Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ԿՄՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՇՐՋԱՆԱԿ-ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ»

Օգոստոս 11,2009 00:00

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ

– Վերջին շրջանում նաեւ պաշտոնական Երեւանն է խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ստացվում է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների իրավահաջորդները հայտարարում են, որ իրենց նախորդները Լեռնային Ղարաբաղին սխալ են վերաբերվել: Որքանո՞վ եք ընդունում այս եզրահանգումը:

– Չեմ կիսում նման եզրահանգումը, քանի որ իրականում ոչինչ էլ չի փոխվել։ Հայաստանի եւ նախորդ, եւ ներկայիս իշխանությունները նույն քաղաքականությունն են վարում այս հարցում։ «Դատապարտվածի» շարունակական քաղաքականություն էլ վարել են ու վարում են Արցախի հինունոր իշխանությունները։

Պարադոքսն այն է, որ ոչ ոք կարծես թե դեմ չէ ղարաբաղյան կողմի մասնակցությանը, բայց մենք, այդուամենայնիվ, չենք մասնակցում։ Այս պարադոքսը կոչված է քողարկելու իրերի իրական դրությունը։ Իրականում ոչ մի հակասություն էլ չկա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քանիցս հավաստել են, որ մեր մասնակցությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո։ Ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին պարբերաբար պնդող ԼՂՀ իշխանությունները պարզապես պիտի ազնվորեն հստակեցնեն իրենց դիրքորոշումն այս հարցում՝ նրանց համար ընդունելի՞ է միայն այդ փուլից բանակցային գործընթացին մասնակցելը, թե՞ նրանք, ղարաբաղյան կողմի մասնակցության մասին խոսելիս, նկատի ունեին բանակցային գործընթացն ամբողջությամբ։ Այլ կերպ՝ մերոնք համաձայնելո՞ւ են մտնել համաձայնեցված շրջանակ-ճաղավանդակի մեջ, թե՞ ոչ։ Այսօր այս հարցը պիտի պարզել։

– Կա տեսակետ, թե Ղարաբաղը կրկին բանակցությունների կողմ դարձնելու մասին Հայաստանի հայտարարությունը փորձ է խուսափել պարտադրվող լուծումներից: Ձեր կարծիքով, ի՞նչ հիմք ունեն այս հայտարարությունները:

– Վատ չէր լինի, եթե այդպես լիներ, բայց, կարծում եմ, մենք ցանկալին իրականության տեղ ենք ընդունում։ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների պահվածքը նահանջի ճանապարհ չի թողել։ ՀՀ իշխանությունները վերջին տասնամյակում հաջողությամբ ի չիք են դարձրել ղարաբաղյան գործոնն ընդհանրապես, այնպես որ, Ձեր ասած քայլը միայն թերահավատ ժպիտներ կառաջացնի։ ԼՂՀ իշխանություններն էլ համազգային միասնության քողի տակ ստեղծել են միաբեւեռ ու միատանիք հասարակություն, այնպես որ, ներքին ճնշման տարբերակը եւս նույնպիսի ժպիտների տեղիք կտա։ Այսուհանդերձ, հակված եմ կարծելու, որ դեռեւս ուշ չէ իրավիճակը փոխելու համար։ Թեեւ փոխելու առանձնակի ցանկություն էլ չեմ տեսնում։

– Արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը փոխվելու են: Դա սովորական ռոտացիա՞ է, թե՞ այս պահին բանակցությունների վրա ազդելու քայլ:

– Անկեղծորեն ասած՝ դժվարանում եմ հարցին պատասխանել, քանի որ նշյալ կառույցի «խոհանոցին» ու ներքին տրամաբանությանը քաջածանոթ չեմ։ Առաջին հայացքից դա այնքան էլ սկզբունքային չի թվում։

– Պաշտոնապես ասվում է, թե մադրիդյան սկզբունքները համալրվել են, եւ արդեն խոսում են կրակովյան սկզբունքների մասին: Ձեր տեղեկություններով՝ դրանք էականորե՞ն են տարբերվում միմյանցից: Ի դեպ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, համեմատելով ԼՂՀ հարցի լուծմանը վերաբերող բոլոր տարբերակները, հայտարարել էր, որ մադրիդյան սկզբունքները նախընտրելի են Հայաստանի համար:

– Չեմ կարծում, թե փոփոխությունները սկզբունքային լինեն, քանի որ ելակետն էն գլխից սխալ էր, եւ նման ելակետի պայմաններում որակապես նոր ու դրական որեւէ բան դժվար է ակնկալել։ Հենց այս տեսանկյունից էլ կուզենայի մեկնաբանել պարոն Օսկանյանի ասածը։ Մասամբ համաձայն եմ նրա հետ, քանի որ ժողովրդի կամավոր կամարտահայտության, այլ կերպ՝ ինքնորոշման իրավունքն այս կամ այն ձեւով հստակեցված ու ամրագրված չէր նախորդ առաջարկություններում։ Բայց այս «նախընտրելի» տարբերակը եւս ընդունելի չի կարող լինել նույն այդ պատճառով՝ էն գլխից սխալ ելակետի պատճառով։ Կարգավորման բոլոր տարբերակներում էլ հիմնականը տարածքների վերադարձն է, մինչդեռ տարածքներն ընդամենը հետեւանք են, մեզ պարտադրված պատերազմի հետեւանք։ Հիմնախնդիրը կար, երբ տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ էին։ Հիմնախնդիրը կար, երբ փախստականներ դեռ չկային։ Այսինքն՝ ելակետը պիտի լիներ հիմնախնդրի, այն է՝ կարգավիճակի լուծումը, որից հետո կարելի կլիներ քննարկել մյուս բոլոր հարցերը։ Այսինքն՝ պատճառն ու հետեւանքները սխալ հերթականությամբ են դրվել բանակցային սեղանին։ Միայն ԼՂՀ ճանաչումից հետո կարող է խոսք լինել մյուս բոլոր հարցերի մասին, այդ թվում՝ տարածքների մասին, կամ, ավելի ճիշտ, ինչպես Մասիս Մայիլյանն է ասում՝ պետական սահմանազատման գործընթացի մասին։

– Չնայած Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարեց, որ իր երկիրը շահագրգիռ է ԼՂՀ հարցի շուտափույթ կարգավորմամբ, բայց իրենք դեմ են Կովկասում պատերազմական գործողությունների ծավալմանը: Նման հայտարարությունները կարո՞ղ են երաշխիք հանդիսանալ ղարաբաղաբնակների խաղաղության համար:

– Նման հայտարարությունները միայն մտահոգության տեղիք կարող են տալ։ Հատկապես շուտափույթ կարգավորման մասին հավաստիացումները։ Այն հանգամանքը, որ նման հայտարարություններն արվում են այլուր, այս կամ այն հանդիպման կամ պայմանագրերի ստորագրման ժամանակ, վկայում է, որ այնտեղ միանգամայն այլ դրդապատճառներ են, քան հակամարտության կարգավորման մեջ իրական շահագրգռվածությունը։ Սրանք վտանգավոր են այնքանով, որ արվում են առանց մեզ ու անգամ առանց մեր իմացության՝ հընթացս, տեղում որոշելով, իրենց հարցերը լուծելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել