Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական վահանակներ՝ նաեւ Սեւանում

Օգոստոս 11,2009 00:00

ԱՄԱՓ մշակութային հ/կ-ի ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հերթական նախաձեռնությունը

«Մեր ինքնության կարեւոր մաս կազմող պատմամշակութային այսպիսի վայրերը միայն քաղցր ու սիրուն խոսքերով չէ, որ պետք է պահպանենք, այլ աշխատելով ու քրտինք թափելով»,- օրերս Սեւանում հայտնեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2008 թ. ամռանից մեկնարկած «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագրի շրջանակում հայ միջնադարյան նշանավոր ճարտարապետական համալիրներից մեկում՝ Սեւանի վանքի տարածքում, տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ: ԱՄԱՓ մշակութային հ/կ-ի ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ հուշարձանների մեկնաբանման եւ ներկայացման այսպիսի նախաձեռնությունը նպատակ ունի այցելուների համար ապահովել արդյունավետ հաղորդակցություն: 2009-ի ընթացքում Սեւանավանքը 7-րդ վայրն է, որ ճանաչելի դարձավ այցելուների ու զբոսաշրջիկների համար:

Միջոցառումն իր օրհնությամբ սկսեց Սեւանավանքի Վազգենյան դպրանոցի տեսուչ հայր Գեւորգ աբեղա Սարոյանը: Վերջինս, շնորհակալություն հայտնելով ծրագրի ղեկավարներին ու հովանավորներին, նշեց. «Մեր պատմությունից քիչ բան է կանգուն մնացել, անցյալից հիմնականում պահպանվել են եկեղեցիներն ու վանքերը, եւ այսօր մեր սրբազան պարտքն է խնամքով եւ հոգատարությամբ վերաբերվել դրանց: Մեր հայրերի հետեւողությամբ կրկնում եմ՝ երանի եկեղեցի շինողաց»: Վանահայրը հավաքվածներին հիշեցրեց միջնադարից եկած մի ավանդույթի մասին, ըստ որի՝ եթե մեկը 3 անգամ գա Սեւանավանք, այն հավասարազոր կլինի մեկ անգամ Երուսաղեմ ուխտի գնալուն: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի համանախագահներ Ջոն Հյուզն ու Ռիկ Նայը, Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գագիկ Գյուրջյանը եւ այլք:

Սեւանավանքը, որ հայտնի է նաեւ Մարիամաշեն անունով, հիմնադրվել է Սեւանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի): Պեղումների արդյունքում պարզվել է, որ այդ վայրը բնակեցված է եղել դեռեւս նոր քարի եւ բրոնզի դարերում: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո ամենուր կառուցվեցին եկեղեցիներ ու վանքեր: Սեւանավանքի առաջին երկու եկեղեցիները՝ Սբ. Հարությունը եւ Սբ. Կարապետը, հիմնել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրը բաղկացած է Սբ. Առաքելոց եւ Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթի ավերակներից, մասնակի վերակառուցված վանական խցերից, Սբ. Հարություն եկեղեցու հիմքերից: Բազմաթիվ ավերածություններից ու երկրաշարժից տուժած վանական համալիրն այսօր ունի ճեմարան, որտեղ 4 տարի սովորելուց հետո շրջանավարտներն իրենց ուսումը հնարավորություն ունեն շարունակելու Գեւորգյան ճեմարանում: 80 ուսանողներից մի մասը օտարերկրացիներ են՝ Բելգիայից, Իրաքից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Էջմիածինցի 20-ամյա Էդվարդը մեզ հետ զրույցում նշեց. «Շատերը սխալ պատկերացում ունեն ճեմարանի մասին, բայց երբ գալիս են այստեղ՝ պատկերացումները միանգամից փոխվում են»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռ. Յիրիկյանի խոսքերով՝ «Այն, ինչ անում ենք, բնավ բարեգործություն չէ: Առաջին հերթին մենք պատասխանատվություն ենք զգում, որովհետեւ աշխատում ենք մեր երկրի տնտեսության մեջ, որովհետեւ հայ ենք, եթե մի քիչ հեռուն նայենք, այս ամենը օժանդակում է մեր հայ լինելուն, մեր հայ ինքնությանն ու զարգացմանը»:

Երեւանից ժամանած 45-ամյա Ռուզաննան, կարեւորելով նմանատիպ գաղափարները, նշեց. «Սեւանավանքի մասին գրեթե ոչինչ չգիտեի, այժմ վահանակների միջոցով ինքնուրույն կարող եմ ծանոթանալ վանքի ամեն մի քարին ու պատմությանը: Երբ Ամբերդի ամրոցի համալիր էի գնացել, զարմացա՝ ոչ մի ցուցանակ չկար, կույր-կույր գնում ես, որ տեղ հասնես: Գիտեմ, որ արդեն այդտեղ էլ ցուցանակներ կան փակցված»: Թեհրանից ժամանած զբոսաշրջիկ Բելլան էլ ասաց. «Մենք լավ ժամանակ կանցկացնենք այստեղ, իսկ Իրանում պարել չկա, փակ է ամեն ինչ: Եղել ենք նաեւ Գեղարդում, իսկ Սեւանի եկեղեցու մասին գիտեմ, որ շատ հին է՝ ասում են 1000 տարվա պատմություն ունի»: Միջոցառման վերջում շարականներով հանդես եկան Սեւանավանքի Վազգենյան դպրանոցի երգչախմբի սաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել