Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւի նոր ժամացույց- աստղադիտարան

Օգոստոս 07,2009 00:00

Կարծում է այն հայտնաբերած գիտնական Գեւորգ Գեւորգյանը

Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Գեւորգ Գեւորգյանի՝ Առինջի հյուսիսային մասում վերջերս հայտնաբերած կառույցը, նրա համոզմամբ, արեւի ժամացույց- աստղադիտարան է, որը նա պայմանականորեն անվանել է Արհունջ: Այն զբաղեցնում է շուրջ մեկ հեկտար տարածք՝ մեգալիտների եւ փոքր քարերի ոչ պատահական դասավորությամբ: Հետազոտողի խոսքով, Օղակաձեւ այդ հարթությունը շուրջ 23,5 աստիճանով թեքված է հորիզոնի հարթության ուղղությամբ: Արեւելյան մասի կանգնած քարերը հնարավորություն կտան տարվա գիշերահավասարներին եւ արեւադարձներին դիտել արեւածագը նշանառու քարից արեւելյան կողմի քարերի փոքր-ինչ մշակված անկյունների վրա: Իր հայտնաբերած կառույցում էլ Գ. Գեւորգյանն այս հունիսին ընկերների հետ դիմավորել է արեւածագը: «Այն քարը, որի վրա ենթադրում էի արեւածագը պիտի լինի, արեւադարձի օրը հենց այդ մասից դուրս եկավ նորալուսինը եւ Sիրուսի ծագումը»,- ասում է մեր զրուցակիցը: Գ. Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կառույցի քարերի որոշակի դասավորվածության չափումները հետագայում հնարավոր կդարձնեն որոշել կառույցի տարիքը: Նա կարեւորեց նաեւ հնէաբանության բնագավառում կիրառվող ռադիոածխածնային վերլուծության C 14 մեթոդը եւ այդ ոլորտի լավագույն մասնագետների աջակցությունը:

Կառույցի մի մասն ունի ծիսական արարողության նշանակություն, մյուս մասը հարմար է դիտարկումների համար: Այս կառույցը նմանություններ ունի քարե աստղադիտարան Քարահունջի հետ, սակայն, նրա կարծիքով, Արհունջը Քարահունջից ավելի հին է ու կարող է պատմական հեղաշրջում լինել:

«Դա աստղագիտության պատմության մեջ կարեւոր նշանակություն կարող է ունենալ եւ համաշխարհային աստղագիտության ոլորտում այն դեռեւս հանելուկ է ու կարող է դառնալ բացառիկ միջազգային արժեք»,- համոզված է Գեւորգ Գեւորգյանը: Նրա համոզմամբ, հետազոտությունների վերջնական բացահայտումը կփաստի Արհունջի ծագումնաբանական ընդհանրությունները Քարահունջի եւ Լոնդոնում գտնվող Ստոունհենջի միջեւ: Իր հայտնագործությունը Արհունջ անվանելու մասին հեղինակը ասաց, որ, իր կարծիքով, Առինջը հնագույն ժամանակներում ունեցել է Արհունջ անունը, իսկ հետագայում՝ հնչյունափոխության ենթարկվել, բայց իմաստական փոփոխություններ չի կրել: Արհունջ բառն էլ ունի արեւի ճանապարհ իմաստը:

Իր հայտնագործության մասին նա տեղեկացրել է աստղադիտարանի տնօրենին ու ստացել նրա՝ այդ տարածքում պեղումներ կատարելու խոստումը, ինչն էլ մինչ օրս հետաձգվում է: Աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանի խոսքով էլ, առաջիկայում, ըստ պայմանավորվածության, կսկսեն ուսումնասիրություններ, առայժմ՝ ըստ Գեւորգյանի արած լուսանկարների, հետազոտության աղբյուրը հետաքրքրություն է առաջացրել ու գուցե հետագա ուսումնասիրությունները հաստատեն դրա կարեւորագույն արժեքը, առայժմ ինչ-որ մեկնաբանություն տալը հիմնավոր չէ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ «Առավոտին» ասաց, որ գիտական հետազոտությունները շատ են ու դրանց մասին իրեն պարզապես տեղեկացնել է պետք. «Օդում հետազոտություններ անելը բավական չէ, անհրաժեշտ է դրանք լուրջ հիմքի վրա դնել, իսկ աջակցության համար էլ ներկայացնել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել