Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ

Օգոստոս 12,2009 00:00

Դավիթ Հակոբյանը՝ ԼՂՀ հարցի եւ Հանրային խորհրդի մասին

«Մարքսիստ ջան, ե՞րբ եք նստելու շահի թախտին»,- Տավուշի մարզում մարքսիստ Դավիթ Հակոբյանին հարցրել է մի տարեց ուսուցչուհի: «Շատ թթու գործ եք ինձ առաջարկում»,- համեստորեն պատասխանել է մարքսիստը: «Ախր, շատ դուզ յախա ես, մի քիչ էլ խաբի, որ էս գլխամեռները ճամփեդ փակեն ոչ»,- հավելել է կինը: Այս եւ տավուշյան հասարակական շրջանակների հետ վերջին մեկ ամսվա շփումներից Հայաստանի մարքսիստը եկել է այն եզրակացության, որ գյուղը հոգեւարքի մեջ է եւ կործանման եզրին: Նա Ազատիչին խորհուրդ է տալիս՝ «Շախմատային էյֆորիաներից իջնել, շախմատային բանթիկներ կտրելուն վերջ տալ ու իջնել Տավուշի մարզ, որը բացարձակապես զուրկ է կոմունիկացիաներից եւ քայքայման այն աստիճանին է կանգնած, որը միայն հիշեցնում է այդ վայրի անցած-գնացած, մոխրացած քաղաքակրթության մասին: Մարդիկ փախչում են գյուղերից: Յայլաներում նույնիսկ անասուններ չկան, սարերում սարվորներ չկան… Այս մասին թող Ազատիչը լավ փիքր անի: Եթե կորցնում ենք գյուղը, կորցնում ենք հայ հասարակության ազգային շերտը: Ես հասկացա, որ տանուլ է տրված նաեւ ագրարային դոկտրինան»: Այս համատեքստում վերլուծելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ծաղկաձորյան հայտնի հայտարարությունը՝ Դավիթ Հակոբյանն ասում է. «Մեթյու Բրայզայի ավազակային հայտարարությունը՝ հայկական երրորդ հանրապետության դիվանագիտական վախճանն էր, նրա քաղաքական մտքի ռեքվիեմը: Բրայզայի հայտարարությունը հայկական գաղտնի դիվանագիտության գաղտնազերծումն էր, ինչը ես որակել եմ պետական դավաճանություն եւ պետական հանցագործություն: Այսօր արեւմուտքը պարտադրում է մեզ մադրիդյան սկզբունքները, իսկ հայ դիվանագիտությունը անգամ չի ներկայացնում հայ ժողովրդի առաջին մարքսիստ՝ Ստեփան Շահումյանի անունը կրող Ստեփանակերտի սկզբունքները: Այն սկզբունքները, որոնցով միջազգային հանրությունից պահանջելու ենք մեր նկատմամբ կրկնակի ստանդարտների չկիրառում: Ռազմական կոնֆլիկտների փուլից հետո պարտադրվող քաղաքական կոնֆլիկտներ չեն լինում պատմության մեջ: Այսօր եկել  է մի պահ, որ Ստեփանակերտը Հայաստանի իշխանություններին եւ անձամբ նախագահին դնի իր քաղաքական ուլտիմատումը՝ զրկի նրան իր անունից բանակցելու իրավունքից, ոչ միայն քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունները տանուլ տալու համար, այլ հրով ու սրով, արյամբ նվաճածը տանուլ տալու համար: Արցախը պարտավոր է, հայաստանյան ընդդիմության հետ կոալիցիայի մեջ մտնելով՝ պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի եթե արցախյան հարցի դիվանագիտությունը շարունակում է Հայաստանը, այլ ոչ թե փոխանցում է Արցախին, ունենա նոր դիվանագիտական սուբյեկտ՝ հանձին ՀՀ նախագահի: Կամ էլ՝ Արցախն է մտնում որպես բանակցող կողմ»:

Այս պարագայում մեր զրուցակցի համար տարօրինակ են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի «երկդիմի» հայտարարությունները. «Մեկ ասում է, որ ԼՂՀ հարցը առնվազն 20 տարի կսառեցվի այս վիճակով, մեկ էլ թե՝ Ազատիչը ոչինչ հենց այնպես չի տա: Նման հայտարարություններն ապացույցն են նրա, որ այդ կառույցն անպտուղ է, պատեհապաշտական եւ լակեյական: Ո՞վ է թույլ տվել նախագահին կից այդ ապօրինի կառույցին՝ իրեն անվանել «Հանրային պալատ»: Այդ կառույցը ձեւավորվել է վերեւից՝ նախագահի անմիջական նշանակման ճանապարհով, ոչ թե ներքեւից՝ հասարակության կողմից. ասենք, sms-հաղորդագրությունների միջոցով՝ ըստ այդ կառույցի անդամների հեղինակային-ռեյտինգային սանդղակի: Իշխանությունը գողացաք՝ հասկացանք: Բայց դա ի՞նչ անբարոյականություն է «հասարակություն» բառն անգամ գողանալ ու սոսնձել այդ կառույցի ճակատին, որպես պիտակ, երբ հասարակությունն այդ կառույցի ձեւավորմանն ու ընտրություններին անտեղյակ ու անմասնակից է»: Մարքսիստի պատկերացումներով, այդ կառույցն իրականում «նախագահի քաղաքական լակեյների ոհմակ, շքախումբ է՝ ոչինչ ավելին»: Ըստ նրա, եթե նպատակ կար կառույցը դարձնել հասարակական կարծիքի ձեւավորման ամբիոն, հասարակությունը կայունացնող ու միաբանող, ապա այդտեղ պետք է ներկայացված լինեին հասարակության երկու իրարամերժ հատվածների ներկայացուցիչները, որպեսզի նախագահին մատուցվող գաղափարներն էլ ծնվեին պայքարի քուրայում, այլ ոչ թե կառույցը դառնար նախագահի քաղաքական պատվերների կատարողը, «նրա քաղաքական աղախինը»: Ավելին՝ «Կառույցում ընդգրկված են անցած-գնացած իշխանությունների քաղաքական թափոնները՝ չինովնիկական ռեւանշիզմի նկրտումներով»,- կարծում է մարքսիստը: Այս ամենից հետո, մարքսիստին դուր չի գալիս նաեւ, որ Հանրային խորհուրդը հավակնում է արտահաստիքային պառլամենտ դառնալուն: Նրան «ամբարտավան» է թվում հատկապես խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կեցվածքը, ով վերջին հեռուստաելույթներից մեկում խոսելով այդ հարցի շուրջ, ասել է՝ «Ես ասել եմ Աբրահամյան Հովիկին, որ մենք պետք է ԱԺ-ում ներկայացուցիչներ ունենանք»: «Դա ի՞նչ ամբարտավան արտահայտություն է ԱԺ նախագահի նկատմամբ. առանց «պարոն, ընկեր…», ո՞վ է թույլ տվել նման արտահայտություններ անել: Հասարակական պալատը պետք է հայ հասարակության նստավայրը լիներ քաղաքական օլիմպոսում, ոչ թե քաղաքական թափոնների պալատ»,- ըմբոստանում է մեր զրուցակիցը: Իր քննադատություններում մարքսիստը անձնական ենթատեքստ չի դնում. «Այդ կառույցում կան բավականին վաստակաշատ գիտնականներ, հասարակության կողմից սիրված մարդիկ, բայց յուրաքանչյուրն իր մասնագիտության որջում. խոսքը քաղաքական անվստահության մասին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել