Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի»՝
աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար՝ 5-րդ խաղարկությունը, որին մասնակցում են հողագնդի ուժեղագույն գրոսմայստերներից 14-ը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) եւ Եվգենի Ալեքսեեւի (Ռուսաստան) հետ: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:
Էռնեստո Ինարկիեւ (ՌԴ)- Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 0:1,
Իվան Չեպարինով (Բուլղարիա)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)՝ 1:0,
Գատա Կամսկի (ԱՄՆ)-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)՝ 1/2,
Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)-Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)՝ 1/2,
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1/2:
Երեկ կայացած երկրորդ տուրում զույգեր կազմել էին Լեկոն եւ Էլյանովը, Կարյակինը եւ Գելֆանդը, Բակրոն եւ Կասիմջանովը, Յակովենկոն եւ Կամսկին, Հակոբյանը եւ Չեպարինովը, Արոնյանը եւ Ալեքսեեւը, Ինարկիեւը եւ Իվանչուկը:
Շախմատասերները, անշուշտ, տեղյակ են, որ Սերգեյ Կարյակինն արդեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Սակայն նա առայժմ հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո, քանի որ, ինչպես ինքն է լրատվամիջոցներին հայտարարել, ազգային ֆեդերացիայի գրանցումը փոխելու համար մի որոշ ժամանակ է պահանջվելու: