծել-ջարդելու, նրանց նկատմամբ էլէկտրաշոկ ու արցունքաբեր գազ օգտագործելու համար, այնպես էլ չի ունեցել դրանից հետո Ֆրանսիայի դեսպանատան, քաղաքապետարանին հարող տարածքներում գործողություններ ծավալելու համար»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը: Նախկին դատախազը պնդեց իր կողմից ավելի վաղ արած հայտարարությունը՝ թե՛ մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում, թե՛ դրանից հետո Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ծավալված դեպքերը ՀՀ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանության փորձեր են եղել, իսկ այն գործողությունները, որոնք իրականացրել են ոստիկանությունը, ոստիկանության զորքերն ու բանակային ստորաբաժանումները, չեն տեղավորվում որեւէ, լինի դա Քրեադատավարության օրենսգիրք, թե այլ, օրենքի շրջանակներում: «Մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցածը որեւէ օրենքի շրջանակներում ո՛չ զննություն, ո՛չ տեղազննություն, ո՛չ խուզարկություն անվանել չի կարելի: Որեւէ օրենքով այդ գործողությունները օպերատիվ ծառայությունների, ներքին զորքերի մասնակցությամբ չեն կատարվում: Դրանք քննչական գործողություններ են, որոնք պետք է կատարեին քննիչները: Եթե հրապարակում 100-ից ավելի վրաններ կային, որոնք պետք է խուզարկվեին, ուրեմն՝ պետք է լիներ առնվազն 200 ընթերակա: Սաշիկ Աֆյանի ասած՝ հանրահավաքի մասնակիցները չէին կարող լինել ընթերակա, որովհետեւ ընթերական գործի ելքով չշահագրգռված անձ պիտի լիներ»,- ասաց նախկին դատախազը: Այսինքն, մարտի 1-ի առավոտյան ժ. 6:20-ին քննիչներն իրենց հետ պետք է հրապարակ բերած լինեին ոչ թե մի քանի հարյուր հատուկ միջոցներով զինված ոստիկաններ, այլ՝ 200 եւ այդ պրոցեսից անտեղյակ մարդ՝ ընթերակա: «Եթե այնտեղ 100 վրան էր, գոնե 100 քննիչ պետք է լիներ, որ զննություն կատարեին միաժամանակ, որովհետեւ չէին կարող մի վրանում զննություն անելուց հետո անցնել մյուս վրանին, քանի որ այդ դեպքում այն առարկաները, որոնք նրանք, իբր, փնտրելու էին՝ զենք-զինամթերք եւ այլն, հնարավոր էր մի վրանից մեկ այլ վրան տեղափոխել: Այսինքն, մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում կատարվածը ամենեւին էլ դատավարական գործողություն չէր, որովհետեւ չկար դրա սուբյեկտը, հանցագործության փաստը, չկային այն պայմանները, որոնց պարագայում այդ գործողությունները պիտի կատարվեին»,- եզրակացրեց պարոն Ջհանգիրյանը:

Նրա համոզմամբ, «Մարտի 1»-ի առավոտյան ոստիկանության գործողությունները իրավական տեսանկյունից անգամ հանրահավաքը հարկադիր դադարեցնելուն ուղղված չեն եղել: «Հարկադիր դադարեցման ինստիտուտը այնտեղ չէր կարող գործել, որովհետեւ հանրահավաքը հարկադիր դադարեցնելու համար այն պիտի ռեալ վտանգ սպառնար հասարակության հանգստության, անդորրի, քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Այդ հանրահավաքը, ինչպես ցույց էր տվել նախորդ 10 օրը, որեւէ մեկի կյանքին, գույքին, նույնիսկ որեւէ մեկի պատվին ու արժանապատվությանը չէր վնասել»,- պնդեց Գ. Ջհանգիրյանը: Եթե անգամ նման վտանգ կար էլ, ապա մեր զրուցակցի ասելով, ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պիտի դիմեր հանրահավաքի կազմակերպիչներին՝ նրանց հստակ տեղյակ պահեր, թե ոնց են դադարեցնելու հանրահավաքը, որքան ժամանակ են տալիս դա անելու համար: Նման կոչ, նման բանակցություններ չեն եղել: «Չի եղել հանրահավաքը հարկադիր դադարեցման հիմքը, չեն ապահովվել նաեւ դրա կարգն ու իրականացման պայմանները»,- ասաց Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով, թե՝ նույնիսկ Նիկոյանն է պարզել, որ «Ազատության» հրապարակում տեղի ունեցածը չի տեղավորվում ո՛չ քրեադատավարության օրենսգրքի որեւէ քննչական գործողության, ո՛չ էլ «Ժողովների, ցույցերի, հանրահավաքների մասին» օրենսդրության շրջանակներում: «Դա ուղղակի ժողովրդին՝ նախագահական ընտրության արդյունքները վիճարկող եւ կեղծիքի դեմ մեծ ընդվզում առաջացնող հասարակական զանգվածին, ջարդելու, նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու զինվորառազմական առաջադրանք էր, եւ այն իրականացվեց»,- ասաց Գ. Ջհանգիրյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե իշխանությունների համար մարտի 1-ի կեսօրի եւ երեկոյան դեպքերը անսպասելի են եղել, որովհետեւ նրանք մտածել են, թե առավոտյան իրականացրած առաջին ջարդից հետո ժողովուրդը կցրվի, չի հավաքվի, ինչպես որ եղել է 2004թ. ապրիլյան դեպքերի ժամանակ: «Իհարկե, նրանց համար անսպասելի էր, որ ժողովուրդը կրկին հավաքվեց եւ շարունակեց ընդվզել այս անգամ նաեւ առավոտյան բռնությունների դեմ: Դրա համար իշխանությունները էլի չսպասեցին եւ բողոքի նոր ալիքը դարձյալ ապօրինաբար զսպելու, դադարեցնելու քայլեր ձեռնարկեցին՝ այս անգամ արդեն իրենց գործողություններում ներգրավելով ռազմական տեխնիկա, պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ: Իշխանությունները մարտի 1-ին փորձել են դժգոհ ընտրազանգվածի հարցը վերջնականորեն լուծել ջարդելու, կոտրելու, սպանելու միջոցով, եւ լուծել են այնքանով, ինչքանով կարողացել են: Այսինքն, չեն լուծել»,- եզրակացրեց Գ. Ջհանգիրյանը: Վերջինս երեկ անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալների գործերով ՄԻԵԴ-ին դիմած հայցերին: Դրանց մասին կարդացեք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել