Հանրապետության մի շարք մարզերում ուժեղ քամին ու կարկուտը ցանքատարածքներ է վնասել, ծառեր է տապալել,
ճանապարհներ ու կամուրջներ քանդել:
Անցած շաբաթ-կիրակի օրերին Հայաստանի մի շարք մարզերում ուժեղ քամիներ են եղել, եւ, ինչպես գյուղացիներն են ասում, ընկույզի մեծությամբ կարկուտ է տեղացել, որը հսկայական վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:
Լոռու մարզի Ահնիձոր գյուղի գյուղապետ Մերուժան Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գյուղում ծանր վիճակ է, գյուղացիներից շատերն այլեւս, կարելի է ասել, տարերային աղետի պատճառով անտուն են մնացել. «Ահավոր վիճակ է: Գյուղացին ինչ ցանել էր, դա արդեն չկա: Շատերն իրենց գլխին այլեւս տանիք չունեն»: Նշենք, որ այս համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ուստի ամբողջ ամառը նախատեսում են անասունների համար խոտ հավաքել։ Իսկ անձրեւների հետեւանքով անգամ այդ խոտը չեն կարողանամ հնձել, քանի որ ամբողջը ջրի մեջ է եւ արդեն անպիտան: Գյուղապետի խոսքերով՝ «50 հեկտար խոտ ունեինք, հիմա դրա փոխարեն սեւ գետին է»: Չնայած դրան, գյուղապետը հավաստիացնում է, որ չի հուսահատվում եւ հավատում է, որ կառավարությունն իրենց օգնության ձեռք մեկնելու է: Լոռու մարզի Ծաթեր համանքի գյուղապետ Բագրատ Ղալայանի խոսքերով էլ, քամու, կարկուտի եւ հորդառատ անձրեւի պատճառով հիմնականում վնասվել է գյուղ մտնող ճանապարհը, որի հետեւանքով ոչ մի մարդատար մեքենա չի կարողանում գյուղ մտնել կամ այնտեղից դուրս գալ: Բ. Ղալայանի խոսքերով՝ «Ոչնչացել է նաեւ 20 հեկտար ցորենի արտ, 10 հեկտար կարտոֆիլ: Անձրեւի պատճառով հողն ամեն ինչ քշել տարել է արտերից: Մի քիչ էլ խոտ ունեինք, սակայն դա այլեւս չենք կարողանա հնձել»: Ըստ գյուղապետի, կարկուտը համայնքի որոշ տների տանիքներ է վնասել, ծակել, ինչի հետեւանքով անձրեւաջրերը տներն են լցվում. «Բայց հիմնականում հին տներն են վնասվել: Շատերի պատուհաններն են կոտրվել»:
Նույն մարզի Աթան գյուղի գյուղապետ Շալիկո Պարանյանի փոխանցմամբ էլ, մարդիկ յոլա էին գնում տնամերձում աճեցրած բանջարեղենով, սակայն աղետի հետեւանքով այս պահին ամբողջ բերքը վնասվել է, կարկուտը նույնիսկ ավտոմեքենաներ է վնասել:
Մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասաց, թե բնության նախորդ հարվածից դեռ ուշքի չեկած, գյուղացիներին բնությունը նոր «անակնկալ» մատուցեց: Մարզպետի խոսքերով՝ «Մարզի որոշ գյուղերում ուղղակի խայտառակ իրավիճակ է՝ կարկուտի հետեւանքով բնակելի տների տանիքներն են ծակվել կամ պոկվել ամբողջությամբ, հսկայական ցանքատարածություններ են հավասարվել հողին, ճանապարհներ ու կամուրջներ են քանդվել: Անընդհատ տեղացող հորդառատ անձրեւների հետեւանքով հողում գերխոնավացում է առաջացել, որի հետեւանքով խոտը, կարտոֆիլն ու տնամերձ հողամասերում աճող բանջերեղենը փտել են»: Մարզպետն էլ ասաց, որ հեկտարներով հնձած խոտն արդեն բանի պետք չէ, իսկ նոր աճեցրածն էլ հնձելու պիտանի չէ: Լոռու մարզպետը հայտնեց նաեւ, որ բազմաթիվ պտղատու ծառեր են վնասվել, հիմնականում խնձորենիներ եւ տանձենիներ: Մեր այն հարցին, թե մարզպետը չի՞ պատրաստվում դիմել կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, պարոն Քոչարյանը պատասախանեց. «Իհարկե, դիմելու ենք, վնասների չափերը պարզելուց հետո կտեսնենք»:
Ուժեղ քամուց եւ կարկուտից տուժել են նաեւ Տավուշի եւ Արագածոտնի մարզերը: Արագածոտնի մարզի Միրաք գյուղում քամուց նույնիսկ հաստաբուն ծառեր են տապալվել գետնին, իսկ էլեկտրական հենասյուներն էլ շուռ են եկել, ինչի պատճառով համայնքը հոսանքազրկված է:
Շաբաթ-կիրակի օրերին Տավուշի մարզում տեղացած խոշոր՝ մոտ 3 սմ տրամագծով, կարկուտի եւ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Սեւքար գյուղական համայնքի ցանքատարածքները: Ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են նաեւ մարզի մի շարք այլ գյուղերի մշակաբույսերը:
Վնասներ են կրել նաեւ Շիրակի մարզի համայնքները: Այստեղ էլ հիմնականում վնասվել են ցանքատարածքներն ու տնամերձ հողատարածքները:
Թե ընդհանուր առմամբ որքան է վնասի չափը, փորձեցինք պարզել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղից էլ մեզ հայտնեցին՝ «Հաշվարկները դեռ պատրաստ չեն»:
Իսկ Արագածոտնի մարզում վնասներն արդեն հաշվարկել են: Այս մարզում ընդհանուր առմամբ վնասի ծավալը կազմում է շուրջ 10,5 միլիոն դրամ: Ըստ Միրաք գյուղի գյուղապետի, 33 տան տանիք է վնասվել, կոտրվել են ապակիներ, անգամ որոշ տներում անձրեւաջրերն ու կարկուտը լցվել են տները, ինչի հետեւանքով տան գույքն էլ է վնասվել: Այս համայնքի վնասված տների բնակիչները մնացել են անօթեւան: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի ջոկատներ մեկնել են Միրաք գյուղ եւ անօթեւանների համար 5 վրան տեղադրել:
Նշենք, որ հորդառատ անձրեւների եւ կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու համար մարզերում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրություններից հետո կառավարությանը վերջնական տվյալներ կտրամադրեն: