Շուրջ 120 երկրի մայրեր կողմ են կրծքով սնուցմանը
Օգոստոսի 1-7-ը կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կոչ արեց կրկնապատկել ջանքերը խթանելու կյանքի առաջին վեց ամսում նորածինների՝ բացառապես կրծքով սնուցումը: «Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը բացառիկ հնարավորություն է մեզ՝ կրծքով սնուցման ջատագովների համար, մեր ձայնը բարձրացնելու՝ հօգուտ բացառապես կրծքով սնուցման եւ խրախուսելու մայրերին, որ շարունակեն կրծքով կերակրել իրենց երեխաներին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բացառապես կրծքով չկերակրվող նորածնի համար 25 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ նա կմահանա փորլուծությունից եւ 4 անգամ ավելի մեծ՝ թոքաբորբից, քան կրծքով սնուցված երեխայի համար: Բացառապես վեց ամսով կրծքով սնուցումը ամենաարդյունավետ միջոցներից մեկն է մանկական մահացությունը նվազեցնելու եւ երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու համար: Ըստ բժիշկների, արհեստական սնուցումը, որի նպատակով օգտագործվում են արդյունաբերական ճանապարհով ստացվող մանկական կաթնախառնուրդներ եւ շշեր, խրախուսվում է կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների կողմից՝ պարզապես շահույթ ստանալու նպատակով: Արհեստական ճանապարհով ստացվող մանկական կաթնախառնուրդները երբեք չեն կարող համեմատվել կրծքի կաթի հետ, եթե նույնիսկ վերջիններս պատրաստված են ամենաբարդ եւ գիտականորեն հիմնավորված մեթոդներով: Վերջիններս չեն պարունակում հակավարակային գործոններ: Հարկ է նշել նաեւ այն, որ կրծքով սնուցումը պաշտպանում է կնոջ առողջությունը, քանի որ նվազում է սակավարյունության, կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղի, ծերունական հասակում ոսկրերի հիվանդության եւ մի շարք այլ հիվանդությունների վտանգը: Ըստ բժիշկների, կրծքի կաթը նման է նաեւ դեղորայքի: Կրծքով սնուցումը նվազեցնում է նաեւ շաքարային դիաբետի զարգացման վտանգը: Բացառապես կրծքով սնուցումը կասեցնում է ալերգիաների, օրինակ՝ ասթմայի եւ էկզեմայի զարգացումը: Իսկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրված երեխաներն ավելի լավ մտավոր զարգացում են ունենում:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը առաջընթաց է ունեցել կրծքով սնուցման գործում՝ բարձրացնելով այս ցուցանիշը 0.7 %-ից (1993թ.) մինչեւ 45 % (2000թ.), վերջին 10 տարիների ընթացքում առնվազն մինչեւ 4 ամիս բացառապես կրծքի կաթով կերակրվող երեխաների ցուցանիշը նվազել է 45%-ից մինչեւ 33%: Վեց լիարժեք ամիս բացառապես կրծքով կերակրվող երեխաների ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, բացի բացառապես կրծքով սնուցման կարեւորության վերաբերյալ մայրերի եւ ընտանիքների շրջանում ցածր իրազեկվածությունից, ինչը պետք է խրախուսվի առողջապահական համակարգի հետ յուրաքանչյուր շփման դեպքում, կրծքի կաթի փոխարինիչների վաճառքը եւ տարածումը կարգավորող անհրաժեշտ օրենսդրության բացակայությունը զգալիորեն նպաստում է խնդրին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստեղծել աջակցող միջավայր, որտեղ մայրերը ընտանիքի, համայնքի եւ կառավարության աջակցությամբ կկարողանան հաջողությամբ երեխաներին կերակրել բացառապես կրծքի կաթով:
«Չնայած Հայաստանը միացել է Կրծքի կաթի փոխարինիչների վաճառքի վերահսկման միջազգային կոդեքսին, որն ընդունվել է Համաշխարհային առողջապահության ասամբլեայի կողմից 1981թ.՝ կրծքով սնուցումը պաշտպանելու եւ խթանելու համար, ոչ մի ազգային օրենսդրություն, որը կապահովեր կոդեքսի իրականացման անհրաժեշտ վերահսկումը, դեռեւս չի ընդունվել»,- հավաստիացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, ավելացնելով, որ եթե առեւտրային ընկերությունները շարունակեն զբաղվել ոչ էթիկական վաճառքով եւ գովազդեն կրծքի կաթի փոխարինիչներ, սա կարող է վտանգի ենթարկել այս ոլորտում արդեն ձեռք բերված հաջողությունները: Նշենք նաեւ, որ կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը առաջին անգամ տոնվել է 1992թ. եւ այժմ նշվում է 120 երկրում: