Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ

Օգոստոս 12,2009 00:00

«Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն ինն ամիս գտնվում է բանտում: ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի օրենքը անհասկանալի պատճառներով առայսօր չի տարածվել Ս. Հացպանյանի վրա: Այն, որ նա մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում (Մարտակերտի պաշտպանական շրջան), Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված նամակում, որի տակ ստորագրել են ԼՂՀ ԱԺ 11 պատգամավորներ, մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ: Նամակն ուշագրավ է նրանով, որ այն ստորագրել են ԼՂՀ ներկայիս խորհրդարանի 11 պատգամավորներ: Այսինքն՝ պատգամավորների 1/3-ը, ինչը նշանակում է, որ սույն փաստաթուղթը հավասարազոր է ԼՂՀ ԱԺ որոշմանը: «Ծննդով Արեւմտյան Հայաստանից՝ նրա հայր Գեւորգ Հացպանյանը հայ ինքնության պաշտպանությանն առնչվող հարցերի պատճառով 11 տարի անցկացրել է Թուրքիայի բանտերում: Ֆրանսիայի քաղաքացի 84-ամյա Գեւորգ Ծերունի Հացպանյանը տառապում է երիկամների քաղցկեղով եւ այժմ գտնվում է մահամերձ վիճակում: Խնդրում ենք նաեւ մարդասիրական տեսանկյունից մոտենալ հարցին՝ ներում շնորհել հայոց հողի կանչով ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու մեր մեծ Հայրենիքին նվիրված հայորդուն, մտավորականին՝ Սարգիս Հացպանյանին եւ հնարավորություն տալ գոնե վերջին անգամ տեսնելու իր հորն ու ստանալու նրա հայրական օրհնությունը: Այս պահին նժարի վրա է դրված ոչ միայն մարդու կյանքը, այլեւ մարդկայինի ու բարոյականի հանդեպ հավատը: Բոլորիս՝ նրա, մեր, սերունդների հավատը: Ու այդ հավատը անխաթար պահելու համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել