«Geopromining»-ը հակաճգնաժամային ծրագիր է իրականացնում, ըստ որի՝ նախատեսվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացնել, որի շնորհիվ կոմբինատի արտադրանքի ինքնարժեքի կրճատում կլինի, իսկ արտադրանքի մրցունակությունն էլ կբարձրանա: Այս մասին «Առավոտին» տեղեկացնում են կոմբինատի լրատվական ծառայությունից: Չնայած կոմբինատը դեռ չի ստացել ՀՀ կառավարության 14 մլն դոլար վարկը, բայց, ինչպես կոմբինատից վստահեցնում են, այս վարկն ուղղվելու է կոմբինատի վերակառուցմանը, նոր սարքավորումներ ձեռք բերելուն. հանքի տեխնիկայի՝ էքսկավատորների, բեռնատարների, ինքնաթափների նորացմանը. «Օրինակ, պետք է գնենք նոր տեխնիկա, որպեսզի հումքն արդեն ոչ թե նախկին ծավալով հանենք, այլ անհամեմատ ավելին: Նոր մեքենաներ ենք գնելու, եթե այսօր «բելազները» մոտ 20 տոննա հումք են տանում, ապա նոր մեքենաները 80-120 տոննա հումք կտանեն: Նման միջոցառումները թույլ կտան արտադրանքի ինքնարժեքը կրճատել: Բացի այս ամենը, մենք նախատեսում ենք դասընթացներ կազմակերպել աշխատակիցների համար, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվեն աշխատանքները»: Կոմբինատի լրատվական ծառայությունից մեզ վստահեցրին, որ հակաճգնաժամային ծրագիրը մշակելու եւ իրականացնելու համար մասնագետներ են հրավիրվել Ռուսաստանից:
Հակաճգնաժամային ծրագիրը նախատեսված է առաջիկա 3 տարիների համար: Կոմբինատից «Առավոտին» վստահեցրին, որ այս պահին աշխատում են մոտ 920 աշխատակիցներ: Արդեն մարվել են մայիս-հունիս ամիսների աշխատավարձերը, իսկ օգոստոսից հերթականությամբ ամեն ամսվա աշխատավարձերը նորմալ կվճարվեն. «Աշխատավարձերը վճարվում են բացառապես կոմբինատի բյուջեի հաշվին»:
Նշենք, որ «Geopromining»-ը տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցրել էր աշխատանքները՝ 2009 թվականի հունվարից, ինչի հետեւանքով 400-ից ավելի աշխատողներ գտնվում էին հարկադիր պարապուրդում: Ներկայումս նրանք բոլորը ետ են կանչվել աշխատանքի, իսկ գործարանն այս պահին արդյունահանում է ամսական 240 հազար տոննա հանքաքար, որն ամբողջությամբ վերամշակվում է ֆաբրիկայում: