Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԻՆ

Օգոստոս 11,2009 00:00

Նրանք այցելեցին քաղկալանավոր Աշոտ Մանուկյանի ընտանիքին

Անցած շաբաթ օրը, օգոստոսի 8-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում էին, Վանաձորում: Այստեղ է ապրում ՀՀՇ վարչության անդամ, 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանն ու նրա ընտանիքը: Ինչպես ինքը՝ ՀՀ առաջին նախագահն էր ասել նախօրեին, Կոնգրեսի ներկայացուցիչների այցը նախ Կոտայքի, ապա նաեւ Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզեր խորհրդանշական բնույթ ունեն. դրանք զորակցության դրսեւորում են իրենց ազատազրկված ընկերների ընտանիքների հանդեպ: Առաջին նախագահը վերջին անգամ Վանաձոր էր այցելել 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: Առաջին կանգառն այս քաղաքում, իհարկե, քաղկալանավոր Ա. Մանուկյանի բնակարանն էր: Տանտերերը քաղկալանավորի տիկնոջ՝ Անահիտ Մանուկյանի, գլխավորությամբ ջերմորեն դիմավորեցին Կոնգրեսի առաջնորդին եւ ՀԱԿ ներկայացուցիչներին: Արդեն սեղանի շուրջ ծավալված զրույցի ժամանակ տիկին Մանուկյանն ասաց, թե ինքը հպարտանում է ոչ միայն իր ամուսնով, այլեւ նրա ընկերներով, որոնք պատրաստ են կռիվ տալ հանուն իրենց գաղափարների: «Ձեր գործը բարի լինի, ազատություն, անկախություն ու արժանապատվություն բերի»,- սա Ա. Մանուկյանի կնոջ բարեմաղթանքն էր կոնգրեսականներին:

Իսկ ՀՀ առաջին նախագահը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը շատ մոտ ապագայում, էլի պահի թելադրանքով, հարկադրված է լինելու ազատ արձակել մնացած քաղբանտարկյալներին եւս: Լ. Տեր-Պետրոսյանը Վանաձորում էլ կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունների կողմից հայտարարված համաներման ակտը միայն հարկադրանքի արդյունք էր: «Նրանցից ոչ մի մեծահոգություն չսպասեք: Քաղբանտարկյալները միայն քաղաքական իրադրության փոփոխությամբ են դուրս գալու: Էլի իրադրություն է փոխվելու եւ շատ շուտ»,- ասաց ՀՀ առաջին նախագահն ու հավաստիացրեց, թե դեռեւս անազատության մեջ գտնվող քաղկալանավորները չեն հասցնի «սպառել» իրենց համար սահմանված պատժաչափի ամբողջ ժամկետը: «Սերժ Սարգսյանը ստիպված էր 30 հոգուն բաց թողնել, եւ այդպիսի պահ էլի է գալու, ու հակադրված է լինելու բաց թողնել նաեւ մյուս 22-ին»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Քաղկալանավոր Ա. Մանուկյանի ընկերներից մեկն էլ հավաստիացրեց, թե «Վանաձորում կա այն տրամադրությունը, որը կբերի քաղբանտարկյալների ազատման»:

Ա. Մանուկյանի տնից դուրս գալուց հետո կոնգրեսականներն այցելեցին ՀՀՇ գրասենյակ: Վանաձորցիները, այդ թվում՝ նաեւ լրագրողներ, ՀՀ առաջին նախագահին տեսնելով անմիջապես նրան շրջապատեցին: Տեր-Պետրոսյանին ուղղված հարցերը թեեւ բազմաբնույթ, բայց հիմնականում սոցիալական բնույթի էին: Վանաձորցիներից մեկը, որն արդեն տարիներ շարունակ սպասում է բնակարանի, հայտարարեց, թե քաղաքում, ամբողջ Հայաստանում «բեսպրեդել» է, թե մեր լավագույն տեսակը այսօր նստած է բանտում, հետո խոսելով իր խնդրի մասին, ասաց, որ եթե քաղաքապետն իրեն բնակարանով չապահովի ինքը կդիմի ծայրահեղ քայլերի: Մի կին էլ հիշեց անցյալ տարվա հետընտրական հանրահավաքները. «9 օր Ազատության հրապարակում նստած ենք եղել կրակի կողքին եւ էլի պատրաստ ենք նստելու: Մեր միակ խնդրանքն է՝ չթուլացնեք պայքարը: Սարով կգանք, չոլով կգանք, բայց չդադարեցնեք պայքարը»:

Հավաքվածներից մեկի, թերեւս, լրագրողի դիտարկմանը, թե՝ հանրահավաքների օրերին ճանապարհները փակում են, որ մարդիկ Երեւան չհասնեն, ՀՀ առաջին նախագահն այսպես արձագանքեց. «Ինչքան կարող են թո՛ղ շատ փակեն: Դա ցույց է տալիս իրենց թուլությունը, իրենց այլանդակությունը, որն ամեն օր ապացուցում են մեր ժողովրդին: Դրանից ավելի լավ նվեր մեզ չեն կարող անել: Թո՛ղ մեր ժողովուրդը տեսնի, թե ինչ իշխանությունների հետ գործ ունի, թո՛ղ տեսնի, որ այս իշխանությունները վախենում են իրենց ժողովրդից, վախենում են, որովհետեւ գող, ավազակ իշխանություններ են: Գողն է վախենում, ավազակն է վախենում, սրիկան է վախենում: Ազնիվ մարդը վախենալու պատճառ չունի: Վախենում են (իշխանությունները- Ն.Մ.) հանրահավաքներից, ասում են Կոնգրեսի ակտիվությունը մարում է, հանրահավաքները նվազում են: Եթե նվազում են, էլ ինչի՞ եք փակում ճանապարհները, էլ ինչի՞ եք վախենում: Բաց թողեք, թող բոլորը տեսնեն, որ իսկապես նվազում է: Ստի, կեղծիքի, հիմարության վրա կառուցված պետությունը ո՞ւր կարող է հասնել: Սա երկար չի տեւելու, որովհետեւ իշխանությունը, որը որեւէ հենարան չունի ժողովրդի մեջ եւ միակ հենարանը ոստիկաններն ու զինվորականներն են, օլիգարխ կոչված խարդախներն են, երկար չի տեւելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել