«Հայկական խճանկար». այսպես է անվանել Հայաստանում եւ արտերկրում ճանաչված դաշնակահարուհի Կամիլա Երկանյան-Քեշիշյանը վերջերս թողարկած իր զույգ CD-ները։ Ձայնագրությունն արված է երեւանյան VEM ստուդիայում, իսկ թողարկվել՝ Բեյրութի «Studio Skyine CD»-ի կողմից։
«Կամիլան բացառիկ երաժշտականությամբ օժտված նուրբ եւ խորը մեկնաբան-կատարող է։ Նա հմայում է կատարման վառ կերպարայնությամբ եւ զգացմունքային անկեղծությամբ»,- մի առիթով գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Տիգրանովան։ Դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արամ Քաթանյանն էլ ժամանակին վկայել է, որ դաշնակահարուհու կատարումը ծայրաստիճան ինքնատիպ է, օժտված բացառիկ տաղանդով, ունկնդրին հուզելու վարպետությամբ։
Իր եռանդուն կատարողական գործունեությամբ Կ. Երկանյան-Քեշիշյանը օրըստօրե ոչ միայն հաստատում է վերոհիշյալ գնահատանքները, այլեւ նորանոր ստեղծագործական նվաճումներ արձանագրում։ Դաշնակահարուհին վերջերս հանդես է եկել Լիբանանում, Կիպրոսում, Հունաստանում, Եգիպտոսում՝ իր ամուսին, հայտնի խմբավար եւ սրնգահար Զաքար Քեշիշյանի հետ։
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է այս անգամ Կամիլան նախընտրել իր նորընծա զույգ CD-ները նվիրել միայն հայկական երաժշտությանը, դաշնակահարուհին պատասխանեց. «Հայկական դաշնամուրային երաժշտության ողջ շտեմարանը սրբություն է ինձ համար։ Կան գանձեր, որոնք հավերժորեն կարող են դասվել ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային երաժշտության բարձրագույն արժեքների շարքում։ CD-ներիցս մեկում տեղ են գտել Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ս. Բարխուդարյանի, Է. Բաղդասարյանի, Ա. Բաբաջանյանի եւ մյուս երեւելիների ստեղծագործությունները։ Երկրորդ CD-ում մտահղացել եմ յուրովի արձան կերտել հայկական զմայելի պարեղանակներին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր CD-ում տեղ է գտել 34 պար՝ հայ մեծ վարպետների մշակմամբ կամ էլ անմիջական հեղինակությամբ…։ Ուրախ եմ, որ այսպիսով, մանավանդ՝ վերջին ժամանակներում սակավ հնչող այդ գանձերը ի մի բերված մի ամբողջական խճանկարի մեջ՝ հաճելի պահեր կնվիրեն երաժշտասերներին»։